HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պտղնի համայնքի ղեկավարի վերաբերյալ մեկ գործ ուղարկվել է դատարան

Դատախազությունը տեղեկացնում է, որ 2018-ից 2021թթ. ընթացքում Կոտայքի մարզպետարանի կողմից ՏԻՄ լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության, հետագայում դրանց արդյունքների կապակցությամբ՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ Պտղնիի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին  առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: 

«ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվել և քննվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործ: 

Մասնավորապես, քրեական գործերից մեկով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ենթակայությամբ գործող «Տրանսգազ» ՍՊԸ Աբովյանի «Գազի ստորգետնյա պահպանման կայանի» անվտանգության գոտիներում` Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող որոշ հողամասերում կառավարության 26.05.1998թ. համապատասխան որոշումներով արգելվել է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվության տրամադրումը: 

Մինչդեռ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, իր պաշտոնավարման ընթացքում այդ հողատարածքների նկատմամբ սահմանափակումների բացակայության վերաբերյալ գրավոր տեղեկանքներ է տրամադրել թվով 15 քաղաքացիների, ովքեր դրանց հիման վրա ստորգետնյա գազի հորի, դրանց կապող բարձր ճնշման գազուղիների անվտանգության գոտիներում կառուցվել են շինություններ, կառուցված ինքնակամ շինություններն ու տարածքները սեփականաշնորհել են:

Այլ ուսումնասիրության առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համայնքի ղեկավարի կողմից օտարվել է աճուրդ-վաճառքի միջոցով՝ չնայած վերջինս հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Ընդ որում՝ գործող համայնքապետի պաշտոնավարման ընթացքում՝ 2012թ. փետրվարին, համայնքի ավագանու որոշմամբ ջրային այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հողամաս:   

Մեկ այլ գործով, 2013-2016թթ. աճուրդ-վաճառքով օտարվել է տարբեր չափերի գյուղատնտեսական կամ բնակավայրերի նշանակության թվով 10 հողամաս, որոնց մի մասի չափերը չեն համապատասխանել կառավարության  2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

Առանձին դեպքերում աճուրդի փաթեթից բացակայել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, աճուրդների կազմակերպման համար տրված հայտարարության մեջ չի նշվել օրենսդրությամբ սահմանված՝ աճուրդի անցկացման ձևի և այլ  լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն: Հողատարածքների մի մասը աճուրդներով օտարվել է համայնքի ղեկավարի որդիներին: 

Պարզվել է, որ աճուրդ-վաճառքի հայտերի գրանցման մատյանում առանձին անձանց անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծվել են: Համայնքի ղեկավարի որդիների հետ աճուրդ-վաճառքին մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցների վերաբերյալ կատարված ստուգմամբ պարզվել է, որ հայտ ներկայացնելու օրը նրանցից ոմանք բացակայել են ՀՀ-ից: Աճուրդներն անցկացվել են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից:

Մեկ այլ քրեական գործի շրջանակներում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ Պտղնի համայնքի ղեկավար Ա. Վ.-ն, դեռևս 2015թ. հոկտեմբերին համայնքի միջոցներով ծառայողական նպատակով ձեռք բերված և իրեն վստահված թանկարժեք բջջային հեռախոսը որոշ ժամանակ անց տվել է որդուն՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը: Ապա հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով դրանից շուրջ մեկ ամիս անց, խախտելով օրենսդրության պահանջները, հաստատելով համայնքապետարանի հիմնական միջոցների խոտանման կեղծ ակտ, որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի, վերանորոգման ոչ ենթակա գույք, ի թիվս այլոց, նշված հեռախոսը դուրս է գրել համայնքապետարանի հիմնական միջոցների հաշվեկշռից՝ այդ կերպ կատարելով պաշտոնեական կեղծիք:

Այս քրեական գործով համայնքի ղեկավար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել,  դատախազության կողմից նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան, որով դատական քննությունը նախնական փուլում է:

Վերոնշյալ մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր չարաշահումները լիարժեք բացահայտելու, այն կատարած անձանց գործողություններն իրավական գնահատականների արժանացնելու, համայնքին պատճառված վնասների չափերն ամբողջականացնելու և վերականգնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter