HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սկանդալ Իսրայելում. պաշտպանության նախարար Բենի Գանցի տան աշխատակիցը կապ ունի իրանական հետախուզության հետ

Իսրայելում մի քանի օր է, ինչ նորությունների գլխավոր թեման դարձել է պաշտպանության նախարար Բենի Գանցի շուրջ ծավալվող պատմությունը։ Պարզվում է՝ նրա տան աշխատակիցը կապ ունի Իրանի հատուկ ծառայությունների հետ։ Վերջինս աշխատել է որպես հավաքարար և իրականացրել տնտեսության հետ կապված այլ աշխատանքներ։ Կալանավորվել է՝ Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։

Տղամարդու անունը Օմրի Գորեն-Գորոխովսկի է, որին Բենի Գանցն ու նրա կինն աշխատանքի են վերցրել ծանոթների խորհրդով։ Համաձայն առկա տեղեկատվության՝ Օմրի Գորեն-Գորոխովսկին ու նրա կինը շաբաթական երկու անգամ կենցաղային բնույթի աշխատանքներ են կատարել Իսրայելի պաշտպանության նախարարի տանը։ Գանցն անձամբ է վճարել ամուսիններին՝ գումարը փոխանցելով bit հավելվածի միջոցով։ 

Ընդորում, Գորեն-Գորոխովսկին Գանցերի տանը սկսել է աշխատել մինչև նրա պաշտպանության նախարար նշանակվելը։ Սակայն անհայտ է, թե արդյոք Շաբակը՝ Իսրայելի հակահետախուզության ծառայությունը կազատվի պատասխանատվությունից անփութության համար, քանի որ, եթե նրա ծառայողները մանրակրկիտ ուսումնասիրեին Գորեն-Գորոխովսկուն, ապա կպարզվեր, որ նա, հինգ անգամ դատապարտվել է կողոպուտի և գողության համար, որից չորսի պարագայում ազատազրկվել է։ 

Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Գորեն-Գորոխովսկին, Telegram հավելվածի միջոցով, գտել է իրանական Black Shadow (Սև ստվեր) լրտեսական ալիքը և առաջարկել, որոշակի գումարի դիմաց, լրտեսություն անել՝ վստահեցնելով, որ հեշտությամբ կարող է հասանելիություն ունենալ գաղտնի փաստաթղթերին, որոնք վերաբերում են անվտանգությանը, ինչպես նաև իրանական հետախուզության ներակայացուցիչներին ուղարկել լուսանկարներ Գանցի տնից, աշխատասենյակից, նրա տեխնիկական սարքավորումները և այլն։

Իսրայելական 12-րդ հեռուստաընկերության տվյալներով՝ Black Shadow լրտեսական ցանցի հաքերներից նա պահանջել է 7000 ԱՄՆ դոլար։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա նույնիսկ պատրաստ է եղել ստանալ լրտեսական ծրագիր և այն տեղադրել Բենի Գանցի համակարգչում։

Հաքերային խմբի հետ կապ հաստատելուց մի քանի շաբաթ անց նա ձերբակալվել է։ Շաբակում պնդում են, որ Գորեն-Գորոխովսկին հասանելիություն չի ունեցել պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերին և չէր կարող պետական գաղտնիք հանդիսացող բովանդակություն փոխանցել այլ անձանց։ 

Իսրայելում քննադատությունների տարափի տակ է հայտնվել Շաբակը, որի 730 անունը կրող ստորաբաժանումը, ի թիվս այլ պարտականությունների, պատասխանատու է նաև Գանցի և նրա ընտանիքի անձնական անվտանգության համար։ Այն պետք է պարզեր բոլոր անձանց վերաբերյալ տվյալները, որոնք մուտք ունեն նախարարի տուն։ Նույն կառույցի մեկ այլ ստորաբաժանում, որը կրում է «Անվտանգության ֆիլտրում» անվանումը, նույնպես հավաքում է տեղեկատվւոթյուն և հենց նա պետք է տար վերջնական եզրակացությունը. արդյոք այս կամ այն անձին կարելի է աշխատել երկրի առաջին դեմքերի մոտ։

Արդյունքում, ըստ իսրայելական 12-րդ հեռուստաընկերության, երկու ստորաբաժանումները չեն կողմնորոշվել, թե որը որի պատասխանատվության գոտին է, և Գորենը, պաշտպանության նախարարի տանն աշխատանքի անցնելուց առաջ, ընդհանրապես չի անցել անվտանգության ստուգում։

Օմրի Գորեն-Գորոխովսկու փաստաբան Գալ Վոլֆը պնդում է, որ մեղադրյալը մտադրություն չի ունեցել վնաս հասցնել պետական անվտանգությանը, իսկ նրա արարքների մոտիվը ֆինանսական է եղել։ «Նա չէր պատկերացնում, որ ամեն ինչ կհասնի նրան, ինչին հասել է։ Նա պատմում է, որ այդ ամենն արել է ֆինանսական դժվարությունների ֆոնին և մտադրություն չի ունեցել վնաս հասցնել պետական անվտանգությանը։ Նա հասանելիություն չի ունեցել գաղտնի նյութերին և փաստաթղթերին»,- նշում է փաստաբանը։

Լուսանկարում՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը/profimedia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter