HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բուլղարիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. զոհվել է 46 մարդ

Բուլղարիայի արևմտյան հատվածում, Հյուսիսային Մակեդոնիայից զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ և այրվել, որի արդյունքում զոհվել է առնվազն 46 մարդ, այդ թվում 12 երեխա։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ինչպես հայտնել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին, զբոսաշրջիկների խումբը Սկոպյե էր վերադառնում Ստամբուլ կատարած այցից հետո։

Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 53 մարդ, որոնցից 7-ը ողջ են մնացել։ Պաշտոնապես նաև նշվում է, որ զոհերից 12-ը անչափահաս է։ Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը զրուցել է ողջ մնացածներից մեկի հետ, որը պատմել է, որ քնած ուղևորներին արթնացրել է ուժեղ պայթյունի ձայնը։ «Նա և ևս վեց մարդ կարողացել են կոտրել ապակին և դուրս գալ ավտոբուսից»,- բուլղարական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պատմել է Զաևը։

Տուժածները, դեմքի և վերին շնչուղիների այրվածքներով, տեղափոխվել են Սոֆիայի հիվանդանոց։ Նրանցից մի քանիսը վիրահատվել են, սակայն, ընդհանուր առմամբ, բժիշկների գնահատմամբ նրանց վիճակը կայուն է։ 

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի գիշերը, տեղի ժամանակով ժամը 2-ի սահմաններում, Բոսնեկ գյուղի մոտ՝ Սոֆիայից մոտ 45 կիլոմետր դեպի արևմուտք։ Պարզվել է, որ ավտոբուսը բախվել է ճանապարհային արգելապատնեշին, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք դա է եղել հրդեհի առաջացման պատճառը։

Քննչական խմբի ղեկավար Բորիսլավ Սարաֆովի խոսքերով՝ դիտարկվում է աղետի երկու վարկած. վարորդի սխալ և տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքություն։ Հեռուստատեսային կադրերում երևում է ավտոբուսի ածխացած կմախքը։ Բուլղարիայի ներքին գործերի նախարար Բոյկո Ռաշկովը հայտնել է, որ զոհվածների մարմինները ամբողջությամբ այրվել են։ «Պատկերը ահասարսուռ է, ահասարսուռ։ Ես երբեք նման բան չեմ տեսել»,- լրագրողներին հայտնել է Ռաշկովը։

Բուլղարիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեֆան Յանևը ավտովթարն անվանել է մեծ ողբերգություն։ Նա կոչ է արել դրանից դասեր քաղել և ապագայում այլևս նման բան թույլ չտալ։ 

Բուլղարիայի, Թուրքիայի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև ցամաքային հաղորդակցությունը տարածաշրջանի ամենապահանջվածներից մեկն է։ Պաշտոնական տվյալներով՝ նախօրեին, ուշ երեկոյան Թուրքիայից Բուլղարիա է ժամանել հյուսիսմակեդոնական զբոսաշրջային գործակալության չորս ավտոբուս։

Լուսանկարը՝ DIMITAR KYOSEMARLIEV/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter