Զոհված անձանց վարկային պարտավորությունների ներման դեպքում կատարողական ծախսեր չեն գանձվի
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած նախագիծը: Այն ներկայացրեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանը:
«Ցանկանում ենք օրենքում լրացում կատարել որոշակի խմբի անձանց համար, և կատարողական վարույթները կարճելու դեպքում՝ կատարման ծախսեր չգանձելու դեպքեր սահմանել»,- ասաց փոխնախարարը:
Առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով նույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել:
Նշենք, որ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը դադարելու հիմքով կատարողական վարույթը ենթակա է կարճման: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների պարտավորությունները:
Եւ լինում են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, հետևաբար այդ դեպքում գանձվում են նաև կատարողական գործողությունների կատարման ծախսեր:
«Այս փոփոխությամբ պետությունը ներում է այդ ծախսերը նույնպես, և՛ բանկերը, և՛ վարկային կազմակերպությունները, որոնք արդեն ներել են պարտապանների պարտավորությունները, չեն կրում նման ֆինանսական բեռ»,- ասաց փոխնախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել