«ՉինՎանի» տնօրենը Ծառուկյանի գործընկերն է և չգիտի՞ այդ մասին
Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն տարածեց` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունները, որ ԲՀԿ-ն զբաղված է բարեգործությամբ և հանրապետության մարզերին գյուղտեխնիկա ու տրակտոր է նվիրում: Իր հայտարարության մեջ ԲՀԿ-ն մասնավորապես նշել էր, որ տրակտորներն արտադրվել են գյուղացիական տնտեսություններում մեքենատրակտորային կայաններ ստեղծելու նպատակով, որը Վանաձորի «ՉինՎան» ՍՊԸ-ի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից իրականացվող համատեղ բիզնես ծրագիր է: Ավելին, ըստ նույն հայտարարությանը, ծրագիրը ղեկավարում է «ՉինՎանի» տնօրենը, ստեղծվող մեքենատրակտորային կայաններն էլ «ՉինՎանի» մասնաճյուղերն են:
Իր ձեռնարկությունում արտադրված տրակտորների վերաբերյալ «Հետքին» տված հարցազրույցի ժամանակ «ՉինՎանի» տնօրեն Սամվել Նաջարյանը, սակայն, տեղյակ չէր նշված համագործակցությունից, ուր մնաց` «իր կողմից ղեկավարվող» բիզնես ծրագրից խոսեր: Նա «ՉինՎանը» ներկայացրեց որպես սպասարկող կազմակերպություն, որը, ի թիվս այլ պատվիրատուների, կատարել է նաև Ծառուկյանի պատվերը: Մեքենատրակտորային կայանների ստեղծման մասին էլ Ս. Նաջարյանը Ծառուկյանից էր լսել. «Հեռուստացույցով ինչ կար լսել եք: Ինքն էլ ասաց, որ բոլոր մարզերում մեքենատրակտորային կայաններ պետք է պատրաստվեն, տրակտորները հիմնականում դրանց համար են»,-իրեն հայտնի տեղեկությունը «Հետքին» փոխանցեց Ս. Նաջարյանը:
Հարցին` պատվերի շրջանակում արդյոք չի նշվո՞ւմ նաև դրա նպատակը, պատասխանեց. «Չէ դե. դա իմ ինչ գործն է: Ես պատվեր կատարող եմ, վսյո»:
«Հետքը» փորձեց պարզաբանում ստանալ ԲՀԿ Վանաձորի գրասենյակից, թե այդ ինչպես է, որ, լինելով համատեղ ծրագրի գործընկեր և ղեկավար, «ՉինՎանի» տնօրենը չգիտեր այդ մասին:
«Հնարավոր է` ինքը տեղյակ էլ չլինի ընդհանուր պրոեկտի մասին»,-պատասխանեց ԲՀԿ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Այվազյանը:
Վերջինս ԲՀԿ-ի հայտարարությունը հաստատեց մասնակի: Ըստ հայտարարությանը` «ոչ մի տրակտոր, գյուղտեխնիկա որեւէ անձի, համայնքի, գյուղի կամ մարզի չի նվիրվում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ բարեգործական ծրագիր չի իրականացրել եւ չի իրականացնում»: Մինչդեռ ԲՀԿ անդամ Արմեն Այվազյանը գյուղերին տրակտորների հատկացումը հստակ բարեգործություն գնահատեց`ասելով. «Դա եղել է բարեգործական ակցիա»: Խուսափեց, սակայն, այն միաժամանկ «նվիրատվություն» անվանել` չնայած նշեց, որ դրանք անվճար են բաժանվել անհատ գյուղացիներին:
Նրա խոսքով` մի որոշակի ժամանակահատված գյուղացիները տրակտորների վճարովի սպասարկում են կազմակերպելու`այդ ընթացքում վարձատրվելով իրենց աշխատանքի դիմաց, և միայն հետագայում են դառնալու տրակտորների սեփականատերը: Եվ որպեսզի տրակտորները «որևիցե մեկի չնվիրեն», Ա. Այվազյանի խոսքով, դրանք պայմանագրով են հատկացվում գյուղացիներին: Ապա հենց ինքն էլ նշեց, որ այս պահին պայմանագրեր չկան. «Դեռ ամբողջովին պատրաստ չեն»,-պատճառաբանեց Ա. Այվազյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել