HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քարոզարշավներին, փակ միջոցառումներին մասնակցում են, բայց մարզխորհրդի նիստեր հրավիրելուց «վախենում» են COVID-ից

Տևական ժամանակ է՝ մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր չեն հրավիրվում՝ Covid-19-ի կանխարգելման պատճառաբանությամբ: Հայաստանում վարակի հայտնաբերումից մինչ օրս իրականացվել են զանգվածային բազմաթիվ միջոցառումներ, հանրահավաքներ՝ այդ թվում իշխանությունների կողմից, կազմակերպվել են Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրություններ ու հաշվի չեն առնվել վարակի տարածքումը, սակայն, երբ հարցը վերաբերում է հրապարակային աշխատանքին՝ մարզպետարաններում հիշում են վարակի մասին:

Շուտով կլրանա երկրորդ տարին, ինչ Արմավիրի մարզպետարանը մարզխորհրդի նիստեր չի հրավիրում և չի անցկացնում: Վերջին անգամ նիստ հրավիրվել է 2020թ. հունվարի 30-ին: Նիստեր չհրավիրելը մարզպետարանը պատճառաբանում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի առկայությամբ: 

Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մարզխորհրդի նիստ հրավիրելու և անցկացնելու գործընթացը կասեցրել են՝ հիմք ընդունելով Կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման պահանջները:

Նշենք, որ այդ որոշմամբ սահմանվում է կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները: Այդ կետերից շատերը ամիսներ շարունակ փաստացի չեն կիրառվում, սակայն Արմավիրի մարզպետարանը որոշել է «տարբերվել»:

Մասնավորապես, որոշմամբ սահմանվում է, որ անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, թույլատրվում են:

Գաղտնիք չէ, որ մասսայական միջոցառումները, հարսանիքներն ու կնունքները, որտեղ հավաքվում է մի քանի հարյուր մարդ, անարգելք իրականացվում են: Փակ տարածքներում կառավարության անդամները մեծ խմբերով հավաքվում են, ընտրություններ անցկացվում են, որտեղ մարդկանց հետ անմիջական շփումներ են լինում, սակայն, չգիտես ինչու, Արմավիրի և մյուս մարզպետարանում որոշել են, որ կառավարմանը վերաբերող հարցերը պետք է երկրորդային դառնան:

Այս օրերին պահանջ է դրվել նաև աշխատողների առջև՝ պատվաստվել Covid-19-ի դեմ կամ գործատուին ներկայացնել բացասական արդյունքով թեստ: Այս տարբերակից մարզպետարանը ևս օգտվել կամ հարց չի բարձրացրել կառավարության առջև: 

Բացի այդ, երբևէ մարզխորհրդի նիստերը լեփ-լեցուն չեն եղել, հետևաբար իրարից որոշակի հեռավորության վրա դահլիճում նստելով ևս հնարավոր էր իրականացնել նիստերը: Սակայն, այս հարցում ևս մարզպետարանում գույները խտացնում են:

Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ Դավիթ Դավթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարության որոշմամբ ամրագրված սահմանափակումների դեպքում իրենք չունեն պայմաններ 1-1,5 մետր հեռու նստեցնելու համար, քանի որ մարզում 97 համայնքի ղեկավար կա:

«Ուղղակի որոշվել է, որ չպետք է նիստ հրավիրենք, որ խնդիրներ չունենանք: Եթե մի բան լինի, պիտի ասեն՝ որտեղ ա եղել այդ հավաքը, ինչու եք հավաքվել, եթե պայմաններ չկա: Հիմա մենք քաղաքացիների հետ շփվում ենք էլեկտրոնային հարթակով: Դիմողների 50-60%-ը էլեկտրոնային նամակներով են մեզ հետ շփվում»,- ասում է Դավիթ Դավթյանը:

Քարտուղարության պետն ասում է, որ ընթացիկ հարցերը համայնքապետերի հետ քննարկում են հեռախոսակապով, իսկ մարզին վերաբերող ընդհանուր հարցերի վերաբերյալ շրջաբերականներ են ուղարկվում էլեկտրոնային փոստով:

Այնպես չէ, որ այս ընթացքում մարզպետները փակ քննարկումների, հավաքների չեն մասնակցել: Օրինակ՝ հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այլ մարզպետներ և պաշտոնյաներ մասնակցել են «Նոր իրողությունների պարագայում ռուս–հայկական համագործակցության հեռանկարներ» hայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ դահլիճային համաժողովին և այլն:

Տեղեկացնենք, որ 2020թ. ապրիլի 30-ի թիվ 647-Ն որոշմամբ սահմանվել է, որ  մարզպետը, ի պաշտոնե մարզի խորհրդի նախագահն է: Մարզպետը հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստերը՝ առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

Վիճակը՝ այլ մարզերում

Ուսումնասիրեցինք նաև այլ մարզերում տիրող վիճակը՝ մարզպետարանների պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվության հիման վրա: Մարզպետարաններից նույն պատճառաբանությունն է հնչում. վարակի տարածման կանխարգելումը:

Վայոց Ձորի մարզում, այս տարվա ընթացքում, մարզխորհրդի 4 նիստ է հրավիրվել, որից վերջինը՝ հոկտեմբերի 6-ին: Փոխարենը 2019-2020թթ-ի նիստերի վերաբերյալ տեղեկատվություն չկա: 2 նիստ այս տարի հրավիրել է նաև Արարատի մարզպետարանը:

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում այս տարի հրավիրված մարզխորհրդի նիստերի վերաբերյալ տեղեկություններ չկան: Երկու նիստ հրավիրվել է 2020թ.-ին:

2020-2021թթ. նիստերի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ Արագածոտնի մարզպետարանի կայքէջում: Իսկ Լոռու մարզպետարանի կայքէջի «Մարզխորհրդի նիստեր» բաժնում 2019թ.-ից սկսած մարզխորհրդի նիստերի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Տավուշի մարզում մեկ նիստ հրավիրվել է 2021թ-ին, 2-ը՝ 2020թ-ին:

Սյունիքի մարզպետարանի կայքէջում մարզխորհրդի նիստերի վերաբերյալ տեղեկություններ չկան դեռևս 2018թ-ի փետրվարից: Իսկ Շիրակի մարզպետարանի կայքէջում ընդհանրապես տեղեկություններ առկա չեն:

Գեղարքունիքի մարզպետարանում այս տարի հրավիրվել է մեկ նիստ, երկու նիստ էլ հրավիրվել է 2020թ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter