HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սարիբեկ Սուքիասյանը շատ գումար ունի, իսկ Գարեգին Նուշիկյանը` «լավ խնամի»

Ընդունված է ասել, որ պատգամավոր ընտրվելու համար ամենակարճ ճանապարհը շատ փող ունենալն է: Դժվար է գուշակել, թե փողն ինչ դեր կարող է խաղալ, եթե մի շարք այլ գործոններ քո դեմ են աշխատում: Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հենց այսպիսի վիճակ է. ընդդիմադիր թեկնածուն մի քանի անգամ շատ գումար ունի, քան հակառակորդ իշխանական թեկնածուն, սակայն վերջինս էլ մի շարք հնարավորություններ ունի իր կապերով, վարչական ռեսուրսով մրցակցին «չեզոքացնելու» համար: Ստորեւ ներկայացնում ենք երկու թեկնածուների եկամուտներն ու ունեցվածքը:

ՀԱԿ. Սարիբեկ Սուքիասյան. ինչպես նշել էինք, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում նորից պատգամավոր դառնալու ցանկություն էր հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սակայն ԿԸՀ-ն նրա թեկնածությունը չգրանցեց եւ նրա փոխարեն առաջադրվեց եղբայրը` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

Սարիբեկ Սուքիասյանը թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որտեղ նշել է 22 անուն անշարժ գույք` հողամաս, շենք-շինություն: Փոխարենը չի նշել եւ ոչ մի ավտոմեքենա, ինչպես նաեւ 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող գույք կամ իր:

Շատ են նաեւ պատգամավորության թեկնածուի եկամտի աղբյուրները: Ներկայացնում ենք դրանց աղբյուրի միայն մի մասը: Մեկ տարվա ընթացքում 72 միլիոն 350 հազար դրամի եկամուտ է ստացել «Նարեկ» ՍՊԸ-ում ունեցած շահաբաժնից, իսկ 60 հազար դոլար եւ 11 միլիոն դրամ նույն ընկերությունից, սակայն` փոխառությունից:

Սարիբեկ Սուքիասյանին 600 հազար դրամի եկամուտ է բերել նաեւ «Նարեկ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված գույքը: Միայն «Հայեկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացված շահաբաժինը կազմում է 49 միլիոն 581 հազար 450 դրամ, աշխատավարձը` 19 միլիոն 772 հազար 361 դրամ:

Մարտի 1-ի դրությամբ Սարիբեկ Սուքիասյանի հաշվեհամարին եղել է 303 միլիոն 989 հազար, 156 դրամ 90 լումա, 18 միլիոն 795 հազար 483 դոլար 75 ցենտ եւ 115 հազար 93 եվրո 69 ցենտ:  

Սարիբեկ Սուքիասյանը 25 տոկոս բաժնեմաս ունի «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ում եւ 17 տոկոս` «Գորվետկա հացի գործարան» ՍՊԸ-ում:

ՀՀԿ. Գարեգին Նուշիկյան. «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի նախագահ Գարեգին Նուշիկյանն առաջին անգամ է առաջադրվում պատգամավորության թեկնածու: Նա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խնամին է, եւ դժվար է ասել` այդ կապը նրան կօգնի՞ ընտրություններում հաղթանակ տանելու համար, թե՞ կվնասի:

Ըստ Գարեգին Նուշիկյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրի` նա համեստ ունեցվածք ունի: Հայտարարագրել է համասեփականության իրավունքով իրեն պատկանող 64.35քմ մակերեսով ընդամենը մեկ բնակարան: Գործարար պատգամավորության թեկնածուն, ըստ հայտարարագրի, ոչ ավտոմեքենա ունի, ոչ էլ թանկարժեք գույք ու իր:

Գարեգին Նուշիկյանի եկմուտի աղբյուրը միայն «Նուշիկյան ասոցիացիան» է: Մեկ տարվա ընթացքում ՍՊԸ-ից ստացել է 3 միլիոն 898 հազար 800 դրամ աշխատավարձ եւ 106 միլիոն 500 հազար դրամ` բաժնեմասից ստացված եկամուտ:

Մարտի 1-ի դրությամբ ՀՀԿ-ական թեկնածուի հաշվեհամարին եղել է 10 միլիոն դրամ: Թեեւ Գարեգին Նուշիկյանն իր ղեկավարած ասոցիացիայում ունեցած բաժնեմասից եկամուտ է ստացել, սակայն չի հայտարարագրել, թե ընկերությունում որքան է իր ներդրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter