HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը անարդյունք է անվանել Իրանի հետ բանակցությունները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները չեն հանգեցրել կոնկրետ արդյունքների։ Այդ մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։

«2021 թվականի նոյեմբերի 23-ին ես Թեհրանում հանդիպումներ եմ ունեցել Իրանի փոխնախագահ Մոհամադ Էսլամիի ու արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ»,- նշվում է Գրոսիի հայտարարության մեջ, որն ուղղված է ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին։ Նա հավելել է, որ չնայած իր բոլոր ջանքերին, լայնամասշտաբ բանակցությունները և քննարկումները, որոնք ուղղված էին Իրանի անվտանգության երաշխիքների նկատմամբ առկա խնդիրների լուծմանը, անարդյունք եղան։ 

Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ՄԱԳԱՏԷ-ն բանակցություններ էր վարել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամիի, ինչպես նաև այդ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ Հանդիպումների արդյունքում Գրոսին հայտարարել էր, որ Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ են կարճ ժամկետներում լուծել երկու կողմերի միջև առկա խնդիրները։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել էին շարունակել համատեղ աշխատանքը իրանական միջուկային ծրագրի թափանցիկության ապահովման ուղղությամբ։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ ի պատասխան Իրանի գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Չնայած ամերիկյան կողմը դեռևս չի վերադարձել համաձայնագրին, այդուհանդերձ դրա կողմերը շարունակում են բանակցությունները, որոնք ավելի վաղ ընթանում էին Վիեննայում։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter