HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնող և Թեղուտ բնակավայրերում հաստատվել է շրջակա միջավայրում ծանր մետաղների առկայությունը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ն Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է ներկայացնել հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ 2021թ. իրականացված հետազոտությունների արդյունքները:

«Այս հրապարակման մեջ ներկայացված են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Թեղուտի պոչամբարի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի Շնող և Թեղուտ բնակավայրերից վերցված փորձնմուշների վերլուծության արդյունքները: Թեղուտի հանքավայրը շահագործում է «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Նմուշները վերցվել են այն տարածքներից, որտեղ տեղի է ունենում երկրորդային քիմիական աղտոտվածություն: Այն առաջանում է ջրի, հատակային նստվածքների, տնամերձերի հողի, սենյակային փոշու և վերջապես աղտոտված տարածքներում ապրող բնակիչներից վերցված կենսանյութերի` մազերի և մեզի մեջ արտահոսքերի կամ աղտոտվածության տարածման հետևանքով:

Փորձանմուշներում հետազոտվել է այս հանքավայրի արդյունաբերական թափոններին բնորոշ ծանր մետաղների և թունավոր տարրերի պարունակությունը։ Այսպիսով, հողի բոլոր նմուշներում մկնդեղի (As), պղնձի (Cu), նիկելի (Ni) և քրոմի (Cr) կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի սահմանած չափանիշներով առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ պղնձի դեպքում՝գրանցվել է հողում ծանր մետաղների պարունակության համար չեխական, հոլանդական և ֆրանսիական չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում:

Գետային նստվածքներում, որտեղ լցվել են պոչամբարից արտահոսքերը, բացահայտվել է մկնդեղի և քրոմի (համապատասխանաբար 10 և 41 մգ/կգ), ինչպես նաև նիկելի (38 մգ/կգ), պղնձի (216 մգ/կգ) և ցինկի (101 մգ / կգ) բարձր պարունակություն: Հանքավայրի հարևանությամբ հոսող գետի հատակային նստվածքներում հայտնաբերվել է պղնձի (617 մգ/կգ), մոլիբդենի (88 մգ/կգ), ցինկի (55 մգ/կգ) և քրոմի (20 մգ/կգ) բարձր պարունակություն։ «Արնիկայի» ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն շեշտեց. «Ստացված արդյունքները փոխլրացնում են Թեղուտի և Շնողի շրջակայքում աղտոտող նյութերի տարածման ընդհանուր պատկերը։ Չնայած այն հանգամանքին, որ 3 տարի առաջ մենք այս տարածքից վերցրել ենք հողի և հատակային նստվածքների փորձանմուշներ, այս տարվա արդյունքները վերահաստատում են դրանց առկայությունը տվյալ տարածքում»։ Նույն տոքսիկ տարրերը հայտնաբերվել են 6-85 տարեկան տեղի բնակիչներից վերցված մեզի փորձանմուշներում։

Համեմատության համար կատարվել է Տավուշի մարզի էկոլոգիապես բարենպաստ բնակավայրերում բնակվող բնակիչներից վերցված նմուշների հետազոտություն։ Այդ խմբի արդյունքներն ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել, քան ազդեցության գոտում գտնվող խմբի արդյունքները: Մկնդեղի և նիկելի առավելագույն պարունակությունը հայտնաբերվել է Շնողի 68-ամյա բնակչուհուց վերցված կենսանյութերում (համապատասխանաբար 78 մկգ/գ կրեատինին և 45 մկգ/գ կրեատինին):

Նշենք, որ այս արդյունքները գերազանցում են նաև Չեխիայի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների օրգանիզմում մկնդեղի առավելագույն թույլատրելի մակարդակը, ինչը մտահոգություն է առաջացնում այս համայնքների բնակիչների առողջության համար: Հետազոտությունն իրականացվում է չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter