Ոստիկանություն. «Ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ»
Այսօր կայքերից մեկում հրապարակված «ՀԱԿ-ն Արաբկիրի ընտրացուցակներում 150 մահացած ընտրողի անուն է գտել» հոդվածում նշվում է, որ ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի՝ ՀԱԿ-ը 150 մահացած մարդկանց ցուցակների խնդրով պաշտոնապես դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն գործերը չեն ընդունել՝ ոչ աշխատանքային օր լինելու պատճառաբանությամբ:
Պարզաբանում ենք, որ հերթական անօգուտ փորձն է արվում ստահոդ լուրեր տարածելու միջոցով խեղաթյուրել հանրային կարծիքը՝ ընտրական գործընթացում ոստիկանության գործունեության վերաբերյալ:
Չնայած ապրիլի 29-ի ոչ աշխատանքային օր լինելուն՝ ոստիկանության պետի ցուցումով անձնագրային և վիզաների վարչությունն ու նրա ենթակա ստորաբաժանումները շարունակել են պատշաճ կերպով կատարել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտականությունները:
Իսկ ապրիլի 29-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ: Ցուցակը առձեռն ստորագրությամբ թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի լիազոր ներկայացուցչից ստացել է անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընտրացուցակները հրապարակելուց հետո ցուցակում նշված 36 անձանց անհատական տվյալներն արդեն իսկ հանված են եղել բնակչության պետական ռեգիստրից: Մյուս անձանց տվյալները նույն օրը փոխանցվել են Արաբկիրի անձնագրային ծառայությանը՝ տեղամասային տեսուչների միջոցով ստուգումներ իրականացնելու համար:
Դիմումատուին կպատասխանվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել