Մամիջանյանը` Փաշինյանին. «Պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հիշեցրեց իշխանական պատգամավորների ելույթներից հատվածներ, որ անհրաժեշտության դեպքում նոր դաշնակից է պետք գտնել, պետք է գնահատականներ տալ դաշնակիցներին և այլն:
«Էս հակառուսական հիստերիան զեղում էին Ձեր թիմի անդամները։ Սա Ձեր հրահա՞նգն է, թե՞ իրենց ինքնագործությունն է, չնայած բոլորս էլ գիտենք, որ Ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերներով ու առանց Ձեր համաձայնության ուր մնաց ելույթ ունենան ՌԴ-ի դեմ։ Նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում են»,-ասաց Մամիջանյանը` դիմելով Փաշինյանին:
Վարչապետն արձագանքեց` Հայաստանում եթե նույնիսկ հակառաուսական հիստերիա կա, ապա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ: Իսկ ԱԺ ամբիոնից հնչած մտքերն, ըստ նրա, լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն:
Մամիջանյանը նաև հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, ըստ որի չկրակելու հրաման տվողը դավաճան է, ապա հավելեց` կես տարի առաջ ասել էր, թե չի պատրաստվում Սև լճի 30%-ի համար պատերազմ սկսել:
«Պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, ու լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, Ձեր ապագան այնտեղ է անցնելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Փաշինյանն արձագանքեց` Հայաստանի չորս ՔԿՀ-ներում եղել է և ամենևին վատ չի զգացել իրեն:
Այս հարցի ժամանակ պատգամավորները վիճաբանեցին, վիրավորեցին միմյանց, ինչից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները լքեցին դահլիճը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել