
Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր երեկոյան, ժամը 20։00-ին ԱԺ արտահերթ նիստ էին նախաձեռնել սահմանային իրավիճակը քննարկելու համար, սակայն ԱԺ խորհրդի նիստը չկայացավ: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ խորհուրդը պետք է հաստատի նիստի օրակարգը, որից հետո կարող է կայանալ արտահերթ նիստ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր պատգամավորները միջանցքում վիճաբանում էին չկայացած խորհրդի նիստի շուրջ:
«Մեր ընդդիմադիր գործընկերները հինգին քսան պակաս ներկայացրել են փաստաթուղթ, որով խնդրել են հրատապ նիստ հրավիրենք: Ցավոք սրտի, ժամանակի ու ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նույնիսկ չեմ կարողանում այդ հարցը քննարկել»,-լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով` առաջարկին համապատասխան ձևով կցված նախագիծ և հիմնավորումներ չկան:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, քաղաքական մեծամասնությունը չարաշահում է լիազորությունները և ԱԺ խորհրդի մեկ քառորդի պահանջով նիստ չի հրավիրում:
«Մեզ համար ամեն ինչ պարզ է, էստեղ իրավական հարց չկա, քաղաքական որոշում է, որը կայացվել է մեծամասնության կողմից: Մենք նախաձեռնում էինք արտահերթ նիստ, որ Փաշինյանը գար ու հաշվետվություն տար սահմանային վիճակի վերաբերյալ: Սակայն քաղաքական մեծամասնությունը, հերթական անգամ չարաշահելով լիազորությունները, մերժել է մեր առաջարկները»,-ասաց Սաղաթելյանը:
Նշենք, որ վաղը մեկնարկում է հերթական քառօրյան, որի օրակարգում է նաև 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Սա ենթադրում է վարչապետի ներկայությունն այդ նիստին: Սաղաթելյանը, սակայն, հայտնեց, որ նման իրավիճակում չեն պատրաստվում քննարկել բյուջետային և այլ ընթացիկ հարցեր:
Նրա խոսքով` երկու ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
«Նախ պետք է հասկանանք՝ պետություն ունենալո՞ւ ենք, և նոր բյուջեի մասին խոսենք»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:
Մեկնաբանել