
Ո՞վ է ներարկել «հանկարծամահ» եղած դասախոսին
Ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս, 63-ամյա Վերա Ղազարյանն այս տարվա մարտի 4-ին դստեր` Նոնա Սարգսյանի ուղեկցությամբ դիմել է «Արթմեդ» բժշկական կենտրոն` ողնաշարի ճողվածքի բուժման համար: Վերա Ղազարյանի գործընկերը` Հենրիկ Պետրոսյանը, նրան խորհուրդ էր տվել դիմել բժիշկ Աշոտ Քոսյանին:
Բժիշկ Քոսյանը, ինչպես պատմում է Նոնա Սարգսյանը, հիվանդին ընդունելու մասին որեւէ գրանցում չի արել: Ավելին՝ առանց նախնական հետազոտությունների (սրտագրում, ճնշման չափում, արյան անալիզներ եւ այլն)՝ հապշտապ, հենց իր առանձնասենյակում Վերա Ղազարյանի ծոծրակի հատվածում կատարել է առաջին ներարկումը, որի դիմաց վերցրել է 10.000 դրամ: Բժիշկն ասել է, որ հաջորդ 4 ներարկումները նախատեսում է կատարել մարտի 8-ի տոնից հետո:
Նոնա Սարգսյանի խոսքերով` մայրը մարտի 9-ին նորմալ ինքնազգացողությամբ գնացել է աշխատանքի եւ դասերը վերջացնելուց հետո ժամը 12.30-ի սահմաններում անձնական ավտոմեքենայով ուղեւորվել «Արթմեդ» կենտրոն, որտեղ էլ պետք է ստանար երկրորդ ներարկումը:
«Նշված օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, մորս բջջային հեռախոսին զանգահարել է քույրս` Սոնան, որպեսզի տեղեկանա, թե ինչպես է ավարտվել ներարկումը: Սակայն քույրս զարմացել է, երբ մորս փոխարեն զանգին պատասխանել է անծանոթ մի կին` հաղորդելով, որ մորս վիճակը ծանր է եւ շտապ պետք է գնալ հիվանդանոց»,-պատմում է Նոնան:
Ըստ նրա` նույն ժամանակահատվածում Վերա Ղազարյանի բջջային հեռախոսին է զանգահարել նրա աշխատանքային ընկերուհին` Էմմա Տանանյանը: Նրա զանգին էլ պատասխանել է բժիշկ Աշոտ Քոսյանը: Վերջինս կռահելով, որ զանգահարողը նույն քոլեջից է, Տանանյանին խնդրել է իր ծանոթ Հենրիկ Պետրոսյանի հետ շտապել հիվանդանոց:
Քոլեջի դասախոսներ` Հենրի Պետրոսյանը, Անահիտ Էլբակյանը եւ Էմմա Տանանյանը հիվանդանոց են գնացել ժամը 14-14.30-ի սահմաններում: Հետո նրանց միացել են Սոնան եւ Վերա Ղազարյանի եղբայրը` Հենրիկ Ղազարյանը:
«Այդ ժամանակ մայրս արդեն մահացել էր: Մեր համոզմամբ՝ մորս մահը վրա է հասել ողնաշարի վրա Աշոտ Քոսյանի կատարած ներարկման պատճառով` մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով»,-ասում է Նոնա Սարգսյանը:
Նրա ասելով` դատաբժշկական փորձաքննությունից պարզվել է, որ երկրորդ ներարկում կատարվել է (քսուկը վերցվել է 10.03.2011թ.), քանի որ ներարկման տեղում` ողնաշարի ներքեւի մասում, թարմ հետքն առկա է եղել:
Բժիշկ Աշոտ Քոսյանն ասել է, որ հիվանդին երկրորդ անգամ չի ներարկել, սակայն մահացածի հարազատները վստահ են, որ իրականում ներարկումը եղել է ու քանի որ այն արվել է սխալ տեղում, դարձել է մահվան պատճառ: Նրանք նշում են, թե միայն այն, որ բժիշկը երկրորդ ներարկումից հրաժարվում է, արդեն իսկ հիմնավորում է իրենց կասկածները:
«Հավանաբար, բժիշկ Քոսյանն ապավինել է իր հիշողությանը, որն իրեն դավաճանել է, քանի որ երկու եւ հետագայում նաեւ մյուս երեք ներարկումները եւս նա պետք է կատարեր ծոծրակի մասում: Այդքանով հանդերձ՝ Աշոտ Քոսյանը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել երկու ներարկման փաստերը` մեկով ներկայացնելով»,-ասում է Ն. Սարգսյանը:
Դեպքից անմիջապես հետո` 09.03.2011թ.՝ ժամը 16.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք են զանգահարել «Արթմեդ» ԲՎԿ-ից եւ տեղեկացրել, որ իրենց մոտ հանկարծամահ է եղել Վերա Ղազարյանը:
Դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել: Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վ. Պողոսյանը պարզել է, որ մարտի 9-ին Վերա Ղազարյանը, այցելել է բժիշկ Քոսյանին: Վերջինիս աշխատասենյակում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո Վ. Ղազարյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այնտեղ կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, սակայն Վերա Ղազարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի թիվ 266 եզրակացությամբ պարզվել է, որ Վ. Ղազարյանի մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից:
Դատաբժշկական փորձաքննությամբ դիակի գոտկային շրջանի աջ հատվածում հայտնաբերվել է կետային բնույթի վերք, որը ներարկման հետեւանք է: Վերա Ղազարյանի դիակից վերցված արյան մեջ հայտնաբերվել է Նովոկային 0.001մգր/մլ եւ 0.006մգր/մլ Հիդրոկարտիզոն դեղամիջոցի քանակություն:
Հարազատները պնդում են, որ Վ. Ղազարյանը երբեք չի դժգոհել սրտի վատ աշխատանքից, իսկ եթե նույնիսկ մահվան պատճառը եղել է սրտի հիվանդությունը, ապա բժիշկը պարտավոր էր ներարկումներից առաջ ստուգել սիրտը, ինչը չի արել:
Այս ամենը հաշվի առնելով՝ քննիչ Վ.Պողոսյանը օրեր առաջ` 10.05.2011թ., որոշում է կայացրել Վերա Ղազարյանի մահվան նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Մահացածի դուստրն այս որոշումը բողոքարկել է:
«Բժիշկ Քոսյանի անհեռատես, անպարտաճանաչ եւ անպատասխանատու վերաբերմունքի արդյունքում չի հաջողվել փրկել մորս: Եթե նա հիվանդի նկատմամբ հանդես բերեր մասնագիտական պարտականություններ, ապա գոնե ներարկումները կկատարեր համապատասխան սենյակում` կահավորված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, այլ ոչ թե իր աշխատասենյակում` բոլորի աչքից հեռու»,- գրված է Նոնա Սարգսյանի դիմում-բողոքում, որն ուղարկվել է ՀՀ դատախազության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Ս. Խաչատրյանին:
Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Կարեն Կոստանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ԱՆ նախարարի հանձնարարականով դեպքից հետո ստեղծվել է խումբ, հրավիրվել են այն մասնագետները, ովքեր դեպքի օրը կապ են ունեցել Վերա Ղազարյանի հետ:
Ըստ բժիշկ Աշոտ Քոսյանի զեկուցագրի` այն պահին, երբ Վերա Ղազարյանը մոտեցել է իր աշխատասենյակի դռանը, այնտեղ եղել են այլ հիվանդներ: Վերջիններս տեսել են, որ Ղազարյանը գունատ է, թույլ, ունեցել է արտահայտված հեւոց: Հիվանդները, զիջելով իրենց հերթը, Վ. Ղազարյանին արտահերթ ներս են թողել:
Բժիշկը հիվանդին ջուր է առաջարկել եւ երբ շրջվել է, որ ծորակից այն լցնի բաժակի մեջ, նկատել է, որ հիվանդի գիտակցությունը մթագնել է եւ հարցերին չի պատասխանում: Իսկույն հիվանդին պառկեցրել է եւ կապ հաստատել վերակենդանացման բաժանմունքի բժիշկների հետ: Վերջիններս եկել եւ կազմակերպել են վերակենդանացման միջոցառումները, սակայն դրանք արդյունք չեն տվել: Հիվանդի մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Կարեն Կոստանյանն անընդհատ կրկնում էր, որ մեջբերում է բժիշկ Քոսյանի խոսքերը, քանի որ ինքը չի հանդիպել դրսում հավաքված հիվանդներին:
Ինչ վերաբերում է Վերա Ղազարյանին երկրորդ անգամ ներարկելուն, ապա, ըստ Կ. Կոստանյանի, բժիշկն ասել է, որ երկրորդ անգամ ներարկում չի արել, այդ մասին գրառումներ էլ չկան: Մեր հարցին, որ եթե երկրորդ ներարկումը չի եղել, ողնաշարի հատվածում ինչպե՞ս է ներարկման հետք հայտնաբերվել, Կ. Կոստանյանն ասաց. «Այդ բոլոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները ես չեմ կարդացել, որովհետեւ չեմ ունեցել դրանք, ինձ չի տրամադրվել, որ ձեր հարցին կարողանամ պատասխանել»:
ԱՆ բուժօգնության կազմակերպման վարչության պետը՝ տեղեկանալով, որ քրեական գործ հարուցված չէ, իսկ հանգուցյալի դուստրը բողոք է ներկայացրել, ասաց, թե իրավապահ մարմինները «երեւի քրեական գործ կհարուցեն» եւ այդ գործի շրջանակներում քննություն կանցկացնեն: Իսկ նախարարությունը, Կարեն Կոստանյանի ասելով, Վերա Ղազարյանի մահվան դեպքով այս պահին որեւէ միջոցառում չի իրականացնում:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել