Փաշինյանն արձագանքեց խաղաղության պայմանագիր կնքելու Ալիևի առաջարկին
Ադրբեջանի կողմից Հայաստանին արված խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկին ի պատասխան՝ Հայաստանն էլ իր հերթին է առաջարկում Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիր։ Ազգային ժողովում այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ինքը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելուն, սակայն Հայաստանից ազդակներ չկան:
«Մենք ասել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագիր ստորագրելու հանգրվանին հասնելն է: Մեզնից առաջ էլ բոլոր բանակցային փաթեթներում նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասաց Փաշինյանը:
Նա տարօրինակ համարեց ադրբեջանական իշխանությունների այն հայտարարությունները, թե իրենք խաղաղության պայմանագիր են առաջարկում, իսկ Հայաստանից արձագանք չկա:
«Մենք տասնյակ անգամ այդ մասին խոսել ենք, այնպես չէ, որ Ադրբեջանի նախաձեռնությունն է դա: Երբ խոսում ենք բանակցային գործընթացի լիարժեք վերականգման մասին, մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որին պետք է նախորդի այդ տեքստի համաձայնեցումը»,- ասաց կառավարության ղեկավարը:
Փաշինյանի խոսքով` դեմարկացիան ու դելիմտացիան շարունակում է մնալ Հայաստանի օրակարգում:
«Եթե Ադրբեջանը նույնպես ընդունում է այդ օրակարգը, պետք է հասկանալ ինչն է դրան խանգարում: Դեռևս մայիսին ես հայտարարել եմ, որ սեղանին դրված է փաստաթուղթ, որը պատրաստվում եմ ստորագրել, սակայն այդ փաստաթուղթը ստորագրման առաջարկի հանգրվանին չի հասել»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել