
Թուրքիայում հայտարարում են Ֆեթուլահ Գյուլենի մահվան մասին, իսկ նրա մերձավորները՝ հերքում
Թուրք քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենը, որին անվանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, նոյեմբերի 16-ին, ԱՄՆ-ում, իբր, թունավորվել է։ Այդ մասին հայտնել է թուրքական Oda TV լրատվական պորտալը՝ հղում անելով թուրքական հատուկ ծառայությունների իր աղբյուրներին։
Փաստաբան Բուրաք Բեքիրօղլուն հայտարարել է, որ Գյուլենին թունավորել է նրա մերձավորներից Ջևդեթ Թյուրքյոլուն։ Ավելի ուշ, Բեքիրօղլուն նշել է, որ տեղի ունեցածի արդյունքում Գյուլենը կորցրել է խոսելու ունակությունը, սակայն ողջ է մնացել։
Oda TV-ի տվյալներով՝ Գյուլենի կազմակերպության մոլլաներից մեկը ինքնասպանություն է գործել Փենսիլվանիա նահանգի ֆերմաներից մեկում։ Oda TV-ն և Բուրաք Բեքիրօղլուն պնդում են, որ կազմակերպության աջակիցներին հրամայվել է լռել կատարվածի վերաբերյալ։
Լրագրող և «Հիզմեթ» շարժման աջակից Էմրե Ուսլուն նոյեմբերի 17-ին՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտարարել է, որ Ֆեթուլահ Գյուլենը ողջ և առողջ է։ Նույն օրը նույն Ջևդեթ Թյուրքյոլուն հրապարակել է տեսանյութ, որտեղ հայտարարել է, որ Գյուլենը ողջ է։
17.11.2021 pic.twitter.com/LDL73jC1Zi
— Cevdet Turkyolu (@C_turkyolu) November 17, 2021
Նոյեմբերի 18-ին Գյուլենի աջակիցների յութուբյան ալիքներից մեկում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ քարոզչին նկարահանել էին աղոթքի ժամանակ։ Փենսիլվանիայի ոստիկանությունը, որտեղ բնակվում է Գյուլենը, ռուսական РИА Новости-ին հայտնել էր, որ համակարգում տվյալներ չկան, որոնք կհաստատեն Գյուլենի մահվան մասին լուրերը։
Ֆեթուլահ Գյուլենը թուրք հասարակական գործիչ, գրող և նախկին իմամ է։ 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Գյուլենի գաղափարների շուրջ 1970-ական թվականներին ձևավորվել է «Հիզմեթ» շարժումը, որը դպրոցներ և կլինիկաներ է բացում աշխարհի մի շարք երկրներում։
Թուրքիայում գյուլենականներն աջակցում էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն 2012 թվականին նրանց հարաբերությունները վատացել են։ Թուրքիայում «Հիզմեթ»-ը հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձի և Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպման մեջ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել