
Մաշտոցի պուրակի ակտիվիստները դիմում են միջազգային կազմակերպություններին
Այսօր` 29.04.2012-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ կիրառած բռնությունները, վայրագությունները և մարդու իրավուքնների կոպիտ խախտումները վկայում են այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ից ի վեր ոստիկանության և նրանց հրահանգողների ձեռագիրը մնացել է նույնը: Ոստիկանությունը ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն քաղաքացիական հասարակության նկատմամբ, ակտիվիստների օրինական պահանջները ոտնահարվում են ոստիկանական շարասյունների տակ: Նրանք իրենց առաքելությունը պատկերացնում են բացառապես որպես անօրինականությունները պաշտպանող բութ գործիք: Ինչպես արդեն նշվել է մեր հայտարարության մեջ, ակտիվիստների նկատմամաբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, ինչի հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության բարձր հրամանատարական կազմի վարքագիծը վկայում է, որ չնայած միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ոստիկանական համակարգի բարեփոխմանը միտված ծրագրերի` ակնհայտ է, որ ոստիկանական համակարգում որևէ բարեփոխում տեղի չի ունեցել:
Մինչև օրս Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Եվրոպայի խորհուրդը որևէ կերպ չեն արձագանքել մեր բաց նամակին և անտարբերություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից կատարված բռնությունների նկատմամբ: ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 18—ին տեղի ունեցավ հանդիպում Մաշտոցի պուրակի նախաձեռնությունների անդամների և ԵԱՀԿ ներկայացուցիչների միջև:
ԵԱՀԿ-ի ներկայցուցիչները նշեցին, որ չնայած իրենց կարծիքով ոստիկանության վարքագծի և վարվելակերպի մեջ կան փոփոխություններ, սակայն նրանք ևս գտնում են, որ ոստիկանների ներկայությունը Մաշտոցի պուրակում ակտիվիստների համեմատ անհամաչափ է:
ԵԱՀԿ-ի ներկայցուցիչները նշեցին նաև, որ վրանի հեռացնելը ոստիկանության կողմից համապատասխան արձագանք չէր և դրա անհրաժեշտությունը պարզապես չկար: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության ունեցած հանդիպման ընթացքում, ոստիկանության աշխատակիցները ևս ընդունել են, որ վրանի հեռացման անհրաժեշտություն չկար:
Ելնելով այս ամենից` մենք կոչ ենք անում ոստիկանության հետ ծրագրեր իրակակացնող միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ կազմակերպություններ, անմիջապես կասեցնել ոստիկանության հետ իրականացվող բոլոր ծրագրերը, քանի դեռ կատարված բռնությունների և անօրինականությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր մեղավորները, այդ թվում` բարձրաստիճան հրամանատարական կազմը: Մենք գտնում ենք, որ միջազգային կազմակերպությունների և ոստիկանության համագործակցությունը չի տալիս որևէ դրական արդյունք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ոստիկանական համակարգը իրականում խորապես արհամարհում է միջազգային կազմակերպությունների կողմից խթանվող ժողովրդավարական սկզբունքները և շարունակում է մնալ կարծրացած բռնի ավանդույթների կրողը, որի համար մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն հասկացությունները ոչինչ չասող, բովանդակազուրկ բառեր են:
Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներ
Ապրիլի 29, 2012
Լուս.՝ Անահիտ Հայրապետյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել