
«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտում է
Այսօր բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ: Ինչպես հստակ երեւում է միջադեպի տեսաձայնագրությունից (http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QFl-7f82WX0) ` ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), առանց նախազգուշացման, առանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ առանց օրենքով սահմանված այլ ընթացակարգերի պահպանման ուժ են կիրառել խաղաղ գործողություն իրականացնող քաղաքացիների հանդեպ և առգրավել նրանց տեղադրած վրանները:
Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության կիրառած բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ մարմնական տարբեր չափի վնասվածքներով դիմել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց՝ հետազոտության և բուժօգնության համար:
Քաղաքացիներից մի քանիսը նաեւ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, սակայն քիչ անց ազատ են արձակվել:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնի գործողությունները ու այլ ապօրինությունները եւ պահանջում, որպեսզի կատարվածի համար պատասխանատուները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբ
29 ապրիլի 2012թ.
Մեկնաբանել