HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

35-ամյա տղամարդը ձերբակալվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել նախօրեին Երևան քաղաքի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2021թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ոստիկանության ՊԾ գնդի ծառայողները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնելիս, Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկի հարևանությամբ ավտոմեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ վարչական իրավախախտումն արձանագրելու նպատակով, մոտեցել են վերջինիս, պարզաբանել նրա արարքի հակաիրավական բնույթը և պահանջել տարհանել ավտոմեքենան:

«Վերջինս, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն գործադրելու սպառնալիքով, հայհոյել է, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին և դիմել փախուստի, սակայն փախուստի ժամանակ բռնվել, բերման է ենթարկվել և նույն օրը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ 

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ոստիկանության հիշյալ աշխատակիցները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter