
Տիգրան Աբրահամյան. «Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի գերիների հրատապ հայրենադարձումը»
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ` կրակոցների դադարեցման պայմանավորվածությունից հետո էլ իրավիճակն ամբողջությամբ հանգուցալուծված չէ:
Խոսելով ադրբեջանական ագրեսիայի մասին Աբրահամյանն ասաց, թե պետք է հասկանալ պատճառները՝ ինչ իրավիճակում է տեղի ունեցել այս նոր ագրեսիան, և Ադրբեջանն իրականում ինչ խնդիր էր դրել իր առջև:
«Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է հասկանալ՝ բացի նրանից, որ բռնազավթում է եղել ՀՀ տարածքների նկատմամբ, իրականում ինչ նոր այլ սպառնալիքներ է ստեղծվել Հայաստանի համար»,- ասաց պատգամավորը:
Աբրահամյանն ընդգծեց` այդ գործողություններից 2-3 օր հետո մոտ 2 տասնյակ զինծառառայողի մասին որևէ տեղեկություն չկա, ապա մտահոգիչ համարեց ադրբեջանական տարբեր տելեգրամյան ալիքներում հրապարակվող` հայ զինծառայողներին բռնությունների, խոշտանգումների ենթարկելու տեսանյութերը:
«Նրանց ֆիզիկական գոյության առումով այսօր մենք ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ: Անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ հանգամանքներում են անհետ կորել կամ գերեվարվել, մեր գլխավոր խնդիրը, որպես ՀՀ, պետք է լինի այդ մարդկանց հրատապ ձևով հայրենադարձումը: Դրանից հետո, թե ինչ ընթացակարգեր կլինեն, արդեն օրենքով սահմանված են»,- ասաց նա:
Աբրահամյանի համար մտահոգիչ է նաև հարցը, թե ինչ գին է ունենալու կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
«Այս պահին եղած իրավիճակը ոչ միայն շարունակում է բարձր ռիսկեր պարունակել իրավիճակի նոր զարգացումների առումով, այլ՝ քաղաքական և բանակցային առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ էին եղել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ` ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:
Մեկնաբանել