HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրասար բնակավայրում պատահմամբ կրկնակի ընտրության դեպք է արձանագրվել

Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասարի բնակավայրի դպրոցում տեղակայված 25/12 ընտրատեղամասում շփոթմամբ կրկնակի քվեարկության դեպք էր գրանցվել։ Կազմվել է արձանագրություն։ Բան այն է, որ քաղաքացին քվեարկել էր, անձնագիրը ձեռքին կանգնել սարքի մոտ։ Մասնագետը, մտածելով, որ նոր մարդ է, անձնագիրը վերցրել էր և երկրորդ անգամ անց կացրել սարքի միջով։

«Ասավ պասպորտդ տուր, ես էլ լավ չեմ լսում, տվեցի, հա դու չտեսա՞ր, որ ընտրել եմ արդեն։ Չպատկերացրի՝ ինչ կատարվեց»,- Մանուշակ Ասլանյանն է պատմում։ Նա թեև մասնակցում է ընտրություններին, սակայն ոչ մի ակնկալիք չունի։

«Ինչի՞ խնդիր չունենք։ Կուզեմ՝ երթուղային լինի, որ երեխեքն առավոտյան դասի հասնեն։ Երեխեքը դուրս են գալիս տանից, այս ցրտին ժամերով սպասում են, կանգնում փողոցի միջև՝ տեսնեն երբ, ինչ կգա, որ գնան դասի»։

Բնակիչներից Լեռնիկ Դավթյանը առաջինը կուզեր, որ գազիֆիկացման հարցը լուծվեր։

«Գյուղը պետք է 1965թ.-ին ջրամբար սարքեին։ Սակայն դրանից հետո նախագիծը հետածվեց, ապա դադարեցվեց ծրագիրը։ Գյուղը բացարձակապես գազիֆիկացված չէ, որովհետև ջրամբար պետք է կառուցվեր»։

25/12 ընտրատեղամասի նախագահ Վահրամ Պապիկյանի խոսքով՝ ընտրությունների ընթացքը խաղաղ էր և պասիվ։ Պատճառն, ըստ նրա, ժամն է, առավոտյան գյուղացիները տնտեսության հարցերով են զբաղվում, իսկ երեկոյան նոր գալիս ընտրության։

25/2 ընտրատեղամասում դժվարություն առաջացավ քաղաքացիներից մեկի անձնագրի հետ կապված։ Սարքի մասնագետ Մարիաննա Եղիազարյանն է բացատրում․

«Քաղաքացին մոտեցավ, ներկայացրեց անձնագիրը, անցկացրինք։ Ասաց, որ անձնագրի ժամկետն անցել է, և պետք է ոստիկանությունից 9-րդ ձև բերել։ Տատիկը գնաց, բերեց, բայց քանի որ ինքը նաև ID քարտ ունի, այդ 9-րդ ձևի վրա, պետք է նշվեր քարտի տվյալները։ Նշվել էր անձնագրի տվյալները, որը արդեն վավերականության մեջ չէր։ Իսկ ID քարտն էլ տատիկը կորցրել էր, դեռ նորը չէր ստացել, այդ պատճառով նորից անցկացրինք»։

Քաղաքացին ընտրություն չկատարեց, նորից գնաց ոստիկանություն համապատասխան փաստաթուղթը բերելու։

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter