HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է ևս 2 տարով ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներմուծումը

Կառավարությունն առաջարկում է ևս երկու տարով երկարաձգել առանց ավելացված արժեքի հարկ վճարելու (ԱԱՀ) էլեկտրամոբիլներ ներմուծելու հնարավորությունը:

Հարկային օրենսգրքում այդ փոփոխությունը կատարվել է 2019 թվականի հունիսի 7-ին։ Ավելացված արժեքի հարկից ազատվել են մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների շարքին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը:

Բացի այդ, 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 և M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար:

Նախագծում նշվում է, որ 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց (այն դեպքում, երբ 2018 թվականին ներմուծվել էր ընդամենը 12 էլեկտրամոբիլ):

2018-2020թթ. «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 20-ից ավելի լիցքավորման կայաններ են տեղադրվել հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման տեխնիկ մասնագիտությունը:

Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականությունն ապահովելու, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար:

Նշվում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծ մասամբ իրականացվում է գիշերային ժամերին: Միաժամանակ կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը:

Նախագիծը մշակել է Շրջակա միջավայրի նախարարությունը: Այն դեռեւս պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter