HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ․ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ պետական մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը, հիմնադրամի կողմից 2021 թ-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ  մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից, վերոնշյալ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում, կապալառու ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25 մլն դրամ կաշառք, որից 2 մլն 404 հազ․ 100 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021 թ-ի սեպտեմբերին։ 

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով, Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2021 թ-ի նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1 մլն 900 հազ․ 760 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։ 

Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ-ն, դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։

Իրականացվում են միջոցառումեր կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter