HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսանդր Իսկանդարյան. «Շփման գծում իրավիճակի սրմամբ Բաքուն ձգտում է հասնել «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը»

Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին իրավիճակի սրման, դրա պատճառների ու հնարավոր զարգացումների մասին «Հետք»-ը զրուցել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

Վերջին երեք օրը Ադրբեջանը սրել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի արևելյան հատվածում։ Ինչու՞ է Բաքուն գնում իրավիճակի սրման և դրանով ինչի՞ է փորձում հասնել:

Բաքուն, իր համար հնարավոր եղանակներով, ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ։ Դրանք մի քանիսն են։ Առաջինը դիսկուրսիվ ճնշումն է, երբ Ալիևն անընդհատ հայտարարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիր այլևս գոյություն չունի, որ այն լուծվել է։ Հաջորդը դիվանագիտական ճնշումն է, երբ ճնշում է գործադրվում երրորդ երկրների կամ տարածաշրջանային երրորդ ուժերի միջոցով՝ ազդելու Հայաստանի վրա և ձեռք բերելու իր համար շահեկան պայմաններ։ Կարելի է նշել նաև հաղորդակցային ճնշումը կամ շրջափակումը։ Եվ վերջապես ճնշումն է ցամաքի վրա, այսինքն՝ ռազմական բնույթ ունեցող գործողությունները։

Վերջին իրադարձությունները, որոնք կարելի է ասել սկսվել են այս տարվա մայիս ամսվանից, տեղի են ունենում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Ճնշումներ գործադրելով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել իր առջև դրված նպատակների իրականացմանը։ Առաջին նպատակը, բնականաբար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ն է։ Շատ հաճախ քաղաքական գործիչները բանավիճում են կիրառվող հասկացությունների և տերմինների շուրջ։ Խոսքը ուղանցույցի, այսինքն՝ ճանապարհի մասին է, որն իրար կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ իրականում՝ Թուրքիան։ Ադրբեջանական կողմի նպատակն այն է, որ այդ ճանապարհով անցնող բեռներն ու մարդիկ ճանապարհին չկանգնեն։ Նա ձգտում է հասնել նրան, որ այդ ճանապարհը ունենա արտատարածքային բաղադրիչ։ Այսինքն, անցնող բեռների ու մարդկանց անվտանգությունն ապահովեն, այսպես ասած, ոչ հայերը։ Ի սկզբանե նրանք պնդում էին, որ ճանապարհը վերահսկվի թուրքական կոնտինգենտի կողմից, իսկ հիմա խոսքը ռուս զինծառայողների մասին է։

Հստակ պետք է արձանագրել, որ միջանցքը տնտեսական բնույթ չունի, այլ հստակ քաղաքական։ Ադրբեջանը Նախիջևանի հետ ունի կապող ճանապարհ, որն անցնում է Իրանով և շատ լավ աշխատում է։ Իսկ եթե խոսենք երկաթուղային ճանապարհի մասին, ապա Ադրբեջանը դրանով ևս կապված է Թուրքիայի հետ (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին)։ Ուստի որևէ լուրջ բան այնտեղով չեն փոխադրելու։ Այն բեռները, որոնք մեծ մասամբ Ադրբեջանը փոխադրում է Թուրքիա, նավթն ու գազն են։ Դրանք հոսում են նավթամուղներով ու գազամուղներով, իսկ որևէ Հայաստան դրա փոխադրման համար իրենց պետք չէ։ Ուստի, դա քաղաքական ծրագիր է։

Ընդհանրապես իմաստ չկա բանավիճել տերմինների շուրջ, իսկ այն, ինչ ես նկարագրեցի միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել միջանցք։ Հիմա դա միջանցք է, ճանապարհ, ուղանցույց, տարբերություն չկա։

Երկրորդ նպատակը պայմանագրի կնքումն է։ Այսինքն ինչ-որ փաստաթուղթ, որը Ադրբեջանում կարող է ընկալվել այդ երկրի տարածքային ամբողջականության ճանաչում, որն իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղը։ Եվ իհարկե սահմանների փոփոխություն այնպես, որ հնարավոր լինի ավելի շատ ազդեցություն ունենալ և ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Հենց սրանք են այսօր այն նպատակները, ինչին ձգտում է հասնել Ադրբեջանը։ Ես կարծում եմ, չնայած չեմ փորձի պնդել, բայց հիմնական նպատակը միջանցքն է։

Ձեր խոսքում նշեցիք, որ Բաքուն ակնկալում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Պատկերացնենք, որ այդ սցենարն իրագործվում է։ Ըստ ձեզ՝ արդյոք այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը կհրաժարվի՞ Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու քաղաքականությունից։

Այն տրամաբանությունը, թե ինչքան շատ տաս, այնքան քեզ համար անվտանգ կլինի, կեղծ է։ Այդպես չի լինում։ Հակառակը, ինչքան շատ ռեսուրս ունես, այնքան սեփական անվտանգությունն ապահովելու շանս ունես։ Եթե գոյություն ունի այդպիսի քաղաքական տրամաբանություն, որ պետք է տալ այն ամենն, ինչ նրանք խնդրում են, հակառակորդն ուղղակի կանգ չի առնի։ Բացի այդ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը չհասավ իր բոլոր նպատակներին։ Ինչ էլ որ ասի պարոն Ալիևը, ղարաբաղյան հարցը նրանց համար լուծված չէ։

Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածն Ադրբեջանը որևէ կերպ չի վերահսկում, այնտեղ ապրում են մարդիկ, որոնք խոսում են այլ լեզվով, օգտագործում այլ դրամական միավոր, հետևաբար Բաքվի համար խնդիրը լուծված չէ։ Բոլոր այդ ճնշումներն ուղղված են հենց ի շահ Ադրբեջանի այդ խնդիրների լուծմանը։

2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողություններն ամենաթեժն էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ Բախումները կարո՞ղ են լայնամասշտաբ պատերազմի վերածվել, և ինչպե՞ս կարող է ազդել ռուսական կողմը՝ հաշվի առնելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Երևանը դիմում է Մոսկվային օգնության նպատակով։

Իրական ձևաչափում այն տեղի չի ունենում ուղիղ դիմումով։ Սկզբում կողմերը համաձայնեցնում են, իսկ այնուհետ դրան հաջորդում է պաշտոնական դիմումը։ Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ իրավիճակը ինչ-որ չափով կայունանա, բայց այդ ամենը պատկերացնել կենցաղային մակարդակով, ինչը հաճախ Հայաստանում արվում է, այսպես կոչված ֆեյսբուքյան քաղաքագիտության և ֆեյսբուքյան լրագրության միջոցով, երբ Ռուսաստանը կգա, կժամանեն ինքնաթիռները և կռմբակոծվեն ադրբեջանական հենակետերը, նման բան իհարկե չի լինի։ Ռուսաստանն աշխատում է այն սկզբունքով, ինչպես միշտ արել է գրեթե բոլոր բախումների ժամանակ՝ փորձելով կանգնեցնել ակտիվ մարտական գործողությունների փուլը։ Նույնիսկ եթե մտածենք, որ դա նրանց կհաջողվի, ապա դա կարվի ինչ-որ գծում, որը հնարավոր է նախկին շփման գիծը չլինի, և այդ բախումը հնարավոր է չլինի վերջինը։

Այսինքն այն ամենը, ինչ հիմա այստեղ կատարվում է, կոչվում է ցածր ինտենսիվության կոնֆլիկտ: Այդպիսի կոնֆլիկտների դեպքում ժամանակ առ ժամանակ լինում են բռնկումներ, այնուհետ իրավիճակը հանդարտվում է և այսպես շարունակ։ Կան երկրներ, որոնք այդպես ապրում են տասնամյակներ։ Իրականում, այն, ինչ հիմա տեղի է ունենում, միշտ եղել է։ Սկսած 2000-ական թվականների սկզբից մշտապես բարձրացել է լարվածության աստիճանը, պարբերաբար եղել են բախումներ, փոխհրաձգություններ, դիվերսիոն ներթափանցումներ։ Մենք անցել ենք ապրիլյան, հուլիսյան, 44-օրյա պատերազմների միջով։ Ուղղակի այն ժամանակ շփման գիծն ուրիշ էր։ Այն Հորադիզում էր, այլ ոչ՝ Կապանում։ Ահա, թե որն է տարբերությունը։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բնականաբար նման է նախկինում եղած դեպքերին, մի տարբերությամբ, որ նախորդ տարի Ադրբեջանը հաղթել է պատերազմում, հայկական բանակը չունի այլևս այն հենակետերն ու դիրքերը։

Այս հակամարտության մեջ ՀԱՊԿ-ի դերի մասին, որպես ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականությունը երաշխավորող կազմակերպության, շատ է խոսվում։ Ոմանք քննադատում են, կոչ անում դուրս գալ կառույցից։ Ի վերջո, ՀԱՊԿ-ն ինչպե՞ս պետք է արձագանքի:

ՀԱՊԿ երևույթն ավելի լավ հասկանալու համար, այն կարելի է համեմատել առանց հանգույցների անիվի հետ։ Կա կենտրոն՝ Ռուսաստանն է և նրանից դուրս եկող երկկողմ հարաբերություններն անդամ երկրների հետ. Մոսկվա-Մինսկ, Մոսկվա-Երևան, Մոսկվա-Դուշանբե և այլն։ Որպես այդպիսին այս երկրներին միավորող հանգույցներ գոյություն չունեն։ Անվտանգության ոլորտում այս երկրներն ընդհանուր շահեր ևս չունեն։ ՀԱՊԿ-ն Ռուսաստանի հետ փոխգործակցության մեխանիզմ է բոլորի համար։

Իրական քաղաքական դասավորվածության մեջ, երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, մենք խոսում ենք մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից անդամ մեկ այլ երկրի փոխգործակցության մասին։ Իհարկե լուրջ չէ մտածել, որ վաղը ղրղզ զինծառայողը կգա և կպաշտպանի ՀՀ սահմանը, նույնն էլ հակառակը։ Ռուսաստանը ներգրավված է այս հակամարտության մեջ, սակայն իր լիազորությունները նա չի չարաշահի։ Ներկայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ծավալվում է դեպի հարավ։

Այստեղ կա շահերի մասնակի համընկնում։ Ինչու մասնակի և ինչու համընկնում։ Ռուսաստանին ևս պետք է, որ իրավիճակն այս հատվածում համեմատաբար կայուն լինի, որպեսզի ամեն բախման, սահմանին գրանցված ծեծկռտուքի, հարձակման կամ կրակոցի պարագայում կողմերը չզանգեն Մոսկվա։ Մոսկվայի տեսանկյունից նայելիս այդ գործողությունները հենց այդպիսին են։ Եթե Հայաստանի համար այդ իրադարձությունները չափազանց մեծ ու կարևոր են, ապա Ռուսաստանի համար հարյուրավոր խնդիրներից միայն մեկը։

Շփման գծում իրավիճակի կայուն լինելը պետք է Հայաստանին և Ռուսաստանին։ Այստեղ այդ երկու երկրի շահերը համընկնում են։ Իսկ թե որտեղով կանցնի այդ սահմանը, Ռուսաստանի համար միևնույն է։ Սև լիճը վերահսկվում է ադրբեջանցիների՞, թե՞ հայերի կողմից, նրանց համար միևնույն է։ Նրանք չունեն այդպիսի խնդիրներ, չունեն այդպիսի նպատակադրում։ Սահմանը որտեղով է անցնում, քանի կիլոմետր է, հետաքրքրում է բացառապես Հայաստանին։

Տեսեք, քանի օր է՝ Սյունիքի մի քանի գյուղեր կտրվել են Հայաստանի մյուս բնակավայրերից, խնդիր կա մարդկանց տեղաշարժի հետ կապված։ Եթե Հայաստանի համար դա կարևորագույն հարց է, ռուսները դժվար էլ այդ գյուղերը գտնեն քարտեզի վրա։ Հենց այստեղ է շահերի մասնակի համընկնումը։

Որևէ պարագայում երկրների շահերը 100 %-ով չեն կարող համընկնել։ Աշխարհի որևէ երկիր իր շահերն ամբողջությամբ չի զոհի հանուն մեկ այլ երկրի տարածքների պաշտպանության։ Դա պետք է գիտակցել և ստեղծել այլ մեխանիզմներ, որպեսզի պաշտպանես քո շահերը, իսկ այդպիսի մեխանիզմների համար Հայաստանը քիչ հնարավորություններ ունի, որովհետև ռեսուրսներն են քիչ։ Ահա այսպիսի իրավիճակ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter