HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շահումով խաղերի ոլորտի հանելուկը. հասույթը նվազում է, հարկերը՝ աճում 

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Հայաստանում խաղամոլությունն այս տարի նահանջել է, սակայն միևնույն ժամանակ շահումով խաղերի ոլորտում գործող ընկերությունների հարկերն ավելացել են: «Հետքը» փորձել է հասկանալ՝ Հայաստանի տնտեսության մեջ էական կշիռ ունեցող այս ոլորտի տարօրինակ պատկերը վիճակագրական խառնաշփոթի՞, թե՞ իրական միտումների հետևանք է: 

Մեթոդաբանական փոփոխություններ և անկում

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին ինն ամիսներին (2021 հունվար-հունիս) Հայաստանում խաղատների հասույթը կազմել է 2.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 78.1%-ով: Իսկ վիճակախաղերի՝ բուքմեյքերական խաղերի ծավալը կազմել է 161 մլրդ դրամ՝ նվազելով 37.6%-ով:

Եթե խաղատների անկումը հասկանալի է այն ենթատեքստում, որ ներկայում չի գործում հանրապետության երբեմնի ամենամեծ խաղատունը՝ «ՇանգրիԼա»-ն, ապա բուքմեյքերական խաղերի պարագայում նման անկհայտ պատճառներ չեն երևում:

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը շահումով խաղերի ոլորտի վիճակագրությունը խնդրահարույց է համարում: «Ի սկզբանե, այս տվյալները կասկածելի էին: Եթե վերցնենք նախորդ տարիների ցուցանիշները, ապա այս ոլորտի ծավալներն այնքան մեծ էին ըստ պաշտոնական վիճակագրության, որ այդ պարագայում Հայաստանում նորածին երեխայից մինչև ծեր մարդիկ պետք է վիճակախաղերով զբաղված լինեին։ Խնդիրն այն էր, որ վիճակագրությունն այդ ժամանակ վերցնում էր այդ ճյուղի արտադրանքի ծավալը և գնահատում էր խաղադրույքների մեծությամբ և ոչ թե խաղադրույքների ու վճարված շահումների տարբերությամբ»,- «Հետքի» հետ հարցազրույցում նշում է Տիգրան Ջրբաշյանը:

Վիճակագրության մեջ շահումով խաղերի ոլորտը ներառվում է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտում: Այս ենթաոլորտի ներքո են նաև մշակութային և սպորտային գործունեությունը` ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեությունը: Սակայն, նրանք բոլորը միասին ապահովում են նշված ենթաոլորտի հասույթի ընդամենը 2-3%-ը, իսկ առյուծի բաժինը խաղային ոլորտինն է:

Այսինքն՝ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ գործնականում խոսքը խաղային ոլորտի մասին է:

Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի տարեգրքի, որտեղ արտացոլված են արդեն նոր մեթոդաբանությամբ վերահաշվարկված տվյալները, խաղատների ու բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը մինչև 2020 թվականը թռիչքային աճել է: Հին մեթոդաբանությամբ ևս պատկերը նույնն է։ 

 

Տիգրան Ջրբաշյանն այս տարի գրանցվող անկման ամենահավանական պատճառը համարում է ոլորտի ծավալները հաշվարկելու մեթոդաբանական խնդիրները։

Պարզվում է՝ իսկապես մեթոդաբանական փոփոխություններ են տեղի ունեցել, որը հաստատում է Վիճակագրական կոմիտեն: 2020 թվականի մայիսից փոփոխվել է «Շահումով խաղերի հետ կապված գործունեություն» ոլորտի ցուցանիշի հաշվարկումը: Սակայն, միևնույն ժամանակ, վերահաշվարկվել են նախորդ տարիների ցուցանիշները՝ սկսած 2013 թվականից: Սա նշանակում է, որ 2021 թվականի տվյալները համադրելի են 2020 թվականի տվյալների հետ։

Այնուամենայնիվ, ըստ Տիգրան Ջրբաշյանի, կատարված վերլուծություններն ու այս ոլորտում գործող ընկերությունների հարկերի դինամիկան, վկայում են, որ խաղերի ոլորտում իրականում անկում չկա։

«Նրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալն այս տարվա առաջին ինն ամսում գրեթե կրկնապատկվել է։ Ընդ որում՝ աճ կա գրեթե բոլոր հարկատեսակների գծով։ Սա նշանակում է, որ այս ոլորտում անկում չկա, հակառակը՝ աճ կա»,- կարծում է Ջրբաշյանը։

Շահումով խաղերի ոլորտում գործող ընկերությունները ամրապնդել են դիրքերը խոշոր հարկատուների ցանկում

Այսօր Հայաստանում 4 կազմակերպություն ինտերնետ շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիա ունի, վիճակախաղեր կազմակերպելու լիցենզիա ունեցող ընկերությունների թիվը ևս 4-ն է: Իսկ խաղատների գործունեություն ծավալելու համար լիցենզավորված են 5-ը:

Շահումով խաղեր և վիճակախաղեր են կազմակերպում Vivaro ապրանքանիշը ներկայացնող «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն, TotoGaming-ը՝ ի դեմս «Դիջիթեյն» և «Դիջիգեյմ» ՍՊԸ-ների, GoodWin-ը՝ «Գուդվին-Բետ» «Գուդ Սոֆթ» ՍՊԸ-ներով, ինչպես նաև Adjarabet-ը՝ «Կաբարկո»-ՍՊԸ-ով:

Նույն ապրանքանիշի ներքո երկու ընկերություով հանդես գալը պայմանավորված է լիցենզիաների գործընթացով։ Ֆինանսների նախարարությունը վիճակախաղերի համար առանձին լիցենզիա է տրամադրում, ինտերնետ շահումով խաղերի համար՝ առանձին։ Երբեմն էլ, ինչպես Vivaro-ի պարագայում է, երկու լիցենզիաներն էլ նույն ընկերությանն է տրված։

Նշված բոլոր ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են: Ընդ որում՝ բոլորի հարկերն այս տարի աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Հարկերի թռիչքային աճ է գրանցել «Սոֆթ Կոնստրակտ»-ը: Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է վճարել մոտ 5.8 մլրդ դրամի հարկեր` դառնալով հանրապետության 19-րդ խոշորագույն հարկատուն: 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերության հարկերն աճել են 4 անգամ: Դատելով հարկերի կառուցվածքից, որտեղ գերիշխում է եկամտային հարկը, ենթադրվում է, որ «Սոֆթ Կոնստրակտ»-ի հարկերի աճը պայմանավորված է նաև աշխատողների թվի կամ աշխատավարձերի աճով: Աճել են նաև այլ հարկերը։ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգում նշված է, որ «Սոֆթ Կոնստրակտ»-ը զբաղվում է միայն շահումով խաղերի կազմակերպմամբ, ինչից կարող ենք ենթադրել, որ ընկերության հարկերը ամբողջությամբ կամ գոնե մեծ մասամբ գոյանում են հենց այս ոլորտից։

Շահումով խաղերի ոլորտի հաջորդ խոշոր հարկատուն «Դիջիթեյն» ընկերությունն է։ Այս տարի հունվար-սեպտեմբերին ընկերությունը պետական բյուջե է վճարել 2.4 մլրդ դրամի հարկեր՝ 57%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։

«Դիջիթեյն»-ին փոխկապակցված «Դիջիգեյմ»-ը ևս ավելացրել է հարկերը։

Ոլորտի երրորդ խոշոր հարկատուն «Կաբարկո»-ն է՝ 2 մլրդ դրամի հարկերով։ Աճը՝ 2.6 անգամ։

Վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների հարկերի մասին առավել մանրամասն՝ ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում։

Այստեղ կարող եք տեսնել նաև գործող 5 խաղատնից չորսի՝ «Ռոյալ Սիգնաչր»-ի, «Կոբալտ Գրուպ»-ի, «Պոլիմեր պյուս»-ի և «Ռեալ Գեյմս»-ի վճարած հարկերի ծավալն այս տարի։ Նրանցից երեքի՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշները բացակայում են, քանի որ այդ ժամանակաշրջանում խոշոր հարկատուների ցանկում չեն եղել և չեն հրապարակել իրենց տվյալները։ «Ռոյալ Սիգնաչր»-ի տվյալները ցույց են տալիս, որ խաղատունն ավելացրել է հարկերը։

Լիցենզիա ունի ևս մեկ խաղատուն շահագործող՝ «Գոլդ Տրիո» ՍՊԸ-ն, որը ոչ այս տարի, ոչ էլ նախորդ տարի խոշոր հարկատուների ցանկում չի եղել։   

Շահումով խաղերի ոլորտի պաշտոնապես գրանցվող անկումը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա

Հայաստանում շահումով խաղերի ոլորտը զարգացել է վերջին տարիներին։ Բջջային հեռախոսներով օնլայն վիճակախաղերի են մասնակցում տարբեր տարիքի տղամարդիկ ու կանայք։ Մի կողմից տնտեսության տեսանկյունից դրական է ազդել ծառայությունների ոլորտի ու առհասարակ տնտեսական աճի վրա, սակայն մյուս կողմից՝ խաղամոլությունն է խորը արմատներ գցել։

Տարիների ընթացքում գրանցված աճի արդյունքում՝ խաղային ոլորտի կշիռը Հայաստանի տնտեսության մեջ՝ ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) կազմում, գնալով մեծացել է: Արդյունքում, այս ոլորտը սկսել է էապես դրական ազդել տնտեսական աճի վրա։ Իսկ 2020 թվականից գրանցվող անկումը զսպում է աճը։

Տիգրան Ջրբաշյանի հաշվարկներով՝ եթե այս տարվա առաջին կիսամյակում այդ ոլորտում անկում չգրանցվեր, ապա տնտեսական աճը 2.35 տոկոսային կետով ավելի մեծ կլիներ։ «Եթե այդ ոլորտի ծավալները մնային 2020 թվականի մակարդակում, ապա Հայաստանում գրանցված 4.9% տնտեսական աճի փոխարեն կունենայինք 7.25% տնտեսական աճ»,- նկատում է տնտեսագետը։

Եթե 2013 թվականին խաղային ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1.3%, ապա 2018-2019 թվականներին այն հասել է 5.6%-ի: Համեմատության համար՝ մոտ նույնքան կշիռ է ունեցել, օրինակ, ֆինանսական ոլորտը՝ բանկերը, վարկային կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները։

2020 թվականին այն դարձել է 4.9%:

Ինֆոգրաֆիկայում Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքն է 2013-2020 թվականներին: Կանաչով նշված հատվածում խաղային ոլորտի դինամիկան է:

Ինչպես Ջրբաշյանը, այնպես էլ տարբեր մասնագետներ կարծում են, որ շահումով խաղերի ոլորտին վերաբերող վիճակագրական ցուցանիշները ուռճացված են։ Անգամ այն պարագայում, երբ հաշվի է առնվում, որ այս ոլորտում գործում է, այպես կոչված՝ ծառայությունների արտահանում, այսինքն՝ խաղադրույքներ են կատարվում նաև արտասահմանից։ «Եթե նայենք տարբեր տարիների տվյալները, ապա կտեսնենք, որ իր տեսակարար կշռով «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտը հավասարվել է ֆինանսական ոլորտին։ Այն գերազանցում է տեղեկատվության և կապի ոլորտին։ Դա կասկածելի է»,- նկատում է տնտեսագետը։

Նա նշում, որ ոլորտի վիճակագրությունը հստակեցման կարիք ունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter