HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքը վերածվում է բազմաֆունկցիոնալ համալիրի

Երևանի Աճառյան փողոցում գտնվող քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքը կդառնա հասարակական նշանակության բազմաֆունկցիոնալ համալիր։

Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի 12 հարկանի շենքը վերակառուցվելու է, ավելացվելու է ևս 1 հարկ, ինչպես նաև հյուսիս-արևելքում գտնվող արտադրական շինության մի հատված։ 13 հարկանի շենքը ներառելու է գրասենյակային տարածքներ, խաղասրահ, հանդիպումների սրահներ, նիստերի դահլիճ, սրճարան, մանկապարտեզ, ադմինիստրատիվ տարածքներ, տեխնիկական հատվածներ, պահեստներ։

Դրանից բացի, համալիրի մաս են կազմելու նոր կառուցվող շինությունները, որոնք ծառայելու են որպես ճաշարան, երկհարկանի մարզասրահ, խաղասրահ, երկհարկանի ավտոկայանատեղի՝ տանիքին բացօթյա կայանելու հատվածով, այգեպանի տնակ, պահակակետ։

Այս նախագծի շրջակա միջավայրի անվտանգության գնահատմանը հայտը ներկայացրել է «Տոտեմ բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն։ Վերջինս էլ իրականացնելու է այն։ Ընկերությանը պատկանում է 15294.2 քմ հող, ևս 4152.6 քմ էլ վարձակալությամբ է վերցրել։

Շինթույլտվության տրամադրումից եռամյա ժամկետում համալիրը պետք է ավարտուն տեսք ունենա։

Տարածքում առկա է ադմինիստրատիվ մասնաշենք՝ 8493.6 քմ, փորձա-արտադրական մասնաշենքեր՝ 951.4 քմ, 107.3 քմ, քարի մշակման արտադրամաս՝ 320.2 քմ, պահակատուն՝ 14 քմ:

Հայկական սովետական հանրագիտարանի տեղեկությունների համաձայն՝ Քարի և սիլիկատների ինստիտուտը ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության գիտատեխնիկական հիմնարկություն է եղել։ Հիմնադրվել է 1961թ.-ին։ Իր պրոֆիլով միակն է եղել ՍՍՀՄ–ում։ Հիմնական խնդիրներն են եղել բնական քարանյութերի և սիլիկատային հումքի հատկությունների և օգտագործման հնարավոր եղանակների ուսումնասիրումը, դրանց մեքենայական հանույթի մշակումը, քիմիական և տեխնոլոգիական վերամշակումը։

Կարևոր խնդիրներից են եղել նաև քարանյութերի թափոնների լիակատար և արդյունավետ օգտագործումը, Հայաստանի բնական քարանյութերի՝ տուֆերի, բազալտների, պեմզաների, պեռլիտների, հրաբխային խարամների, դիատոմիտների հիման վրա նոր բարձրորակ շինանյութերի ստացումը։

Տարվել են քարի հանույթի և մշակման ծանր աշխատանքների լիակատար մեքենայացման ու ավտոմատացման, արտադրվող շինանյութերի որակի բարձրացման, տեսականու հարստացման, արդյունավետ նոր արտադրությունների ստեղծման մեծ աշխատանքներ։

Ինստիտուտը գլխավորել է 1983-ին ստեղծված «Քար և սիլիկատներ» գիտա-արտադրական միավորումը։ Ունեցել է ասպիրանտուրա։

Կառավարությունը 2003թ․-ի որոշմամբ հաշվեկշռային մեթոդով մասնավորեցրել է 138 122 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը՝ ուղղակի վաճառելով դրանք նախօրոք հայտնի գնորդ Ալեքսանդր Մամիկոնի Մելիքսեթյանին։ Կառավարությունը մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել է 28 468 հազար դրամ, և մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 113 870 հազար դրամ։

Վանաձորում հաշվառված Ալեքսանդր Մամիկոնի Մելիքսեթյանը ղեկավարել է «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» ՓԲԸ-ն։

Ալեքսանդր Մելիքսեթյանը մեզ հետ զրուցում պատմեց, որ «Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» ՓԲԸ-ն այժմ գիտական մասով չի զբաղվում, այլ զբաղվում է միայն արտադրական գործընթացով։ Ըստ Մելիքսեթյանի՝ այժմ Աճառյանի նշված շենքում և տարածքում արտադրություն չի կազմակերպվում։ Արտադրությունը տեղափոխվել է Կոտայքի մարզ թափոնների և դրանցից արտազատված հոտի պատճառով, թե որտեղ, Մելիքսեթյանը չնշեց։

Վերջինս պատմեց, թե ինչպիսի ջերմամեկուսիչ նյութեր են արտադրել, ինչով են զբաղվում հիմա, սակայն մանրամասներին ծանոթացնելու համար խոստացավ մեզ հրավիրել իրենց արտադրամաս։

Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտում խորհրդային տարիներին 400 հոգի աշխատող է եղել, սեփականաշնորհումից հետո 40 հոգի է մնացել։ Գիտնականները ներգրավվել են այն ժամանակ միայն, երբ եղել է նրանց կարիքը։ Այդպես, ըստ Մելիքսեթյանի, աշխատել են մինչև 2015-2016թթ-ը։ Ալեքսանդր Մելիքսեթյանն ասում է, որ այժմ արտադրությունը եկամտաբեր չէ։

Մեր հարցին, թե ինչպիսին է իր մասնակցությունը նոր համալիրի կառուցման մեջ, ասաց՝ չափավոր, թե դա ինչ է ենթադրում, չցանկացավ մանրամասնել։ Ասաց՝ խոսակցության այլ թեմա է։

Նշենք, որ Ալեքսանդր Մելիքսեթյանը եղել է նաև «Տոտեմ բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը հիմնադրման առաջին 20 օրը։ Այնուհետև տնօրինությունը ստանձնել է Արմեն Աշոտի Քոչարյանը։

2020թփետրվարին գրանցված «Տոտեմ բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն 54,5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունի։ Դրա միակ բաժնետերը «ՎՕԼՕ» ՍՊԸ-ն է։ Վերջինի միանձնյա բաժնետերը Արմեն Քոչարյանն է։ Նա նաև «Տոտեմ Քոնսթրաքթ» ՍՊԸ-ում 50% մասնակցություն ունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter