
Փարիզը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հարգել հրադադարը
«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման առնչությամբ, որոնք բազմաթիվ կյանքեր են խլել հատկապես հայկական կողմից»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։
Պաշտոնական Փարիզը կողմերին կոչ է արել հարգել հրադադարը, որը պահպանելու պարտավորություն էին ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան հիշեցրել է համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որով կոչ է արվել արագ թուլացնել լարվածությունը և ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չլուծված հարցերի շուրջ։
Ֆրանսիան շեշտել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն բանակցությունների, ոչ թե «փաստի առաջ կանգնեցնելու» միջոցով, եւ վերահաստատել է իր լիակատար պատրաստակամությունը՝ նպաստելու այս գործընթացին:
Մեկնաբանել