
Հաստատվել է կարևոր դեղերով ապահովման պլանը. Հայաստանն ավելի շատ արտահանում է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է մինչև 2024թ. ԵԱՏՄ երկրներն անհրաժեշտ, կարևոր և ստրատեգիական նշանակություն ունեցող դեղորայքով և դեղագործական նյութերով ապահովելու միջոցառումների ծրագիրը։
Այդ ծրագրով նախատեսված է մի շարք միջոցառումների իրականացում, մասնավորապես՝ եվրասիական «Դեղագործական» տեխնոլոգիական հարթակի ստեղծում, Միության նորմատիվ-իրավական դաշտի բարելավման առաջարկների նախապատրաստում, սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցառումների կիրառում, դեղերի և դեղագործական նյութերի զարգացման, արտադրության և բաշխման որոշ փուլերի սուբսիդավորում, համագործակցության ֆինանսավորման նախագծերի մշակում։
Փաստաթուղթը մշակվել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանձնարարականով դեղագործական շուկայի ստաբիլ զարգացման համար, ոչ միայն կորոնավիրուսի համավարակի, այլև ոլորտի հետագա հեռանկարների համար։
«Ծրագրի միջոցառումների իրականացումը կնպաստի ԵԱՏՄ երկրներում կարևորագույն դեղերի, պատվաստանյութերի և դեղագործական նյութերի արտադրական ամբողջական ցիկլի ստեղծմանը, ինչպես նաև՝ զարգացման նորարարական վեկտորի ամրապնդմանը,- ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։- Նման բարձր մակարդակով մեր նախաձեռնությանն աջակցելը թույլ կտա ԵԱՏՄ դեղագործական արդյունաբերությանն անցնել նոր մակարդակի՝ Միության ներսում համագործակցության կայուն զարգացման և ընդլայնման շնորհիվ՝ չնայած արտաքին շուկաների տուրբուլենտությանը (անկանոնություն, հեղ։)։ Հանձնաժողովը երկրների հետ միասին կկազմի դեղերի և նյութերի ցանկ, որոնց արտադրությունը Միությունում պետք է ապահովվի առաջին հերթին»,-ասել է Քամալյանը։
Նրա խոսքով՝ պլանի իրականացումը կնպաստի հետագայում պատվաստանյութերի, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության զարգացմանը։
Փաստաթղթի մշակմանն ու նախապատրաստմանը մասնակցել են ինչպես ոլորտային փորձագետներ և գիտական կազմակերպություններ, այնպես էլ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեղագործական բիզնեսի ներկայացուցիչներ։
Նշենք, որ Հայաստանը վերջին տարիներին ավելի շատ դեղորայք արտահանել է, քան՝ ներմուծել։ Հայաստանում արտադրված դեղերի 50 %-ն արտահանվել է։ Մասնավորապես, 2016-2021թթ. օգոստոսը, Հայաստանը արտահանել է մոտ 13,6 տոննա դեղամիջոց՝ ավելի քան 54 մլն ԱՄՆ դոլարի։
Դեղորայքը Հայաստանից արտահանվել է մոտ 20 երկիր, հիմնական երկրներն են Վրաստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Եմենն ու Տաջիկստանը։
Հայկական դեղերի արտահանման մեծ ծավալներն ապահովում են տեղական 4 խոշոր արտադրող՝ «Լիկվոր»-ը, «Արփիմեդ»-ը, «Մեդիկալ Հորիզոն»-ն ու «Էսկո Ֆարմ»-ը։
Նույն ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է մոտ 12 հազար տոննա դեղորայք, ընդհանուր՝ մոտ 700 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Դեղերը Հայաստան են ներկրվում մոտ 70 երկրից, հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելառուսը, Սլովենիան և Իտալիան։
Ամենախոշոր դեղ ներկրողները երեքն են՝ «Վագա ֆարմը», «Ալֆա ֆարմը» և «Նատալի ֆարմը»։
Գլխավոր լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել