HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հայաստանյան բանկերն իրենք իրենց նոր լիազորություններ են տվել․ ԿԲ-ն խնդիր չի տեսնում

Հայաստանում գործող բանկերը հաճախորդների անձնական տվյալները փնտրելու, մշակելու և երրորդ անձանց փոխանցելու նոր լիազորություններով են իրենց օժտել։

«Հետք»-ը պարզել է, որ բանկերը վարկեր տրամադրելուց, հաշիվներ բացելուց և այլ գործարքներ կատարելուց հաճախորդներին համաձայնագրեր են տալիս ստորագրելու։ Առանց այդ փաստաթուղթը հաճախորդի կողմից ստորագրելու՝ բանկերը հրաժարվում են գործարքները շարունակելուց։

Չնշելով կոնկրետ բանկերի անունները՝ ներկայացնում ենք մեր տրամադրության տակ հայտնված համաձայնագրերի օրինակներ։

Որպեսզի շփոթմունք չառաջանա, նշենք, որ հաճախորդների անձնական տվյալները բանկերը միշտ էլ իրավունք են ունեցել հավաքել և մշակել՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի։ Հաճախորդների վարկունակության գնահատման նպատակով էլ հարցումներ են կատարել վարկային բյուրո։

Այս տարվանից որոշ բանկեր արդեն սկսել են գույքային, ընտանեկան դրության և այլ տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ համաձայնագրեր տալ հաճախորդներին ստորագրելու։

Բերենք դրանցից մեկից մեջբերում․ «Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ բանկը սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքերի վերաբերյալ հարցում կատարի Կադաստրի կոմիտե և ստանա սպառիչ տեղեկություններ իմ գույքային իրավունքների, այդ թվում՝ դրանց ծագման հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև կադաստրային գործից ստանա սեփականության իրավունքի վկայականի, հատակագծի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝ մինչև իմ պարտավորությունների կատարումը»։ Բացի անշարժ գույքից, բանկը նաև իրավունք է ստանում Ճանապարհային ոստիկանությունից իմանալու հաճախորդը մեքենա ունի, թե ոչ, եթե ունի՝ ինչ հիմքով է ձեռք բերել (պայմանագիրը, գինը, ումից է ձեռք բերել և այլն)։ Իրավունք է ստանում ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նաև ապահովագրական ընկերություններից, ապահովագրական բյուրոյից։

Բանկերից մեկը հաճախորդից համաձայնությունը ստանում է 50 տարի ժամկետով՝ վարկային պայմանագրի գործողության ժամկետից անկախ։ Բանկն այդ ընթացքում հաճախորդի վերաբերյալ ցանկացած տեղեկություն կարող է ստանալ հետևյալ կառույցներից՝ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ (ԶԱԳՍ և այլն), Ճանապարհային ոստիկանություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Հարկադիր կատարման ծառայություն, Պետեկամուտների կոմիտե, Կադաստրի կոմիտե։ Իհարկե, բանկը վերջում ասում է, որ կարող եք հետ կանչել ձեր համաձայնությունը, բայց առանց համաձայնության գործարք չի անում։

Եթե բանկերից մեկը 50 տարի ժամկետով է համաձայնությունը կորզում հաճախորդից, ապա մյուսն էլ դա անում է անժամկետ։ «Համաձայն եմ, որ բանկը մշակի իմ անձնական տվյալներն առանց ժամկետային սահմանափակման»,- գրված է մյուս բանկի համաձայնագրի օրինակում, իսկ մինչ այդ նշված է, որ տալիս է իր համաձայնությունը պետական տեղեկատվական շտեմարաններից իր վերաբերյալ տեղեկություններ ստանալու։

Փորձեցինք պարզել՝ արդյո՞ք բանկերի գործունեությունը վերահսկող ՀՀ Կենտրոնական բանկը տեղյակ է այս ամենից, և եթե տեղյակ է, ապա ի՞նչ դիրքորոշում ունի։

Կենտրոնական բանկի դիրքորոշումը բխում է բանկերի շահերից։ Գլխավոր դրամատանը խնդիր չեն տեսնում։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ մեր մատնանշած համաձայնությունները ձեռք են բերվել պայմանագրային հարաբերություններ հաստատելու շրջանակում՝ կամավորության հիմունքներով: ԿԲ-ում ընդգծում են, որ հաճախորդներն ազատ են հետ կանչելու այդ համաձայնագրերը։

«Նշենք, որ գրությամբ նշված համաձայնություններն անհրաժեշտ են հաճախորդի կողմից հայցվող ծառայությունները մատուցելու նպատակով, այդ թվում՝ հաճախորդի վարկային ռիսկը գնահատելու համար: Ավելին, հարկ ենք համարում նշել, որ առանց վարկունակության գնահատման՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը կարող է լինել սահմանափակ, ինչը բացասաբար կազդի ֆինանսական միջնորդության մակարդակի և որակի վրա»,- ասված է մեր հարցման պատասխանում։

Թեև մենք Կենտրոնական բանկին տրամադրել էինք համաձայնագրերի օրինակները, որոնցում մի դեպքում նշված էր, որ բանկն այդ իրավունքը ստանում է 50 տարի ժամկետով, մյուսում՝ անժամկետ, ԿԲ-ում այդ դրվագին չեն անդրադարձել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter