HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խստապահանջ գործընթաց է սպասվում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուի վերաբերյալ

Անցած գիշեր ԱՄՆ նախագահ Օբաման Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է  Ջոն Հեֆերնի թեկնածությունը: Ամերիկայի հայկական համագումարը կանխատեսում է, որ գալիք ամիսներին Սենատի կողմից թեկնածության հաստատումը ընթանալու է չափազանց լարված մթնոլորտում:

Երևանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Մարի Յովանովիչը, ով այդ պաշտոնում նշանակվել էր նախկին նախագահ Ջորջ Բուշի կողմից, հունիսին կավարտի իր եռամյա առաքելությունը: 

90-ական թվականների կեսերին Հեֆերնը աշխատում էր նախկին կոնգրեսական Դագ Բերոյթերի հետ, ով Կոնգրեսում հայտնի էր իր ընդգծված թուրքամետ և հակահայկական հայացքներով:

Համագումարի տարածած հաղորդագրությունում ասված է. «Նախապես դեսպանի թեկնածու Հեֆերնին անձնապես քննադատելուց զերծ մնալով հանդերձ` հարկավոր է նշել, որ նրան հեշտ չի լինի հիմնավորել իր հայացքները և տարանջատել դրանք նախկին կոնգրեսական Բերոյթերի հայացքներից: Օրինակ, 1995-1996թթ., երբ Հեֆերնը կոնգրեսականի Միջազգային Հարաբերությունների Հանձնաժողովի  անդամ էր, Բերոյթերը քվեարկեց մի քանի օրինագծերի դեմ, որոնք ուղղված էին ոչ միայն Հայաստանի շահերի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանմանը ողջ աշխարհում:

 Նրանց շարքում էր հայտնի «Հումանիտար օգնության միջանցք» օրինագիծը, ըստ որի՝ արգելվում էր ֆինանսական աջակցության տրամադրումը ցանկացած երկրին, որը խանգարում կամ սահմանափակում է Միացյալ Նահանգների հումանիտար օգնության փոխադրումը կամ առաքումը որևէ այլ երկիր:

Հեֆերնի նախկին ղեկավարը նաև քվեարկեց  Թուրքիային տրամադրվող օգնության 25 միլիոն ԱՄՆ դոլարի կրճատման օրինագծի դեմ, որն առաջարկվել էր` հաշվի առնելով Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը: Ավելին` կոնգրեսականը դեմ էր քվեարկել մի օրինագծի, ըստ որի՝ կրճատվելու էր Թուրքիային տրամադրվող ֆինանսավորման չափը, մինչ նա «չկատարի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու բոլոր համապատասխան քայլերը»:

Համագումարը հույս է հայտնում, որ պրն. Հեֆերնը կկարողանա հաջողությամբ հաղթահարել այդ դժվար ճանապարհը և ներկայացնել Միացյալ Նահանգների դիրքորոշումն ու պատմական հստակ արձանագրումը ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը և նրա  հետևանքները ճանաչելու վերաբերյալ, այլ նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ իրականացվող ագրեսիայի դեմ պայքարելու` տարածաշրջանում խաղաղություն, բաց սահմաններ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորում և ժողորդավարության նկատմամբ նվիրվածություն երաշխավորելու նպատակով:    

Ջոն Հեֆերնը աշխատում է ԱՄՆ արտաքին քաղաքական ոլորտում  և ծառայում է Բրյուսելում ՆԱՏՈ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնում:  Մինչ իր ներկայիս պաշտոնում ծառայելը պրն. Հեֆերնը եղել է  Քաղաքական գործերի քարտուղարի գործող օգնականը և Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալը  Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Պրն. Հեֆերնն նշանակված է եղել նաև Ճապոնիայում, Մալազիայում, Կոտ դ’Իվուարում և   Գուանգժույում (Չինաստան)»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter