HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համացանցի միջոցով խարդախություն կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարող խմբի անդամներից երկուսի ինքնությունը, խարդախության մեխանիզմը:

«Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 29 և 21-ամյա երիտասարդները, սոցիալական ցանցի միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մտադրությամբ, ստեղծել են հանցավոր խումբ և կատարել դերաբաշխում՝ խմբի կազմում ներգրավելով նաև համապատասխան համակարգչային մասնագետ, ով ստեղծել է «ajakic.com» անվանմամբ կայք:

Այնուհետև www.facebook.com սոցիալական ցանցում տեղադրելով գովազդ, թե իբր «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունն ընդամենը հաշված րոպեների ընթացքում, առանց վարկային պատմության և երաշխավորի տրամադրում է մինչև 4 մլն դրամի չափով վարկ՝ օգտատերերին ուղղորդել են վարկ ստանալու վերաբերյալ հայտ ներկայացնելու համար այցելել իրենց կողմից ստեղծված հիշյալ կայք:

Կապ հաստատելով հայտատուների հետ և մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից՝ քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով հավաստիացրել են, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և այն ստանալու համար պահանջել 094 605-868 և 077 137-362 հեռախոսահամարներով «Tellcell» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար, որոնք տարբեր օրերի կանխիկացվել է կազմակերպված խմբի անդամների կողմից և հափշտակվել:

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կողմից, այս եղանակով, 2021թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկ տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ ընդհանուր առմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 939 800 դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 29-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու հնարավոր այլ եղանակները և տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են կազմակերպված խմբի այսօրինակ գործողություններից, կարող են դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Միաժամանակ՝ Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն արդեն ստուգված և վստահելի կազմակերպությունների ծառայություններից»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter