HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Գերմանիա․ նորից խոշոր հաշվով պարտվելու մտավախություն կա

Այսօր՝ 21։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզդաշտում կմեկնարկի աշխարհի 2022 թ․ առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Հայաստան-Գերմանիա հանդիպումը։ Եթե աշխարհի քառակի չեմպիոն գերմանացիներն ապահովել են առաջին հորիզոնականն ու ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը, ապա մեր ընտրանին այլեւս հնարավորություն չունի պայքարել երկրորդ տեղի համար, որը հնարավորություն կտար մունդիալի ուղեգրի համար պայքարել փլեյ-օֆ փուլում։ Այսինքն՝ այսօրվա խաղը մարզական որեւէ նշանակություն չունի կողմերի համար, սակայն չմոռանանք, որ դիմացինը Գերմանիան է, որի համար կարեւոր է ցանկացած խաղ, եւ գերմանական ֆուտբոլային մեքենան, որպես կանոն, չի խնայում նրանց, ովքեր չեն կարողանում դիմակայել իր ճնշմանը։ 

Հս․ Մակեդոնիային ամսի 11-ին 0-5 հաշվով զիջելուց հետո մտավախություն կա, որ այսօր էլ մեր ընտրանին խոշոր հաշվով կզիջի հյուրերին, մանավանդ որ նախկինում միշտ այդպես է եղել։ 

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում այս պահին մեր թիմը 89-րդն է, իսկ Գերմանիան՝ 12-րդը: 

Մինչ այս երկու ազգային ընտրանիները հանդիպել են 4 անգամ, որից երեքը՝ պաշտոնական խաղերում, մեկը՝ ընկերական:

ԱԱ-1998-ի ընտրական փուլում՝ 1996-ի հոկտեմբերի 9-ին, Երեւանում գերմանացիներն առավելության հասան 5-1 հաշվով: Մերոնցից միակ գոլը խփեց Կարապետ Միքայելյանը: Պատասխան խաղը կայացավ Դորտմունդում 1997-ի սեպտեմբերի 10-ին. դաշտի տերերը հաղթեցին 4-0: ԱԱ-2014-ին ընդառաջ ընկերական մրցավեճ տեղի ունեցավ. աշխարհի ապագա չեմպիոնները Հայաստանի ընտրանուն հյուրընկալեցին 2014-ի հունիսի 6-ին Մայնցում եւ հաղթեցին 6-1: Մեր թիմից միակ գոլը 11-մ հարվածով խփեց Հենրիխ Մխիթարյանը: ԱԱ-2022-ի ընտրական փուլում էլ այս տարվա սեպտեմբերի 5-ին Գերմանիան Շտուտգարտում հաղթեց 6-0 հաշվով։ 

Այսպիսով՝ վիճակագրությունը գերմանացիների օգտին է. 4 խաղում 4 հաղթանակ, գոլերի տարբերությունը՝ 21-2: 

Արդեն հայտնի է 23 հոգուց բաղկացած մեր թիմի հայտացուցակը այսօրվա խաղի համար։ Այս անգամ դրանում տեղ չեն գտել Վահան Բիչախչյանը, Էրիկ Վարդանյանը, Իշխան Գելոյանը, Հովհաննես Նազարյանը, Արտյոմ Ավանեսյանը։

Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմը Ֆրանսիայից է։ Գլխավոր մրցավարը Ֆրանսուա Լետեքսիեն է, որին կօգնեն Սիրիլ Մույնիեն եւ Մեհդի Ռահմուդին։ Չորրորդ պաշտոնյան Ժերեմի Ստինան է։ VAR-ի մրցավարն է Ժերեմի Պինյարը, իսկ նրա օգնականը՝ Էրիկ Վատելյեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter