HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի խոստումները ալավերդցիներին

Ալավերդին 30-րդ քաղաքն էր, ուր ՀԱԿ-ն այցելել էր ապրիլի 29-ին ԱԺ ընտրությունների  քարոզչությունն անելու: Ընտրողների հետ հանդիպմանը՝ բացման իր խոսքում Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունները  լուրջ նշանակություն են ունենալու 2013թ.-ի փետրվարին  կայանալիք  նախագահական ընտրությունների և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գործընթացը ԱԺ-ում իրականացնելու համար:  

Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ն  ուզում է այս ընտրություններում քաղաքական մենաշնորհից զրկել  Հանրապետական կուսակցությանը. «Սա շատ ռեալ խնդիր է: Մենք չենք ասում, թե հիմա Հայ ազգային կոնգրեսը 50 և 1 տոկոս  պետք է ձայն հավաքի:  Մենք իրական խնդիր ենք դնում` Հանրապետական կուսակցությունը չպետք է միայնակ ունենա 66 պատգամավոր»:

Ըստ Ջհանգիրյանի՝ դա այս անգամ գործադիր իշխանության ձևավորման լայն դաշտ  կբացի  և այդ դեպքում նախագահական ընտրություններում ռեժիմից ազատվելը  իրատեսական խնդիր կդառնա:

Թիվ 31 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սարգիս Թամազյանը ընտրողներին տեղեկացրեց, որ  երկու անգամ թիվ 31 ընտրատարածքի  իր մրցակից թեկնածու,   հանրապետական  Կարեն Սարիբեկյանին հրավիրել է հեռուստաբանավեճի, ով, սակայն մերժվել է հրավերը:

«Ես Ալավերդիի փողոցներից մեկում մի մեծ պաստառ տեսա` Հանրապետական կուսակցության նշանով: Տակը գրված էր` «Հիշենք պատմությունը»: Դա շատ լավ կոչ է,  ես միանում եմ Հանրապետական կուսակցության այդ կոչին և ասում  եմ` եկեք հիշենք պատմությունը, և թող պատմությունը մեզ բացատրի, թե Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, ով 1995թ.-ին  ընդամենը «ՊԱԶ»-ի վարորդ էր,  ո՞նց մի քանի տարում  դառավ միլիոնատեր`  ԱՄՆ դոլարի հաշվարկով»:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր  խմբագիր Նիկոլ Փաշինյանը     հռետորական իր հարցադրումով պահանջում էր երկրի նախագահից և նրա եղբորից   հրապարակել դրա օրինական ձևը. «Եթե չկա դրա օրինական ձևը, ուրեմն Սաշիկին էլ, Սերժիկին էլ ուղարկենք Արթիկ  քրեակատարողական հիմնարկ, որովհետև այդ գողացածը մեզնից են գողացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:   

Վերջինս Հանրապետականի «Եկեք հիշենք պատմությունը» կոչի շրջանակներում  ընտրողներին  առաջարկեց  նայել 1995թ.-ի  վարչապետ Տիգրան Սարգսյանի  լուսանկարները. «Էդ լուսանկարներում խեղճը էնենց ա, ոնց որ մի տարի հաց կերած չլինի, ոնց որ կոնցլագերի գերի լինի: Հիմա էս մարդու բանկային հաշիվների վրա 1 մլն դոլար քեշ փող կա»: 

Փաշինյանը նշեց, որ  Տիգրան Սարգսյանի ունեցվածքի մասին պաշտոնական տեղեկատվություն է հաղորդում՝ նրա  ներկայացրած եկամուտների  հայտարագրից :   Նիկոլ  Փաշինյանը պատմության անցյալից ալավերդցիներին  հիշեցրեց  նաև 2008թ.-ի մարտի 1-ը և հոկտեմբերի 27-ը:  

 Նա նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը  միակ քաղաքական ուժն է, որի նախընտրական ծրագրում գրված է, որ  հետամուտ է լինելու հոկտեմբերի 27-ի բացահայտման գործին:    

Հրանտ Բագրատյանը գտնում էր, որ ընտրությունների կարևորագույն հարցն է՝ բացատրել ընտրողներին, թե ինչու պետք է  հրաժարվել անպիտան այս իշխանություններից: Դրա համար Բագրատյանը ընտրել էր ամենկարճ ձևը:

Նա վերցրել էլ Սերժ Սարգսյանի 2008թ.-ի նախագահական ընտրությունների նախընտրական ծրագիրը և ծրագրի 14 կետերից յուրաքանչուրը ներկայացնում էր ընտրողներին: 

Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական առաջին խոստումը բազմակարծության մասին է. «Ժողովուրդ, աշխատանքն ունեցող մարդիկ կարո՞ղ  են    հաղթահարել իրենց աշխատանքը կորցնելու վախը և ներկայանալ այս հանրահավաքին»,-  ալավերդցիներին հարցրեց Բագրատյանը: «Ոչ»,-  միահամուռ պատասխանեցին հանդիպման ներկաները:    

Ընտրողների բացասական գնահատականին արժանացան նախագահի 5 տարի առաջ գրված  ծրագրի մյուս 13 կետերը:   

Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ ՀԱԿ-ի անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով էլ  իր ելույթում  նշեց, որ ներկա իշխանությունների  ապաշնորհ կառավարման և տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականության հետևանքով հայ ժողովուրդը կանգնել է ժողովրդագրական և   էկոլոգիական աղետի առջև. «Եվ կասկած չկա, որ երկրում  դրական փոփոխություն ակնկալելը  անիմաստ է,  եթե այս վարչախումբը  ապահովի վերարտադրությունը»:   Ստեփան Դեմիրճյանը նաև ասաց, որ, ըստ պաշտոնական տվյալների,  վերջին 4 տարիներին երկրի աղքատների թիվն ավելացել է 270 հազարով,  ըստ պաշտոնական տվյալների՝ 35 տոկոս, իրականում ավելի բարձր է: Վերջին 4 տարիների ընթացքում  100 հազարից ավելի մարդ երկրից արտագաղթել է. «Մարդիկ լքում են երկիրը ոչ միայն ապրուստի միջոց չունենալու, այլ նաև մեր երկրում հեռանկար չտեսնելու պատճառով: Չեն կապում իրենց հույսը, վաղվա օրը այս երկրի հետ»,- ասաց ՀԺկ-ի  նախագահը:   

Դեմիրճյանը նշում էր , որ Հայ ազգային կոնգրեսի  ներկայությունը ԱԺ-ում լիովին փոխելու է երկրի քաղաքական իրավիճակը և նախադրյալներ են ստեղծվելու նախագահական ընտրություններում հաղթելու համար: ՀԱԿ-ի բանախոսները  ալավերդցիներին հայտնեցին, որ երկրի քաղաքական դաշտում ՀԱԿ-ն  ունի հզոր թիմ,  որը  երկարատև փառահեղ քաղաքական պայքարում է ծնվել, ուժեղացել է և  ոչ ոք չի կարողացել այդ թիմը քայքայել:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter