HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը

«ԷկոԼուր» ՀԿ-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է «ԷկոԼուր», «Հայաստանի անտառներ», «Ինֆորմացիայի ազատության կենտոն», «Կանաչ Հայաստան», «Բնապահպանական հասարակական միություն», «Գոյ», «Յանուս» ՀԿ-ների և Երևանի մի խումբ բնակիչների նամակին՝ Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման նախագիծը մերժելու պահանջով: 

Երևանի քաղաքապետարանի պատասխան նամակում նշված է.

«Երևան քաղաքում շահագործվում է 22 ոչ մետաղական հանքավայր՝ բազալտ, գիպսատար կավ, քարաղ: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում կհրապարակվի դրանց տեղակայման քարտեզը:

Գրեթե բոլոր հանքավայրերը մոտ են գտնվում քաղաքի բնակելի թաղամասերին: Հանքավայրերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով և ուղեկցվում է ռելիեֆի էական փոփոխություններով, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություններով. առաջանում են մինչև 10 մ և ավելի խորության գոգավորություններ և փոսորակներ, որոնց պատճառով ձևավորվում են լանջային պրոցեսներ, սողանքներ, փլվածքներ, տեխնածին գրունտներ, կատարվում են ջրային ռեսուրսների ձևավորման և տեղաբաշխման փոփոխություններ, հողի և մթնոլորտային օդի էական աղտոտումներ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Երևան քաղաքում վերջին տարիներին փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) ցուցանիշները հաճախ էապես (մի քանի անգամ) գերազանցվել են: Միաժամանակ, գործող հանքավայրերի մոտակայքում, չնայած առկա ակնհայտ և զգալի աղտոտվածությանը, մշտադիտարկման տվյալներ առկա չեն:

Հաշվի առնելով վերը նշվածը, և քաղաքում հանքավայրերի շահագործման վերաբերյալ բնակչության և մասնագիտական հանրույթի շրջանում գերակշռող բացասական կարծիքները՝ գործող քաղաքային իշխանությունների պաշտոնավարման օրոք համայնքի անունից մերժվել են նոր հանքավայրերի շահագործման բոլոր հայտերը:

Ներկայում, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է գործող և լքված հանքավայրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետազոտության իրականացում՝ Երևան քաղաքում հանքավայրերի շահագործման հետևանքով առկա էկոլոգիական վիճակը պարզելու նպատակով: Միաժամանակ, ներկայում իրականացվում են ծավալուն աշխատանքներ գործող հանքավայրերի վարձակալության պայմանագրերի ստուգման և ճշգրտման, ինչպես նաև լքված հանքավայրերի ռեկուլտիվացման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ»:

Կարդացեք նաև՝

Ընդերքօգտագործման ոլորտի նախկին պաշտոնյան դիմել է Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման համար. 2-րդ հայտը մեկ շաբաթում

«ՄԼ մայնինգ»-ը Երևանում բազալտի հանքավայրի նոր տարածքներ է ուզում, քաղաքապետարանը դիմադրում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter