
Արթուր Ղազինյանի առաջադրումը կանխող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրվել
Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ է առաջարկում, որպեսզի Արթուր Ղազինյանը չընտրվի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու:
Այսպիսին է պատգամավորի առաջարկած նախագծի էությունը: Հիշեցնենք, որ արդեն 12 անգամ մերժվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Քաղաքական մեծամասնության պատգամավորները տարբեր պատճառաբանություններով մերժում են վերջինիս թեկնածությունը, և գրեթե ամեն նիստի ժամանակ քննարկում Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումները, որտեղ անդրադարձ կա վարչապետ Փաշինյանին:
Նշենք, որ Դոնթի բանաձևի համաձայն՝ այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է երկրորդ ընդդիմադիր խմբակցությանը:
Ըստ նախագծի հեղինակի՝ ԱԺ կանոնակարգ-օրենքը բաց ունի, ինչի պատճառով հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Եւ, ըստ այդմ, եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա, ըստ նախագծի, տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի քաղաքական մեծամասնությանը:
Նշենք, որ նախագիծը դեռևս պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:
Մեկնաբանել