HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը թույլատրել է 5-11 տարեկան երեխաներին պատվաստել BioNTech/Pfizer պատվաստանյութով

BioNTech/Pfizer ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել է կիրառվել Իսրայելում՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարության որոշմանը։ Ավելի վաղ, նույն ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլատրվել էր կիրառել 12-ից բարձր երեխաների և մեծահասակների համար։ 

Առողջապահության նախարարության հետ խորհրդակցող փորձագետների խմբի անդամները, որոնց մեջբերում է իսրայելական Haaretz պարբերականը, գրեթե միաձայն եկել են այն եզրակացության, որ «պատվաստանյութի առավելությունները էապես գերազանցում են դրա ռիսկերը»։ Հանձնաժողովը նաև ձայների ճնշող մեծամասնությամբ խորհուրդ է տվել պատվաստել նույնիսկ այն երեխաներին, որոնք արդեն իսկ վարակված են եղել կորոնավիրուսով։ 

Իսրայելական Keshet 12 հեռուստաընկերության տվյալներով՝ BioNTech/Pfizer-ի՝ երեխաների համար նախատեսված պատվաստանյութը Իսրայել կմատակարարվի մինչև այս տարվա նոյեմբերի 18-ը, ինչը հնարավորություն կտա անմիջապես սկսել ցածր տարիքի երեխաների պատվաստման գործընթացը։ 

Ինչպես նշում է այդ երկրի առողջապահության նախարարությունը, Իսրայելում համավարակի չորրորդ ալիքն անկում է գրանցում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակից ի վեր, Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 337 041 դեպք (+3298 դեպք վերջին մեկ շաբաթվա ընթացքում)։ Ներկայումս բուժում է ստանում 5843 մարդ։ 8140 մարդ էլ մահացել է կորոնավիրուսից։ 

Նոյեմբերի 14-ի դրությամբ՝ այդ երկրում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 6 256 219 մարդ (երկրի բնակչության 67 %-ը կամ մեծահասակների 92 %-ը), իսկ երկրորդ դեղաչափը՝ 5 752 941 (բնակչության 62 %-ը կամ մեծահասակների 84 %-ը)։ 4 016 195 մարդ էլ ստացել է պատվաստանյութի երրորդ դեղաչափը (բնակչության 43 %-ը կամ մեծահասակների 59 %-ը)։ Վերջին ամիսներին Իսրայելում պատվաստման տեմպերը սկսել են նվազել։

Լուսանկարը՝ Flash90-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter