HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռումեն Ռադևը վերընտրվել է Բուլղարիայի նախագահի պաշտոնում

Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևը հաղթել է այդ երկրի նախագահական ընտրություններում։ Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ նոյեմբերի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Ռադևը ստացել է ընտրողների ձայների մոտ 68 %-ը։ 

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 21-ի երեկոյան Ռադևը հայտարարել է, որ Բուլղարիայի ժողովուրդն իր ձայնը տվել է «փոփոխությունների, կոռուպցիայի, գողությունների և անօրինականության դեմ պայքարի, իշխանությունից մաֆիայի վտարման օգտին»։ Նրա խոսքով՝ Բուլղարիան դուրս է գալիս փակուղուց։ 

Ռադևի մրցակիցը՝ Անաստաս Գերջիկովը, որին աջակցում էր «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» պահպանողական կուսակցությունը, հավաքել է ձայների 32 %-ը և ընդունել իր պարտությունը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ պետական ամբողջ ապարատն աջակցում էր Ռադևին։ 

Փորձագետների կարծիքով՝ Ռադևի վերընտրությունը կարող է նշանակել Բուլղարիայում կայունության փուլի մեկնարկ, հատկապես, երբ նոյեմբերի 14-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր վերջերս ստեղծված «Մենք շարունակում ենք փոփոխությունները» հակակոռուպցիոն կոալիցիան։ 

«Բուլղարիայի զարգացումն ամբողջությամբ կախված է նախագահական ընտրություններից»,- նոյեմբերի 21-ին հայտարարել էր կոալիցիայի համահիմնադիր Կիրիլ Պետկովը, որը համարվում է կառավարության ղեկավարի հավանական թեկնածուն։ 

Պահպանողական վարչապետ Բորիսովի ղեկավարման ժամանակ Ռադևը եղել է նրա ամենամեծ քննադատներից մեկը։ Բուլղարիայի վերընտրված նախագահը համարվում է Կրեմլի հետ մտերիմ եվրոպական առաջնորդներից մեկը։ 

Լուսանկարը՝ AP Photo/Valentina Petrova

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter