HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակվում է հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը

Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում թերևս ամենասուր կոնֆլիկտներ առաջացնող ոլորտն է, որտեղ սաստիկ բևեռացված են մի կողմից կառավարության և ոլորտում գործող ընկերությունների, մյուս կողմից՝ հատկապես տեղական բնակչության մոտեցումները։ Խնդիրներն այն աստիճանի են խորացել, որ համայնքների բնակիչները ուղղակի ֆիզիկապես արգելափակում են իրենց բնակավայրերի մոտակայքում հանքարդյունաբերական ցանկացած նախաձեռնություն՝ թույլ չտակով, որ դրանց վերաբերյալ անգամ հնրային քննարկումներ տեղի ունենան։ Պատճառը ոլորտի կառավարման համակարգի նկատմամբ ունեցած չափազանց մեծ անվստահությունն է, որը մարդկանց մոտ հիմնավոր կերպով արմատացել է և պայմանավորված է տասնամյակներ շարունակ ոլորտի կառավարիչների կոռուպցիոն գործելաոճով և ոչ կոմպետենտ կառավարմամբ։ Այդպիսի կառավարումը հանգեցրել է հանքարդյունաբերողների անպատասխանատու վարքագծին և որպես հետևանք՝ մարդկանց կենսամիջավայրի սաստիկ վատթարացմանը, դրանով պայմանավորված առողջապահական լրջագույն խնդիրների։

Այս ամենով հանդերձ, իմ կարծիքով ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառը ոչ թե ոլորտի կառավարման հարցերում ձևավորված բացասական պրակտիկան է, այլ այդ պրակտիկան փոխելունմիտված իրական քայլեր ձեռնարկելու պատրաստակամության բացակայությունը։ Հենց միայն այն, որ կառավարությունն ու ոլորտի պատասխանատուները համառորեն չեն ընդունում իրենց գործողություններով հանրային առողջությանը վնաս պատճառելու փաստը՝ դրա ապացուցման բեռը դնելով սովորական մարդկանց վրա, արդեն իսկ խոսում է խորքային առարկայական խնդիրներից խուսափելու,  ոլորտը կարգի բերելու նպատակի բացակայության մասին։ Ներկայումս մշակվող ռազմավարությունը կարծես թե առաջնորդվում է նույն ոճով՝ առկա հիմնարար խնդիրն «շրջանցելու» տրամաբանությամբ, մինչդեռ ռազմավարական փաստաթուղթը պետք է ուղենշի ոլորտի առողջացման և զարգացման ամբողջական կոնցեպտը՝ փիլիսոփայությունը, որը պետք է հիմք դառնա բնական պաշարների արդյունավետ օգտագործման պետական քաղաքականություն որդեգրելու, օրենսդրական դաշտ մշակելու համար։

Կարծում եմ՝ ոլորտի հարցերին հատվածական մոտեցում որդեգրելու պատճառն այն է, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտի «ռազմավարության» անվան տակ մշակվի մի փաստաթուղթ, որն իրականում ընդամենը կխրախուսի նոր հանքավայրերի շահագործման գործընթացը՝ խուսափելով լուծել ներկայումս ոլորտի առաջացրած խնդիրները։ Պետք է հասկանալ սակայն, որ նախքան գործող հանքարդյունաբերությունը հռչակված՝ բարձր ստանդարտներին բերելու չեն կարող բացվել նոր հանքեր, որոնք ենթադրաբար պետք է շահագործվեն ավելի լավ, քան գործողները, քանի որ այդ դեպքում ոլորտում լինելու է երկու զուգահեռ իրականություն, որոնք կգործեն տարբեր բնապահպանական և իրավական մակարդակներում, ինչը անհեթեթություն է։ Օրինակ՝ ինչպե՞ս պետք է տեսչական մարմինները ստուգում իրականացնեն տարբեր մակարդակներում գործող ընկերություններում։

Ասվածի վկայությունն է նաև այն, որ չնայած վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ֆինանսական հաշվետվությունների և իրական շահառուների բացահայտման հարցում արձանագրված դրական զարգացումներին՝ հանքարդյունաբերության ոլորտը ինչպես անպատասխանատու գործում էր վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, այնպես էլ փաստացիորեն շարունակում է գործել։ Անգամ դրական օրենսդրական փոփոխությունները, որոնք արվել են վերջին տարներին, որևէ ազդեցություն չեն ունեցել ոլորտում փաստացի իրականացվող գործունեության վրա՝ մասամբ ոչ պատշաճ կառավարման և վերահսկողության, մասամբ էլ այն պատճառով, որ ընդունված օրենսդրական բարեփոխումները չեն տարածվում գործող հանքարդյունաբերական նախագծերի վրա, քանի որ չունեն հետադարձ ուժ։

Այսպիսով, ոլորտի զարգացման համար ռազմավարությունը մշակվում է այնպիսի բևեռացված իրավիճակում, երբ բարձր ստանդարտների ներդնումը մի կողմից ազդելու է ընկերությունների շահույթի վրա, իսկ փոքր կամ միջին հանքավայրերի դեպքերում՝ գործունեությունը կարող է դարձնել ոչ շահութաբեր, մյուս կողմից՝ ոլորտի արմատական բարեփոխումների չհանգեցնող՝ ձևական մոտեցումները հանգեցնելու են հենց մշակվող ռազմավարության դեմ հանրային սուր հակազդեցության։ Այս ամենի հաշվառմամբ էլ սույն հոդվածի շրջանակներում փորձելու եմ վերլուծել ներկայումս մշակվող ռազմավարական փաստաթղթի կենսունակությունը։ Քանի որ առկա փաստաթուղթը դեռ ընդամենը մեկնարկային հաշվետվությունն է, որտեղ գերազանցապես ներկայացված են ռազմավարության մշակման հիմքում ընկած կոնցեպտուալ մոտեցումները, հոդվածում քննարկվող դիտարկումները ևս լինելու են կոնցեպտուալ հարցերի վերաբերյալ։

Ընդհանրացնելով նշեմ, որ ներկայումս մշակվող հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության հիմքում ընկած կանխադրույթները, իմ գնահատմամբ, չեն բխում ոլորտում առկա իրողությունների բազմակողմանի ընկալման և առկա մարտահրավերներին համարժեք լուծումներ առաջարկելու տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացվում են պրոֆեսիոնալ թմի կողմից, և հուսով եմ, որ նրանք հընթացս շրջադարձային կերպով կվերանայեն մեկնարկային հաշվետվության մեջ արտացոլված՝ չհավասարակշռված մոտեցումները, ինչպես և նշել են մեկնարկային հաշվետվության տեքստում։ Կարծում եմ, որ այսպիսի կոնցեպտուալ մոտեցումներով մշակվող ռազմավարությունը լինելու է կառավարության համար մշակված հերթական ոչ կենսունակ փաստաթուղթը, որն էլ ավելի է բևեռացնելու ոլորտի ներկայացուցիչների և հանրության միջև առկա կոնֆլիկտը՝ փաստացիորեն դառնալով «դարակներում փոշոտվող»՝ ոչ կիրառելի մի փաստաթուղթ։

Ռազմավարական փաստաթղթի կարևորությունը և դրա մշակման ճանապարհին իրականացված աշխատանքները

Հանքարդյունաբերության ռազմավարության կարևորությունն ընդգծելու համար նախ ասեմ, որ ինձ հայտնի անխտիր բոլոր մասնագետները հանքարդյունաբերության ոլորտի առողջացումը տեսնում են խնդիրների արմատական և ամբողջական կարգավորման միջոցով, որի ամենաարդյունավետ և համապարփակ գործիքը հանքարդյունաբերության ռազմավարության մշակումն է։ Եվ ահա, մի քանի ամիս առաջ սկսվել է այս բոլոր աշխատանքներն ամփոփող՝ ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացը, որը կառավարվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, իսկ բուն փաստաթղթի մշակման աշխատանքներն իրականացնում է Գրանթ Թորոնթոն աուդիտորական կազմակերպությունը՝ մասնագիտական աշխատանքային խմբի միջոցով։ Բնականաբար, այս գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը պետք է լինի շատ սևեռված՝ չնայած ներկայումս Հայաստանում տիրող սուր քաղաքական ճգնաժամի և այլ օբյեկտիվ առաջնահերթությունների։ Կարևոր է նաև, որպեսզի ոլորտի կանոնակարգման հարցերով հետաքրքրված մարդիկ ու կառույցները՝ հանրությունը, ոլորտի ազդեցությունը կրող համայնքի բնակիչները, մասնագիտական խմբերն ու լրագրողները տեղեկացված լինեն գործընթացի ու դրա կարևորության մասին, կարողանան ներգրավվել այս հիմնարար փաստաթղթի մշակման աշխատանքներին՝ իրենց հարցադրումներն ու առաջարկություններն ուղղելով պատասխանատու կառույցներին։

Մեր երկրում հանքարդյունաբերության առաջացրած համակարգային խնդիրները՝ բնապահպանական, հանրային առողջության խնդիրներից մինչև տեղական բնակչության դիրքորոշման իրավական կարգավիճակի հարցը, մասնագիտացված ինստիտուտների և հանրության կողմից բավականին ամբողջական կերպով ուսումնասիրվել և հիմնավորվել են։ Ռազմավարական փաստաթղթով այդ խնդիրներին պետք է տրվեն առարկայական լուծումներ, քանի որ առանց այդ լուծումները տալու ոլորտի հետագա զարգացումն ուղղակի իրատեսական չէ։ Խնդիրներին իրական լուծում չտվող ռազմավարությունը ընդամենը դառնալու է հերթական ոչ կենսունակ փաստաթուղթը, որոնց պակասը պետական գերատեսչությունների թղթապանակներում չի զգացվում։ Այս համատեքստում հարկ է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական փաստաթղթի առաջին տեքստը՝ մեկնարկային հաշվետվությունը, որը ներկայացվել է ոլորտի հարցերով հետաքրքրված կողմերին, կոնցեպտուալ առումով բավականին անհավասարակշիռ փաստաթուղթ է, որտեղ առաջարկվող «զարգացման» մոդելները կտրված են հայաստանյան իրականաությունից՝ չնայած տեքստում բազմիցս շեշտվում է միջազգային գործիքակազմը մեր իրողությունների հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

Նախքան նախագծում արտացոլված կոնցեպտուալ անհամարժեքություններին անդրադառնալը կարևոր է արձանագրել, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացը վաղուց է սկսվել, որի ընթացքում արդեն իսկ ամրագրվել են առանցային հիմնախնդիրների այն շրջանակը, որոնք պետք է ընկած լինեն ռազմավարական փաստաթղթի մշակման հիմքում։ 2017թ․ կառավարության կողմից ընդունված արձանագրային որոշմամբ ընդունվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ, որը պետք է ծառայի որպես ելակետ համապարփակ քաղաքականության մշակման համար։ Հայեցակարգում ուղիղ տեքստով արձանագրված է, որ «չնայած առկա դրական փոփոխություններին և տնտեսության մեջ ունեցած դերին, պետք է նշել, որ հանքարդյունաբերության ոլորտը չի ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքներով ․․․ պինդ օգտակար հանածոների արդյունահանման գործող ծրագրերից ոչ մեկը չի կարելի համարել էկոլոգիապես կայուն ․․․ բնապահպանական օրենքները և կանոնակարգերը, որոնք կարող են լուծե վերոնշյալ խնդիրները, պատշաճ կերպով չեն իրականացվում ․․․ գերիշխող գաղտնիության մշակույթը, որը տիրում է ոլորտում, խոչընդոտում է հասարակության բովանդակալից մասնակցությունը, ինչպես նաև ճշմարիտ և փաստացի տեղեկատվության վրա հիմնված որոշումների կայացմանը ․․․ քաղաքացիական հասարակության կողմից պարբերաբար բարձրաձայնվում են ոլորտի վերաբերյալ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ» և ասպես շարունակ։ 

Այսինքն, նունիսկ կառավարությունն է ընդունել այս պահին ոլորտում հիմնարար խնդիրների առկայությունը, որոնք պետք է առաջնահերթության կարգով լուծվեն՝ նախքան նոր հանքավայրերի շահագործման մասին խոսելը։ Փոխարենը, մշակված մեկնարկային հաշվետվության հիմքում ընկած է նոր հանքավայրերի «լավ» շահագործման կոնցեպտը։ Խոսվում է նույնիսկ հատուկ պահպանվող տարածքներում հանքավայրերի շահագործման, հողահատկացման գործընթացը հեշտացնելու և նմանօրինակ ուղղությունների մասին՝ չառաջարկելով որևէ լուծում որոշումների ընդունման գործընթացում համայնքների և դրանց բնակչության դիրքորոշումը կարևորելու, տնտեսական օգուտների և վնասների գնահատման չափանիշներ մշակելու և այլ այսօրեական հարցերի վերաբերյալ։

Ներկայումս Հայասանում իրականացվող հանքադյունաբերական գործունեության առաջացրած հիմնարար խնդիրները վեր են հանվել նաև մեկ այլ հիմնարար հետազոտական աշխատանքում՝ 2016թ․ Համաշխարհային բանկի կողմից իրականացված արժեքավոր ուսումնասիրությամբ, ինչպես նաև ակադեմիական հաստատությունների ու հանրային խմբերի փաստագրված ուսումնասիրություններով։ Որպես ոլորտի առողջացման և հետագա զարգացման անհրաժեշտ նախապայման՝ մասնագետների և հանրային խմբերի կողից ներկայացվել են ծանրակշիռ հիմնավորումեր ոլորտում ամբողջական քաղաքականության և ռազմավարության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։  

Ոլորտի խնդիրների խորությունը ընկալելու և համարժեք լուծումներ առաջարկելու համար ռազմավարությունը մշակող թիմը պետք է նաև ուսումնասիրի հասարակական և ակադեմիական կառույցների կողմից իրականացված արժեքավոր հետազոտությունները՝ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի (Թրանսփարենսի ինթերնեշնլ հակաոկռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպություն), օրենսդրական փոփոխությունների հարցում ներկայացված խորքային ուսումնասիրությունների (Հանքարդյունաբերական օրենսդրության բարեփոխումների ինստիտուտ հասարակական կազմակերպություն), հանքարդյունաբերական թափոններով պայմանավորված՝ հանրային առողջության վիճակի մասին  (Հայաստանի ամերիկյան համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, համայնքային հասարակական կազմակերպություններ), որոնք հրապարակային փաստաթղթեր են և պարունակում են փաստագրված տվյալներ և ռազմավարական նշանակության առաջարկություններ։

Մշակվող փաստաթղթում ներկայացված ծրագրային մոտեցումների կոնցեպտուալ անհամարժեքությունները

Հաշվի առնելով, որ մշակված փաստաթուղթը դեռ նախնական նախագծային փաստաթուղթն է (մեկնարկային հաշվետվությունը), որին հաջորդելու են ևս երեք նախագծեր՝ մինչև ռազմավարության վերջնական նախագծի ձևակերպումը, այս հոդվածում նպատակահարմար չէ մանրամասն վերլուծել նախագծի առանձին բաղադրիչները։ Անհրաժեշտ է միայն ընդհանուր եզրերով մատնանշել այն կոնցեպտուալ մոտեցումները, որոնք իմ գնահատմամբ պետք է շրջադարձային կերպով վերանայել և ռազմավարության մշակմանն ուղղված հաջորդիվ աշխատանքները կատարել դրանց հաշվառմամբ։

  1. Թերևս ամենահիմնարար խնդիրներից է այն, որ մեկնարկային հաշվետվության տեսլականում որպես կոնցեպտուալ խնդիր դրված չէ այս պահին Հայաստանում իրականացվող ընդերքօգտագործման գործընթացի և ակնկալվող բարձր ստանդարտների հետ համեմատական վերլուծության իրականացում։ Փաստաթղթում ներկայացված տվյալները հիմնականում վերաբերում են օգտակար հանածոների շահագործման հնարավորություններին՝ հպանցիկ անդրադառնալով «նախկինում» եղած վատ պրակտիկայի մասին, ինչը չափազանց մեղմ գնահատական է ոլորտում հենց հիմա առկա խնդիրների իրական մասշտաբների համեմատ։ Հաջորդիվ ներկայացված մոտեցումներում առաջարկվում է շահագործման հանձնել ինչ-որ նոր հանքավայրեր (նախագծում նշված է երեք հանքավայրի մասին՝ չկոնկրետացնելով, ո՞ր հանքավայրերն են մտքում ունեցել այս մոտեցման հեղինակները), որոնք պետք է շահագործվեն աշխարհում առկա ինչ-որ նոր, լավ տեխնոլոգիաներով։

Այս մոտեցումը Հայաստանում կատարելապես ձախողված և մերժված է, քանի որ այդօրինակ խոստումներով արդեն իսկ հաստատվել են մի քանի արդյունահանման ծրագրեր, որոնց շահագործման տարբեր փուլերում բնակիչները տեսել են հռչակված «լավագույն տեխնոլոգիաների», ջրի փակ շրջանառու համակարգերի պատճառած հետևանքները (Թեղուտ), «չոր պոչերի» կամ առանց ընդերքօգտագործման թափոնների իրականացվող ընդերքօգտագործման նորագույն տեխնոլոգիաները (Արմանիս) և այլ բազմաթիվ օրինակներ։ Ռազմավարական փաստաթղթի հիմքում պետք է ոչ թե ընկած լինի ինչ-որ հիպոթետիկ, մեզանից շատ հեռու տեխնոլոգիաների գոյության մասին հավաստիացումները, այլ գործող հանքարդյունաբերությունը այդ տեխնոլոգիաների կիրառմամբ կարգի բերելու հստակ արտահայտված պահանջը, մեխանիզմը և ժամանակացույցը։

Մեկնարկային հաշվետվությունից հետո ռազմավարությունը մշակող թիմը նախատեսում է ներկայացնել ռեսուրսների համաչափ արդյունահանման վերաբերյալ աշխատանքային փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, պետք է բխեն միջազգային լավագույն փորձից և համապատասխանեն հայաստանյան իրողությունների հետ։ Նախատեսվում է նաև ներկայացնել ոլորտում առկա համակարգային խնդիրները, որոնց հիման վրա կմշակվի գործողությունների ծրագիր՝ տրամադրելով լուծումներ ներկայիս իրավիճակի և միջազգային լավագույն փորձի միջև բացերը լրացնելու ուղղությամբ։ Այնուհանդերձ, մեկնարկային հաշվետվությամբ առաջարկվող մոտեցումները վկայում են, որ առկա է ոլորտի կարգավորման շուրջ առաջնահերթությունների անհամարժեք ընկալման խնդիր։ Քանի դեռ սահմանված չէ հստակ առաջնահերթություն, որ նախքան նոր հանքավայրերի շահագործումը պետք է գործող հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի առաջարկվող չափանիշներին, ոլորտի կայուն զարգացմանը վերաբերող լավ ստանդարտների մասին պնդումները հանրային ընկալման մեջ ռազմավարությունը դարձնում են հանքարդյունաբերական լոբբինգի գործիքակազմ, և ոչ թե ոլորտի առողջացմանն ու զարգացմանը միտված արժանահավատ փաստաթուղթ։ Ի վերջո, հստակորեն հաշվարկված և հավասարակշռված ցուցանիշների հիման վրա պետք է նախ հիմնավորել ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ոչ թե դա համարել որպես ինքնին ենթադրվող փաստ։ Բացի այդ, ռազմավարությունն ընդունվում է ամբողջ ոլորտի, և ոչ թե միայն նոր բացվելիք հանքերի համար, և ստանդարտները պետք է լինեն հավասարապես կիրառելի բոլորի համար՝ սկսելով գործող հանքավայրերից։ 

  • Մեկնարկային հաշվետվությամբ ապրիորի խոսվում է ոլորտի զարգացման և ընդլայնման անհրաժեշտության մասին՝ առանց դա հիմնավորելու տարածքային զարգացման և պլանավորման, տնտեսության այլ ճյուղերի հետ համատեղելիության, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող՝ արդյունաբերական ծրագրերի օգուտների և վասների հարաբերակցությունը գնահատելու չափանիշներին համապատասխանության և այլ կարևոր վերլուծությունների։ Մասնավորապես, Եվրամիության երկրների համար գործող՝ խոշոր ներդրումային ծրագրերի օգուտների և վնասների վերլուծության ուղեցույցում շատ մանրակրկիտ կերպով մշակված են հստակ չափորոշիչներ, որոնցով գնահատվում է 50 միիոն եվրոյից ավելի ներդրումային ծրագրերի տնտեսական օգուտների և վնասների հաշվարկման համար։ Հաշվարկելի և չափելի չափորոշիչներից են ծրագրի թողած ազդեցությունը ընդհանուր բարեկեցության վրա (Contribution to Welfare), տնտեսական զուտ առկա արժեքը (Economic Net Present Value), սոցիալական վստահութան գործակիցը (Social Discount Rate) և այլ միավորներ։ Ընդ որում, տնտեսական իգուտ-վնաս վերլուծությունը չպետք է նույնացնել ֆինանսական օգուտ-վնաս վերլուծության հետ, որն արվում է նախագծի շահութաբերությունը գնահատելու համար։

Միևնույն ժամանակ, մեկնարկային հաշվետվության համաձայն՝ ռազմավարությունը մշակելիս պետք է վերլուծության ենթարկվեն հարակից ոլորտներին առնչվող ռազմավարական փաստաթղթերը, ինչն էլ ավելի է ընդգծում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վերաբերյալ արված հետևությունների հապճեպությունը, քանի որ դրանք համալիր կերպով ուսումնասիրելու, ոլորտի արդյունավետությունը ոչ միայն տնտեսական օգուտների, այլև սոցիալ-տնտեսական վնասների համատեքստում գնահատելու արդյունքում, թեկուզ տեսականորեն, կարող է պարզվել, որ ոլորտի ինտենսիվ զարգացումը՝ նոր հանքավայրերի շահագործմամբ, հեռանկարային չէ Հայաստանի համար։

Այս ամենով հանդերձ, տնտեսական արդյունավետության հարցերը ներկայացված են ռեսուրսների գնահատման տեխնիակական հրահանգների կատարելագործման համատեքստում, և ոչ թե ռազմավարական փաստաթղթերին բնորոշ՝ վերամշակման և վերջնական արտադրանքի ստեղծման անհրաժեշտության համատեքստում։

  • Ինչպես նշվեց, քննարկվող նախագիծը կենտրոնացած չէ այս պահին իրականացվող հանքարդյունաբերական գործունեության առարկայական խնդիրների վրա՝ որպես առաջնահերթություն։ Սրան հաջորդում է կոնցեպտուալ բացերի շղթան առ այն, թե տնտեսական առումով որքանո՞վ է հնարավոր գործող հանքարդյունաբերական ձեռնարկություններին բերել հռչակված՝ լավագույն ստանդարտների դաշտ (ծախսերի գնահատում, դրանց բաշխում և առողջացման գործընթացի ժամանակահատված, բարձր ստանդարտներով աշխատելու դեպքում՝ ոլորտի շահութաբերության գնահատում և այլն)։

Մասնագիտական վերլուծություններում հանդիպում են մոտեցումներ, որ բարձր ստանդարտների ապահովման ծախսատարությունը կարող է հանքարդյունաբերությունը Հայաստանում դարձնել ոչ շահութաբեր։ Հենց այս համատեքստում է անհրաժեշտ  գնահատել ոլորտի կայունությունը և Հայաստանում դրա զարգացման հեռանկարները՝ առաջնորդվելով խոշոր ներդրումային ծրագրերի օգուտ-վնաս հարաբերակցության գործիքակազմով (օրինակ՝ Եվրամիության շրջանակներում մշակված համանման մեխանիզմը, որն առկա է նաև հայերեն թարգմանությամբ)։

  • Բացակայում են կոնցեպտուալ մոտեցումները, թե ի՞նչ լուծումներ են տրվելու իրավական դաշտի կանոնակարգման հարցերում։ Օրինակ՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) վերջին տարեկան հաշվետվության մեջ, որպես առանցքային իրավական հիմնախնդիրներ մատնանշված է օրենսդրական բարեփոխումների հետադարձ ուժի հիմնախնդիրը։ Ինչպես վերևում նշվեց, վերջին շրջանում կատարվել են էական օրենսդրական փոփոխություններ, որոնք բավականին լուրջ ֆինանսական և սոցիալական պարտավորություններ են նախատեսել ընդերքօգտագործող ընկերությւոնների համար։ Սակայն խնդիրն այն է, որ ներկայումս նոր պահանջները չեն կարող տարածվել գործող հանքարդյունաբերական ընկերությունների վրա։ Սա առանցքային խնդիր է, քանի որ չի կարող ոլորտում գործող տարբեր տնտեսվարողների համար լինել տարբեր պահանջներ և ստեղծել պատասխանատվության անհավասար պայմաններ։ Այս հիմնահարցը ևս վերաբերում է գործող հանքարդյունաբերության կարգավորմանը և խոստացված՝ լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը։
  • Նախագծում չի առաջարկվում լուծումներ՝ հարակից համայնքների բնակչության իրավական կարգավիճակի և որոշումների ընդունման հարցում կամահայտնության իրավական նշանակության մասին, մինչդեռ ներկայումս Հայաստանում բավականին լայն տարածում է ստացել հանրագրերի ինստիտուտը, որոնց միջոցով բազմաթիվ համայնքների բնակիչներ դիմել են իրենց տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքի վարչական տարածքում հանքարդյունաբերությունն արգելելու և միայն էկոլոգիապես մաքուր տնտեսական ճյուղերի զարգացումը թույլատրելու մասին։ Որքան էլ այս հարցը իրավական առումով խնդրահարույց լինի, ռազմավարական փաստաթղթի և առհասարակ ոլորտի կենսակայունության առումով անհրաժեշտ է այս հարցում առաջարկել հավասարակշռված դիրքորոշում։

Համայնքի բնակիչների կողմից հանքարդյունաբերական նախագծերի դեմ պարբերաբար իրականացվող բողոքի գործողությունները (հանրային քննարկումների խափանում, դատական հայցեր) վկայում են, որ պետք է համայնքի բնակիչներին օժտել որոշում կայացնելու այնպիսի կայուն իրավասություններով, որոնք վերջիններիս թույլ կտան որոշակի պայմանների առկայության դեպքում  կայացնել իրավաբանորեն պարտադիր որոշումներ։ Մասնավորապես՝ մերժելու իրենց կենսակերպի հետ անհամատեղելի գործունեության տեսակների իրականացումը իրենց բնակավայրին հարակից տարածքներում, որը կարող է ձևակերպվել հանրագրի, տեղական հանրաքվեի կամ համանման այլ մեխանիզմի կիրառմամբ։ Քննարկվող փաստաթղթում որդեգրված դիրքորոշումը, որ մարդկանց պետք է բացատրել, թե ինչ լավ տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնք թույլ են տալիս աննշան ազդեցությամբ իրականացնել հանքի շահագործում, չի կարող ընդունելի մոտեցում համարվել։ Վերևում այս տեսակետը հիմնավորող փաստարկները ներկայացված են։ Ավելին, նախագծի հիմքում ընկած է ընկերությունների համար հողային իրավունքների ձեռքբերման դյուրինացման տրամաբանությունը, որը էլ ավելի է նեղացնում համայնքների ունեցած իրավունքների շրջանակը, որը կբերի էլ ավելի մեծ հանրային դիմադրության, եթե չհավասարակշռվի որոշումների ընդունման հարցում համայնքի իրավունքներն ընդլայնող այլ գործիքներով։

  1. Մեկնարկային հաշվետվության մեջ խոսվում է այն մասին, որ կլիմայի փոփոխության մարտահրավերները մեղմելու արդյունքում համաշխարհային տնտեսությունն անցում է կատարում դեպի «կանաչ» արդյունաբերություն, ինչի համար կբարձրանա հանքանյութերի պահանջարկը, և որ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը կարող է մասնակցել այդ նպատակին հասնելու գործընթացում։ Հարց է առաջանում, թե որքանո՞վ է տեղին գլոբալ առումով կանաչ տնտեսության ոլորտների աճը կապել Հայաստանի հանքարդյունաբերության պրակտիկայի հետ, քանի որ հայաստանյան համատեքստում այսպիսի թեզեր շրջանառելու համար չկա ուղիղ պատճառահետևանքային կապ․ Հայաստանից արդյունահանված բնական պաշարները գրեթե ամբողջությամբ արտահանվում են հանքահումքի տեսքով, որոնք այլ երկրներում դառնում են պատրաստի արտադրանք և մեր երկիր ներմուծվում են բազմապաիկ թանկ արժեքով։

Հայաստանի համար մշակվող ռազմավարական փաստաթուղթը պետք է հիմնավորի, թե որքանո՞վ է ոլորտի զարգացումը հանգեցնելու Հայաստանում կանաչ արդյունաբերության զարգացմանը։ Այլ երկրներին հանքահումքի մատակարարումը՝ թեկուզ այդ երկրներում կանաչ տնտեսության զարգացմանը նպաստելու համար, կրկին խոսում է կոնցեպտուալ առումով սխալ ուղղվածության մասին։ Իսկ այն, որ բնական պաշարների նկատմամբ միջազգային շուկայում պահանջարկը բարձրանում է, պայմանավորված է ոչ միայն կանաչ արդյունաբերության զարգացման հետ։ Ռազմավարության մեջ պետք է ներկայացվի հստակ կոնցեպտուալ ուղղություն, թե կա՞ն արդյոք նախադրյալներ, որ Հայաստանում արդյունահանվող բնական պաշարների վերամշակման ցիկլերն անցնել տեղում, և հատկապես ո՞ր ոլորտներում։

Կարո՞ղ է արդյոք մետաղական հանածոների արդյունահանումը սահմանափակվել այն չափով, որը բավարար է Հայաստանում վերամշակելու համար, թե՞ մեր հանքարդյունաբերության պոտենցիալը պետք է շարունակի լինել պարզունակ՝ հանքահումք կամ նախնական վերամշակման ապրանքատեսակների արտահանման մակարդակում (ֆեռոմոլիբդեն, եռակցված մոլիբդեն և այլն։ Կառավարությունը կարծես վերամշակող ձեռնարկություններ հիմնելու ծրագրեր ունի, որոնց իրատեսական լինելը պետք է ռազմավարական փաստաթղթում վերլուծել և հաշվարկներով հիմնավորել։

  1. Ոլորտի կառավարման հարցում թերևս ամենախոցելի հարցերից է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մեխանիզմի արդյունավետությունն ու հիմնավորվածությունը։ Թույլտվությունների տրամադրման համակարգի խնդիրները մեկնարկային հաշվետվությունում նույնպես ներկայացված են կոնցեպտուալ առումով անհամարժեք ուղղվածությամբ։ Այս հարցում հիմնական խնդիրը թույլտվության ըտրամադրման մեխանիզմի հիմնովին ոչ պիտանիությունն է և գնահատումների մասնագիտական ոչ հիմնավորվածությունը, ինչն էլ հանգեցրել է ոլորտում կոռուպցիայի խոշոր ծավալներին և հանրային անվստահության ներկայիս բևեռային մակարդակին։ Խնդիրն արդիական է հատկապես Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, երբ պետական հսկայական միջոցներ տրամադրվեցին օտարերկրյա կազմակերպություններին ծրագրային փաստաթղթերի մասնագիտական գնահատում իրականացնելու համար, այն դեպքում, երբ պետական կառույցների կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումներն արդեն իրականացվել էին։ Այս խնդրի մասին ոչինչ չի ասվում՝ փոխարենը թույլտվությունների տրամադրման համատեքստում ներկայացված են ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու շուրջ դատողություններ։
  1. Բնապահպանական հարցերը նույնպես ներկայացված են տեխնիկական լուծումների մակարդակում՝ հիմնականում կենտրոնանալով պոչամբարների և ջրային ռեսուրսների կառավարման, աղոտման հարկման, հանքի փակման հարցերի շրջանակներում։ Բացակայում է էկոլոգիական հիմնահարցերով պայմանավորված՝ հանքարդյունաբերության սահմանափակման վերաբերյալ որևէ կոնցեպտուալ մոտեցում։ Ինչպես վերևում նշվեց՝ իսպառ բացակայում է հանքարդյունաբերական թափոններով աղտոտված գոտիներում բնակվող մարդկանց առողջության վրա ազդեցության գնահատման, պատճառվող վնասի փոխհատուցման վերաբերյալ որևէ դատողություն, որն այսօր թիվ մեկ առաջնահերթություններից է այսպես կոչված «սոցիալական լիցենզիա» ստանալու համար։

Եվս մեկ անգամ անհրաժեշտ եմ համարում շեշտադրել, որ ներկայացված դիտարկումները նախնական են և վերաբերում են մշակվող ռազմավարության հիմքում ընկած կոնցեպտուալ մոտեցումներին։ Առավել թիրախային դիտարկումներ ներկայացնելու համար սպասենք ռազմավարական փաստաթղթի և գործողությունների ծրագրի առաջին նախագծին։

Հետաքրքիր կլինի նաև ծանոթանալ ռազմավարությունը մշակող թիմի մոտեցումներին՝  փաստաթղթի իրականացման ռիսկերի հարցում։ Արդյո՞ք այդ ռիսկերի մեջ նրանք տեսնում են հանրության և հատկապես ազդակիր համայնքների բնակչության բացասական դիրքորոշումը մշակվող փաստաթղթի անկյունաքարը համարվող՝ նոր հանքերի բացման և դրա համար ներդրումները խթանելու կոնցեպտի հարցում։ Հուսամ, այս հարցում ևս չեն առաջնորդվի այն սկզբունքով, որ մարդկանց կբացատրեն, թե ինչ լավ ստանդարտներ են կիրառվում Ֆինլանդիայում և այլուր, և որ խնդիրը ոչ թե այդ նույն մարդկանց աչքի առաջ՝ հարևան գյուղում տեղի ունեցող աղետն է, այլ միջազգային լավ ստանդարտներից գլուխ չհանելը։

Ամփոփելով արձանագրեմ նաև, որ մշակվող ռազմավարական փաստաթուղթը հանդիսանում է հիմնադրութային փաստաթուղթ, որը պետք է ենթարկվի ռազմավարական էկոլոգիական գնահատման։ Հաշվի առնելով ոլորտը կառավարող համակարգի մասնագիտական մակարդակը՝ այսօրվանից արդեն պետք է մտածել այն մասին, որ այս փաստաթղթի ՌԷԳ-ը իրականացվի լուրջ գիտական ներուժ ունեցող կառույցների կողմից՝ գուցե հենց նույն ֆիննական կամ շվեդական ինստիտուտների, որոնք նույն գործառույթներն իրականացնում են իրենց երկրի հանքարդյունաբերության համար։

Արթուր Գրիգորյան

Էկոլոգիական իրավունքի մասնագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter