Պատվաստման կեղծ հավաստագրերի մեղադրանքով ձերբակալվել է Գյումրու «Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենը
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորը կենտրոնի տնօրենի հանձնարարությամբ 2021թ․ սեպտեմբերին 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել է «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։
«Բուժքույրը, իր լիազորությունների շրջանակներում նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելով, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ և փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ինչի արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:
Բացի այդ, բուժհիմնարկի տնօրենը, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու, այն է` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իր կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող, դեռև 2019թ․ հոկտեմբերին մահացած հիվանդի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո վերջինիս ազգականի կողմից վերադարձված դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով 30 սրվակ հոգեմետ նյութ, որը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս աշխատասենյակում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ հիշյալ բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է, և քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կեղծ սերտեֆիկատներ ստացած անձանց ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարում՝ Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել