HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Իջեւանի թեժ գարունը

Մայիսի 29-ին Իջեւանում պետք է կայանան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ: Նշեմ, որ 2009 թ. հոկտեմբերին համայնքի ավագանու 13 անդամներից 8-ը, չընդունելով Վարուժան Ներսիսյանի աշխատաոճը, անվստահություն հայտնեց նրան:

Դրանից հետո քաղաքապետը ավագանու նիստերին անհարգելի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրեց իրեն անվստահություն հայտնած ավագանու մի շարք անդամների լիազորությունները: Վերջիններս քաղաքապետի որոշումը բողոքարկեցին դատարան, սակայն հաջողության չհասան: Դրա հետեւանքով այլեւս չապահովվեց ավագանու նիստի քվորում: Իջեւանում ավագանու վերջին նիստը կայացել է 2009 թ. դեկտեմբերի 21-ին:

Ինչեւիցե, 2011 թ. մայիսի 29-ին պետք է ընտրվի Իջեւանի ավագանու 15 անդամ: Արդեն ավարտվել է թեկնածուների առաջադրումը եւ գրանցումը: Մայիսի 16-ին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում գրանցվել է ավագանու 27 թեկնածու: Թեկնածուներից երկուսը ունեին նույն անուն-ազգանունը' Վազգեն Մարգարյան:

Վազգեն Վոլոդյայի Մարգարյանը Իջեւանի առողջության պահպանման առաջնային կենտրոնի բժիշկ է, անկուսակցական: Նա հայտնի է քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործունեության մասին քննադատական վերաբերմունքով:

Վազգեն Սանդրոյի Մարգարյանը նախկին ազատամարտիկ է, անկուսակցական: Նա նախկինում մի մոզու գողության համար դատապարտվել է:

Թիվ 41 ԸԸՀ նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ մայիսի 16-ին Վազգեն Սանդրոյի Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին նա հայտնել է, թե Ռուսաստան է մեկնում:

Գրանցված բոլոր թեկնածուները ինքնառաջադրվել են: Նրանց գերակշիռ մասն անկուսակցական է: Ավագանու թեկնածուներից 5-ը ՀՀԿ, երկուսը' ՀՅԴ, մեկական թեկնածու ԲՀԿ եւ ՕԵԿ անդամ է:

Թեկնածուների կազմը դիտարկելիս պայմանականորեն կարելի է առանձնացնել 3 խումբ: Առաջինը Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին անվստահություն հայտնած ավագանու նախկին անդամներն են: Անվստահություն հայտնած 8 անձանցից այժմ ավագանու անդամ է գրանցվել 6-ը:

Երկրորդը քաղաքապետին աջակցող խումբն է, որի մեջ քաղաքապետ Վ. Ներսիսյանի եղբայրն է' «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հրաչյա Ներսիսյանը, քաղաքապետի ազգական, Իջեւան համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Կարեն Ներսիսյանը (ի դեպ, նա տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության փաստացի ղեկավարն է), քաղաքապետի քարտուղարուհու քույր, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանը, «Սեւան» գյուղական մարզական ընկերության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Գարիկ Սուքոյանը (ում դուստրը Իջեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժինն է ղեկավարում), Իջեւանի քաղաքաշինական կոմունալ ծառայության հիմնարկի տնօրեն Սամվել Չիբուխչյանը եւ այլք:

Երրորդ խումբը չեզոք կամ առայժմ չեզոք թեկնածուներ են: Ավագանի ընտրվելուց հետո սկզբունքային հարցերի քվեարկության ժամանակ ի հայտ կգա նրանց դիրքորոշումը: Ի դեպ, Հրաչյա Ներսիսյանը եւ Նարինե Գրիգորյանը ավագանու նախկին անդամներ են եւ ավագանու նիստերում անվերապահ պաշտպանել են Վարուժան Ներսիսյանին: Ավագանու երկու թեկնածուներ' Կարեն Ներսիսյանը եւ Սամվել Չիբուխյանը, քաղաքապետարանի եւ դրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկության աշխատողներ են եւ միաժամանակ չեն կարող ավագանու անդամ լինել:

Մայիսի 17-ին Իջեւանի «Պրոգրես» ՀԿ-ն Իջեւանի երիտասարդական միջոցառումների կենտրոնում ավագանու դերի մասին քննարկում էր կազմակերպել: Օգտվելով առիթից' Սամվել Չիբուխչյանին հարց ուղղեցինք' ընտրվելուց հետո ո՞ր աշխատանքը կնախընտրի' կամունալ ծառայության հիմնարկի ղեկավարի՞, թե՞ ավագանու անդամի: Նա դիվանագիտական պատասխան տվեց. «Որ ընտրվեմ, կմտածեմ»:

Արդեն իսկ Իջեւանում ամբողջ թափով գործի են դրվել վարչական լծակներ եւ ռեսուրսներ: Օրեր առաջ, երբ դեռ չէր սկսվել թեկնածուների առաջադրումը, Իջեւանի ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանը իր մոտ է կանչել ենթականերին ու հրահանգել, որ առաջիկա ընտրություններում ներկայացնեն իր քրոջը' Իջեւանի վարժարանի տնօրենի պաշտոնակատար Հասմիկ Ամիրյանին ընտրողների ցուցակներ: Ռազմական ոստիկանության մի երիտասարդ աշխատակից ներկայացրել է 5 հոգանուց ցուցակ: Ռազմական ոստիկանության պետը սկսել է գոռալ երիտասարդի վրա, որ նման «լղարիկ» ցուցակ է ներկայացրել:

Դրանից հետո Իջեւանի ռազմական ոստիկանություն է ժամանել երիտասարդի հայրը, ով գործարար է, Հայաստանի ավանդական կուսակցություններից մեկի անդամ: Նա խիստ նախատել է Սուրիկ Ամիրյանին, նույնիսկ որդուն հորդորել աշխատանքից ազատվելու դիմում գրել: Սուրիկ Ամիրյանը մի կերպ զսպել է երիտասարդի զայրացած հորը: ՀՀԿ անդամ, Իջեւանի վարժարանի տնօրենի պաշտոնակատար Հասմիկ Ամիրյանը ներկայումս ավագանու թեկնածու է: Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն էլ թափով լծվել են նախընտրական արշավին: Նրանք տնից տուն են անցնում, ճշտում ընտրողների եւ Վարուժան Ներսիսյանին սատարողների թիվը:

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի համար ավագանու արտահերթ ընտրությունը գլխավոր ճակատամարտի պես մի բան է: Այս տարվա աշնանը Իջեւանում պետք է կայանա համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Եթե մայիսի 29-ին Իջեւանում քաղաքապետին լոյալ ավագանի չընտրվի, ապա հազիվ թե 1999 թվականից Իջեւան համայնքը ղեկավարող Վարուժան Ներսիսյանը կրկին առաջադրի իր թեկնածությունը: Իջեւանում այս գարնանը անընդհատ անձրեւներ եւ ցուրտ էր, սակայն քաղաքական առումով գարնան ավարտը թեժ է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter