HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստը

Երևանում այսօր՝ նոյեմբերի 18-ին, մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ 

Նոյեմբերի 18-ին Բաղրամյան 26-ում կկայանա մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի կողմերի նեղ կազմով հանդիպումը։ 

Երկկողմ հանդիպումները և ընդլայնված կազմով հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Այս հանդիպումը կդառնա 29-րդը 2015 թվականի հունվարի 1-ից ի վեր, երբ իր աշխատանքն սկսեց Եվրասիական տնտեսական միությունը և 4-րդը ընթացիկ տարվա ընթացքում։

2021 թվականի մյուս հանդիպումները կայացել էին Ալմա Աթայում՝ 2021 թվականի փետրվարի 5-ին, Կազանում՝ ապրիլի 29-30-ը և Չոլպոն-Աթայում՝ օգոստոսի 19-20-ը։ Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի վարչապետները։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: «Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերին, ինչպես նաև` Միության անդամ պետությունների` դեղերով և դեղագործական նյութերով ապահովման խնդիրների վրա»,- ավելի վաղ հայտարարել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ 

Նշվում է նաև, որ հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել Չինաստանից ծագող և ԵԱՏՄ ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ հակադեմպինգային միջոցի սահմանման հարցին:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում նախատեսվում է մի շարք որոշումների ստորագրում, որով նախատեսվում է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման հետագա ընթացքը։ Մասնավորապես, կստորագրվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագիր:

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության ֆոնին, երբ ընդամենը երկու օր առաջ մարտական գործողություններ էին ընթանում Սյունիքի տարածքում։ Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները, ապօրինաբար հատելով սահմանը, առաջ են եկել ՀՀ արևելյան հատվածում։ Ադրբեջանական թիրախի տակ է հայտնվել Երևան-Կապան ավտոճանապարհը։

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողություններն սկսվել էին ադրբեջանական սադրանքի արդյունքում։ Հայկական կողմը հայտարարել էր, որ դիմելու է Ռուսաստանին օգնության համար։

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույն օրը, ժամը 18:30-ից սկսած, ռուսական կողմի միջնորդության արդյունքում, կողմերը դադարեցրել էին մարտական գործողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter