HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մուրացկանությամբ հավաքվել է 7000 դրամ. Վ.Մ.-ն մեղադրվում է անչափահաս տարիքում իրենից փոքրերին թրաֆիքինգի ենթարկելու մեջ 

Անչափահաս տարիքում այլ անչափահասների թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող Վ.Մ.-ն արդեն 21 տարեկան է: Նրա վերաբերյալ գործը 2017 թվականից քննվում է դատարանում: Թրաֆիքինգի ենթադրյալ զոհերը Վ.Մ.-ի երեք համագյուղացիներն են՝ տարիքով իրենից ավելի փոքր:

Տուժողներն ու ամբաստանյալը երբեմն միասին՝ նույն տաքսիով են մարզից գալիս Երևանի  ընդհանուր իրավասության դատարան. մեղադրյալի մայրն է բերում: Այս հանգամանքը դատարանին էլ է հայտնի, երբեմն դատավորը հենց կողմերից է փորձում ճշտել՝ նիստին ով է ներկայանալու և ով՝ ոչ, ում չներկայանալու վերաբերյալ ի՞նչ տեղեկություն կա: Թեև նախաքննության ընթացքում տուժող երեխաները Վ.Մ.-ին մեղադրող ցուցմունքներ են տվել, այժմ մեղադրյալի հետ հաշտ են, նրա դեմ դատարանում ցուցմունք չեն տվել, ասում են՝ Վ.Մ-ի հետ միասին գնացել են խաղալու:

«Աշխատանքային թրաֆիքինգ» որակված դեպքն, ըստ մեղադրանքի կողմի, տեղի է ունեցել 2016 թվականին, բացահայտվել՝ 2017-ին: Վ.Մ.-ին առաջադրված  մեղադրանքի համաձայն՝ վերջինս, երեխաներին շահագործելու նպատակով, 2016 թվականի ամռանը՝ մայիս կամ հունիս ամսին, քննությամբ չպարզված օրը, խաբեությամբ ճոճանակ նստելու ու զվարճանալու պատրվակով իրենց  գյուղից տեղափոխել է հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելով, ծեծելով ու քաշքշելով հարկադրել է զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկողության տակ է պահել նրանց: Երեխաները տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ: Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո մոտեցել են Վ.Մ.-ին, որը նրանցից մեկից ստացել է հավաքված ողջ գումարը, ըստ գործի՝ շուրջ 7000 դրամ, ապա, հավաստիանալու համար, որ երեխաների մոտ այլ գումար չի մնացել ստուգել է նրանց գրպանները, հավաքված գումարից 700 դրամ տվել է երեխաներից ամենամեծին, 120 դրամ՝ երկրորդ և 74 դրամին համարժեք 10 ռուբլի՝ երրորդ երեխային, իսկ գումարի մնացած մասը տնօրինել է անձամբ:

2017 թվականի ընթացքում, ըստ ոտիկանության կայքում առկա վիճակագրության, Հայաստանում աշխատանքային թրաֆիքինգի վերաբերյալ 4 գործ է հարուցվել, որոնցից 2-ը՝ ներքին, իսկ 2-ը արտաքին շահագործման դեպքեր են: Այս գործերով տուժող է ճանաչվել 4 անչափահաս, որոնցից 3-ը, փաստորեն, վերը նշված գործով:

Դեպքը բացահայտվել է օպերատիվ տվյալների հիման վրա: Տուժող երեխաներին, որոնցից 2-ը հարազատ եղբայրներ են, օրինական ներկայացուցիչների հետ իրավապահները կանչել են՝ բացատրություն տալու: Ըստ երեխաների հայտնած տեղեկությունների` Վ.Մ.-ն իրենց ստիպել է գումար հավաքել: Երեխաներին լսելուց հետո Վ.Մ.-ին նույնպես մոր հետ կանչել են քննչական մարմին: Այդ ժամանակ Վ.Մ.-ն եղել է 17 տարեկան, իսկ ենթադրյալ դեպքի ժամանակ` 16:

Հայաստանի օրենսդրությամբ` թրաֆիքինգի սուբյեկտը 16 տարին լրացած անձն է: Հարուցված գործի շրջանակներում Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետով, այսինքն՝ երկու և ավելի երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգը կամ շահագործումը: Երեք երեխաները, որոնցից մեկը՝ 8, մեկը` 9, մյուսը՝ 13 տարեկան, ճանաչվել են տուժող:

Նշենք, որ երբ դեպքի մասին հայտնի է դարձել, ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով այս մասին տեղյակ է պահել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով»-ին, նիստ է հրավիրվել` հավանական զոհերին նույնացնելու և աջակցություն տրամադրելու հարցով, ու հանձնաժողովը եկել է  եզրահանգման, որ արժանահավատ չեն այն տեղեկությունները, որ երեխաները ենթարկվել են թրաֆիքինգի: Հանձնաժողովն արձանագրել է, որ այս դեպքում թրաֆիքինգը բնութագրող երեք բաղկացուցիչներից` նպատակ, միջոց, գործողություն, առկա է մեկը` գործողությունը, այն է` երեխաներին տեղափոխելը: Եզրակացության մեջ ընդգծվել է,  որ  տեղափոխողը նույնպես եղել է անչափահաս, միջոցը բացակայել է, իսկ նպատակը հասկանալի չէ: Հանձնաժողովը նշել է, որ «երեխաների արկածախնդրությունը տևել է մի քանի րոպե» և, վերը նշված հիմնավորումներով, փաստորեն, եկել եզրահանգման, որ երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել:

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով»-ը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է Հայաստանում: «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի համաձայն՝ անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը և քրեադատավարական նորմերին համապատասխան տուժող ճանաչելը տարբեր նպատակներ հետապնդող գործընթացներ են, որևէ կերպ չեն կարող բխել միմյանցից, սակայն դրանց համար հիմք համարվող տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով: Այս դեպքում, փաստորեն, երեխաները թեև զոհ չեն ճանաչվել, քրեադատավարական իմաստով տուժող են ճանաչվել:

Մինչդեռ Վ.Մ.-ի պաշտպան Սուզաննա Խչեյանը համոզված է, որ դեպքը դիտարկվել է թրաֆիքինգ, որպեսզի այս հանցագործության բացահայտման վերաբերյալ վիճակագրություն ներկայացվի: Պաշտպանն ասում է` Վ.Մ.-ն չի էլ հերքում, որ դեպքը տեղի է ունեցել, որ երեխաների հետ գնացել, գումար են հավաքել, բայց այստեղ էական է` երեխաներին ամբաստանյալն է ստիպել, թե՞ իրենք իրենց նախաձեռնությամբ են դա արել:

Պաշտպանի խոսքով` դատաքննության ընթացքում տուժող երեխաները հայտնել են, որ Վ.Մ.-ն իրենց նկատմամբ բռնություն չի գործադրել, որ չորսով ոտքով, խաղալով հեռացել են գյուղի տարածքից, հետո գումար են հավաքել, որին մասնակցել է նաև Վ.Մ.-ն, անգամ պաղպաղակ են գնել, կերել ու գնացել տուն: 

«Եթե ստիպել է, ինչո՞ւ են հետո գնացել ու միասին պաղպաղակ գնել»,- հարցնում է Սուզաննա Խչեյանն ու ասում, որ իր պաշտպանյալն անչափահաս տարիքից աշխատել է, մայրն էլ նրան մշտապես գումար է տվել, նա այս եղանակով գումար հավաքելու խնդիր չի ունեցել և չունի:

Տուժողների ծնողները բողոք չունեն

Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև տուժողների ծնողների հետ: Երբ զանգահարեցինք երկու եղբայրների հորը՝ հանդիպելու և գործի վերաբերյալ զրուցելու համար, վերջինս ասաց, որ չեն ցանկանում խոսել, բայց բողոք չունեն: Հետո հեռախոսը վերցրեց երեխաների մայրը՝ փոքր-ինչ բարկացած, որ ցանկանում ենք թեմային անդրադառնալ:

«Էդ մարդուն տասը տարի է՝ քաշքշում են՝ քիչ է, մեզ էլ հետն են քաշքշում: Երեխա են, անչափահաս են եղել, մի բան են արել, մենք էլ, օրենքից չհասկանալով, գնացել ցուցմունք ենք տվել, չենք պատկերացրել, որ սենց լուրջ թեմայի մեջ կընկնենք»,- ասաց մայրը: Մեր հարցին, թե ինչպե՞ս են գնացել ցուցմունք տալու, երեխաների մայրը պատասխանեց, որ իրեն զանգահարել ու ասել են, որ դպրոցում ժողով է, ներկայանա: Երբ գնացել է, տեսել է, որ այնտեղ ոստիկաններ կան. այս հարցի հետ կապված են եկել:

«Ես ուրախ կլինեմ, որ ինքն ազատության մեջ լինի, այդքան բան, ես ուզում եմ, որ էդ մարդը նորմալ, հանգիստ ապրի, ոնց մենք ենք ապրում»,- ասաց մայրը՝ նշելով, որ թեև իրենք մեղադրյալի ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ չեն, թշնամանք էլ չունեն, միմյանց տեսնելիս բարևում ու զրուցում են: 

Անչափահաս մյուս տուժողի մայրը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ևս բողոք չունեն:

«Ա'յ մարդ, փակեն, թող վերջանա, մեծ հանցագործություն չի եղել, իրոք ամոթ ա, էս գործը շատ առաջ գնաց, էն էրեխեն էլ ա մեղք, ավելի լավ չի՞ փակեն, վերջանա»,- Վ.Մ.-ի գործի մասին լսելով՝ ասաց երեխայի մայրը: Վերջինս անգամ դիմում է գրել ու տվել Վ.Մ.-ի մորը` կրկին հաստատելով, որ բողոք չունի. առաջիկա նիստին դիմումը դատարան կներկայացվի:

Վ.Մ.-ի մայրը մեզ  խնդրեց որդու հետ չզրուցել, ասաց, որ նա իրեն վատ է զգում ստեղծված իրավիճակում, բայց ինքը հարցերին կպատասխանի: Երբ դեպքը բացահայտվել է, Վ.Մ.-ն մորն ասել է, որ երեխաների նկատմամբ բռնություն չի գործադրել, որ նրանց ստիպողաբար չի տարել, ուզեցել են, գնացել են: Որդին մորը հայտնել է, որ խաղալու են գնացել, որ դա միակ դեպքն է եղել, որ գումար են հավաքել:

«Էրեխա են, մեկը մյուսի խելքին են ընկել, խաղալով գնացել»,- ասաց մայրն ու նշեց, որ Վ.Մ.-ն իր միակ երեխան է, նրան շատ լավ պահում է, իրենք սոցիալական խնդիր չունեն: 

«Մենք ո՛չ սոված ենք եղել, ո՛չ ծարավ, իմ երեխան գումարի խնդիր չի ունեցել, որ նման ճանապարհով գնար: Եթե մենք այդպիսի խնդիրներ ունենայինք, ես չէի կարող երեխայիս համար փաստաբանի գումար վճարել»,- ասաց մայրն ու սրտնեղեց, որ երեխաները իրարամերժ ցուցմունքներ են տվել ու այդպիսով բարդացրել գործը:

Պաշտպանը կարծում է, որ Վ. Մ.-ն չի գիտակցում իրեն վերագրվող գործողությունների բնույթը

Պաշտպան Սուզաննա Խչեյանի խոսքով` քրեական գործի շրջանակներում երեխաների, այդ թվում` Վ.Մ.-ի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն: Խչեյանն ասում  է՝ քրեական գործերով փորձաքննությունները սովորաբար հանձնարարվում են «Փորձաքննությունների ազգային բյուրոյին» կամ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին», սակայն իր պրակտիկայում այս գործը բացառություն է. փորձագետ է նշանակվել Մանկավարժական համալսարանի հոգեբանության  ամբիոնի դասախոս: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժող երեք երեխաները չէին կարող գիտակցել իրենց գործողությունների բնույթը, իսկ Վ.Մ.-ն կարող էր: Պաշտպանի խոսքով, փորձագետը հարցերին պատասխանելով՝ դուրս է եկել դատահոգեբանի կողմից տրվող եզրակացության սահմաններից ու մտել դատահոգեբույժի տիրույթ: Փորձագետը փաստել է  Վ.Մ.-ի մոտ մտավոր զարգացման խնդրի առկայության մասին, այնուամենայիվ, նշել է, որ Վ.Մ.-ն կարող էր գիտակցել գործողությունների բնույթը:

«Մեր քրեական գործի ողջ քննության ընթացքում դատարանի համար պարզ դարձավ, որ Վ.Մ.-ն  չի հասկացել իրեն վերագրվող գործողությունների բնույթը: Մենք այժմ էլ դատաքննության ընթացքում այնպիսի բառապաշարով ենք փորձում խոսել, որ Վ.Մ.-ի համար հասկանալի լինի իրեն վերագրվող գործողությունների իմաստը»,- ասում է Սուզաննա Խչեյանը: Վերջինիս համոզմամբ՝ պարզելու համար՝ Վ.Մ.-ն գիտակցե՞լ է իր գործողությունների բնույթը, թե՞ ոչ, հնարավոր էր միայն դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության միջոցով, ինչն այս գործով չի արվել:

Դատախազը պնդում է, որ  Վ.Մ.-ն երեխաների հետ գումար չի հավաքել, նրանց հսկել է

Վ. Մ.-ն գործի վերաբերյալ ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքը ոչ թե 2016, այլ 2015  թվականին է տեղի ունեցել: Եթե այս պնդումը իրականությանը համապատասխանի, կստացվի, որ Վ.Մ.-ն դեպքի ժամանակ եղել է 15, այլ ոչ թե 16 տարեկան, ուստի նրան չէր կարող մեղսագրվել թրաֆիքինգի ենթարկելու արարք` այդ հանցագործության սուբյեկտ չլինելու պատճառով:

Դատախազ Տիգրան Պողոսյանը ամբաստանյալի այս պնդումը պաշտպանական մարտավարություն է համարում, ասում, որ թեև ենթադրյալ հանցագործության կոնկրետ օրը իրենց պարզել չի հաջողվել՝ տարեթիվը հստակ է. դեպքը տեղի է ունեցել 2016  թվականին. դրա վերաբերյալ դատարանում բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել: Օրինակ՝ Վ.Մ.-ն ասում է, որ 2016 թվականին` իրեն վերագրվող արարքի ժամանակաշրջանում,  ինքը գյուղում չի եղել, տատի մոտ` մեկ այլ գյուղում է գտնվել, մինչդեռ գործում առկա են տեղեկություններ այն մասին, որ նրա համար իրենց տան հասցեից նույն ժամանակահատվածում շտապօգնություն կանչ է գրանցվել:

Նշենք, որ Վ.Մ.-ի համար դատական նիստերի ընթացքում էլ մի քանի անգամ շտապօգնություն է հրավիրվել: Վերջինս անգամ ուշագնաց է եղել, պարբերաբար բողոքել մեջքի, գլխի շրջանում ցավերից, սրտի խնդիր ունի: Պաշտպանական  կողմը նման պայմաններում Վ.Մ.-ի առողջական վիճակը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ամբաստանյալի մոտ առողջական խնդիրներ են արձանագրվել, այդ թվում` սրտի հետ կապված, սակայն դրանք Կառավարության որոշմամբ պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում չկան:

Դատախազ Տիգրան Պողոսյանից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս, կոնկրետ ի՞նչ տեղեկությունների հիման վրա է գործը բացահայտվել: Վերջինս միայն նշեց, որ օպերատիվ ճանապարկով ձեռք բերված տվյալների հիման վրա զեկուցագիր է կազմվել, տեղի ունեցածին ընթացք տրվել: Դատախազն ասում է` փաստորեն բացահայտվելուց շուրջ մեկ տարի առաջ տեղի է ունեցել մի դեպք, որը անձինք չեն դիտարկել որպես հանցագորություն ու այդպես անհետևանք մնացել է: Մեր հարցին` միայն մեկ անգա՞մ է Վ.Մ.-ն երեխաներին տարել` գումար  մուրալու, դատախազն ասաց, որ իրենք այս մեկ դեպքն են բացահայտել: Դատախազը պնդում է, որ Վ.Մ.-ն երեխաների հետ գումար չի հավաքել, վերահսկել է և ամենամեծին, ով ավելի շատ բան է հասկանում, ամենաշատ գումարը տվել` 700 դրամ, մինչդեռ ավելի փոքրերին չնչին կոպեկներ է տվել: Պողոսյանի խոսքով` երեխաները միայն դատարանում են հայտնել, թե հավաքված գումարով պաղպաղակ են գնել, իսկ մինչդատական վարույթում տված ցուցմունքներում ասում են, որ Վ.Մ.-ն իրենց ստիպել է, որ իրենց հետ գումար չի հավաքել: Նշենք, որ Վ.Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ երեխաներից մեկը` երեքից ամենամեծն է առաջարկել գումար հավաքել, սակայն վերջինս, դատախազի խոսքով, դատարանում ասել է, որ ինքը նման բան չի առաջարկել, պարզապես միասին գնացել են:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործող տուժողները, վերջիններիս հարազատներն ու ամբաստանյալը  միմյանց հետ հաշտ են, դատախազն ասում է, որ հաշտությունը բոլոր գործերին է բնորոշ:

«Մենք գործեր ունենք, երբ, օրինակ, հարևանների միջև երկարատև վիճաբանություններ են լինում, բայց երբ գործ է հարուցվում, գալիս, հրաժարվում են իրենց ցուցմունքներից, հայտարարում, որ  պարտք ու պահանջ չունեն»,- դիտարկեց Պողոսյանը:

Փորձեցինք դատախազից ճշտել, թե կոնկրետ ի՞նչ ապացույցներ են դրված Վ.Մ.-ի մեղադրանքի  հիմքում։ Որպես հիմնական ապացույց վերջինս նշեց տուժողների ցուցմունքներն այն մասին, որ Վ.Մ.-ն ստիպել է իրենց գումար հավաքել, վերջիններիս ծնողների ցուցմուքները, դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ Վ.Մ.- ն մեղսունակ է, հոգեկան հիվանդությամբ չի տառապում: Արդյոք արդարացի՞ է անչափահասի կողմից մեկ դրվագ կատարված այս արարքը որակել որպես թրաֆիքինգ. դատախազն ասում է որ թրաֆիքինգը ձևական հանցակազմ է: Սա նշանակում է, որ  անկախ հետևանքից` միայն երեխաներին գործընթացին ներգրավելը բավական էր՝ արարքը թրաֆիքինգ որակելու համար:

16 տարեկան անձը կարո՞ղ է գիտակցել, թե ինչ է թրաֆիքինգը

Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը մեզ հետ զրույցում նշեց,  որ չկա որևէ միջազգային նորմ, որը հստակ կսահմանի որևէ հանցագործության պատասխանատվության համար նվազագույն տարիքը. դա թողնված է պետության հայեցողությանը, իսկ Հայաստանի թե՛ այժմ գործող, թե՛ նոր ընդունված Քրեական օրենսգրքերում թրաֆիքինգի համար որպես տարիք սահմանվել է 16 տարեկանը: 

« Իհարկե, երբ խոսքն այնպիսի ծանր հանցագործության մասին է, ինչպես թրաֆիքինգը, սեռական տարբեր հանցագործություները և առհասարակ անդրազգային հանցագործությունները, միջազգային բոլոր նորմերն ասում են, որ այստեղ հատուկ զգուշավորություն պետք է դրսևորել այն դեպքերի համար, երբ հանցագործությունը կատարվում է անչափահասի կողմից: Մասնավորապես այս դեպքում, երբ երեխան է հանագործության մեջ մեղադրվողը, մենք պետք է պարզենք երեխայի մտավոր զարգացումը, երեխայի գիտակցական և ղեկավարման ունակությունը, նոր որոշենք դրա իրականացումը»,- ասաց Թումասյանը՝ միաժամանակ հավելելով, որ ազգային օրենսդրության համաձայն՝ փորձաքննություն նշանակելու համար նախ պետք է կասկած լինի, այսինքն՝ եթե կասկած առկա չէ, ապա քրեական պատասխանատվության տարիքին հասած լինելու պարագայում  երեխայի մտավոր զարգացվածությունը լրացուցիչ ապացուցելու կարիք չկա:

Քանի որ անչափահասության տարիքը տարբեր երկրներում տարբեր է, մեկ միասնական մեթոդաբանությամբ հնարավոր չէ որոշել թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով մեղադրվող անչափահասների ընդհանուր թիվը։ Սակայն Դավիթ Թումասյանն ասում է, որ դրանք հատուկենտ դեպքեր են, ու բոլոր պետությունները հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործերին:

Փորձագետի խոսքով՝ միջազգային պրակտիկայում, երբ անչափահասները ներգրավված են եղել թրաֆիքինգի կամ շահագործման գործընթացի շրջանակներում, հարցը լուծվել է տարբեր մոտեցումներով: Եթե անձի նկատմամբ եղել է հարկադրանք, ինչից ելնելով ինքը նույնպես հարկադրել է այլ անչափահասների, տվյալ դեպքում հարկադրող անչափահասը դիտվել է որպես թրաֆիքինգի զոհ և քրեական պատասխանավության չի ենթարկվել, ավելին՝ ստացել է սոցիալական աջակցություն:

Կա նաև հակառակ իրավիճակը. երբ անչափահասն իր նախաձեռնությամբ, զարգացվածության, առավել ճկուն մտածելակերպ ունենալու պարագայում ստիպել է իրենցից տարիքով փոքր երեխաներին կատարել որոշակի աշխատանք կամ մատուցել ծառայություն: Թումասյանն ասում է՝ այդ դեպքում, երբ պարզվել է, որ երեխան գիտակցել է, թե ինչ է կատարել, ենթարկվել է պատասխանատվության, բայց  բոլոր պետությունները բավականին մեղմ պատիժներ և քրեաիրավական ներգործության միջոցներ են նախատեսում անչափահասների համար:

Վ.Մ.-ի գործն, ինչպես արդեն նշեցինք, միայն 4  տարի դատարանում է: Թումասյանն ասում է, որ թեև դատաքննության ընթացքում գործի քննության կոնկրետ ժամկետներ չկան, ամբաստանյալն  անչափահաս է եղել, և գործը  պետք է հնարավորինս արագ լուծվեր, քանի որ Պեկինյան կանոնները, որոնք վերաբերում են անչափահասների արդարադատությանը, պահանջում են հնարավորին կարճ ժամկետում և հրատապ լուծել այդ գործերը, որպեսզի երեխայի կարգավիճակը որոշվի հնարավորին սեղմ ժամկետում, այսինքն՝ լինի որոշակիություն՝ ինքը դառնալո՞ւ է դատապատյալ կամ արդարացված, ի՞նչ ճակատագիր է սպասվելու նրան:

Նշենք, որ Վ.Մ.-ի վերաբերյալ գործով հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է դեկտեմբեր ամսին, դատախազը պետք է ճառ ասի, որի բովանդակությունն առայժմ չի բացահայտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter