
Իլհամ Ալիև. Լոգիստիկ նախագծերի հաշվին մենք նորից միավորում ենք թյուրքական աշխարհը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ լոգիստիկ նախագծերի հաշվին նորից միավորվում է թյուրքական աշխարհի աշխարհագրությունը։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ, որն ընթանում է Ստամբուլում, հայտնում է APA գործակալությունը։
Ըստ Ալիևի՝ 20-րդ դարի 20-ական թվականներին խորհրդային իշխանությունների որոշմամբ, իբր, Ադրբեջանը մասնատվել է, իսկ «նրա տարածքի մի մասը փոխանցվել է Հայաստանին» (խմբ. նկատի ունի Զանգեզուրը)։
«Այդպիսով, թյուրքական աշխարհը մասնատվել է և այսօր մենք, լոգիստիկ նախագծերի հաշվին, կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը»,- նշել է Ալիևը։
Վերջինիս պնդմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը տարածաշրջանային առումով նշանակում է հաղորդակցությունների և լոգիստիկայի զարգացում, իսկ այդ տեսանկյունից կարևոր է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի բացումը»։ «Դա (խմբ. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը») շատ մեծ հնավարություններ է բացում ողջ տարածաշրջանի համար։ Այդ միջանցքը ունի լավ պոտենցիալ, այն միավորում է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապում է Եվրոպային։ Դա շատ կարևոր նախագիծ է»,- հայտարարել է Ալիևը։
Վերջինս Հայաստանին դարձյալ սպառնացել է՝ կոչ անելով «հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից»։ «Հայաստանը վաղ թե ուշ կհասկանա, որ որևէ երկրին տարածքային պահանջները օգուտ և պատիվ չեն բերում։ Հույս ունեմ, որ Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից, իսկ եթե ոչ, ապա էլ ավելի կվատացնի իր վիճակը»,- ասել է Ալիևը։
Չնայած Ադրբեջանի նախագահի, իբր, խաղաղասիրական հայտարարություններին, այդ երկրի զինված ուժերը շարունակում են մայիս ամսվանից ապօրինաբար գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ հանելու իր զորքերը ՀՀ տարածքից, Ադրբեջանը շարունակում է չկատարել այդ պահանջը։ Ալիևը նաև սպառնում է ուժային տարբերակով լուծել, այսպես կոչվածշ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, որն Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապելու է Նախիջևանի հետ։
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանել