HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կապան համայնքի 31 բնակավայրի համար կստեղծվի 13 արդիական կրթական համալիր

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց Կառավարության 5-ամյա ծրագրում առաջարկվող դպրոցաշինության հարցը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Կառավարությունը պատրաստվում է 300 դպրոցի և 500 նախակրթարանի վերանորոգում, հիմնանորոգում և շինարարություն անցկացնել առաջիկա 5 տարվա ընթացքում։ Նշեց, որ խոսքը վերաբերում է նաև մոդուլային նախակրթարաններին։

Փոխնախարարի խոսքով՝ 10 բնակավայրում նախադպրոցական ծառայություն է ստեղծվել, և աշխատանքը շարունակվում է։ Հաջորդ տարի նախատեսվում է Երևանում ավարտել 16 մանկապարտեզի հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ։

Նախատեսում են Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրի համար ստեղծել 13 արդիական կրթական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ՝ իրենց մեջ ներառելով նախադպրոցական և դպրոցական ծառայություններ։

Նրա խոսքով՝ ամբողջ Սյունիքի մարզում է նախատեսվում նմանատիպ աշխատանք, և առաջիկայում կունենան կրթական որակյալ ծառայությունների քարտեզը, որը ցույց կտա՝ քանի տեղ է իրականացվում այդ ծառայությունը, ինչպես է իրականացվում։

Քաղաքաշինության կոմիտեի Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի խոսքով՝ 100-ից ավելի օբյեկտի մասով աշխատանք է իրականացվում այս տարի, իսկ 2022-ին՝ 54 օբյեկտի շինաշխատանքներ են իրականացվելու։

Փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցների շինարարական աշխատանքներ են նախատեսվում 21 համայնքում, որոնցից 15-ի շինարարության ավարտը կլինի 2022-ին, իսկ 7-ի աշխատանքները կավարտվեն 2023-ի 1-ին կիսամյակում։ Կլինեն տիպային նախագծեր, 1 հարկանի շինություններ՝ նախատեսված 100-120 աշակերտի համար, որի մեջ ներառված է նաև նախակրթարան։ «Կապանում 13 համայնքում հենց այս մոդելն է կիրառվելու,- նշեց Միրզոյանը։ Ըստ նրա՝ շինաշխատանքների մեծ մասը իրականացվելու է սահմանամերձ և հեռավար համայնքներում։ Անդրադառնալով Կապանում ստեղծվող կրթական համալիրին՝ փոխնախարարը հայտնեց՝ նպատակն է, որ համալիրը ծառայի ոչ միայն տվյալ համայնքին այլև հարակից համայնքներին, և ներդրվելու է ավտոբուսային ծառայություն, որն ապահով երեխաներին կտեղափոխի։

Ասուլիսի ընթացքում Ժաննա Անդրեասյանը խոսեց նաև կրթության բարելավման մասին, քայլերից մեկը նշեց ուսուցիչների ատեստավորումը, ուսուցիչների համար չափորոշչի ներդրումը, որը կապված կլինի վարձատրության հետ։

Անդրեասյանը ներկայացրեց օրենքի փոփոխության ևս մեկ դրույթ՝ դպրոցների կառավարման նոր մեխանիզմ՝ հայտնելով, որ նախատեսվում է առանձնացնել դպրոցների վարչական և կրթության բովանդակության կառավարումը։

Նրա խոսքով՝ վարչական կառավարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնացված։ Այս դեպքում տնօրենը չի զբաղվի ջեռուցման հարցով, պատուհանների փոխմամբ և այլն: Մի քանի դպրոցի համար կլինի վարչատնտեսական մեկ կառավարիչ։ Ընտրությունը կանցկացվի հայտարարությամբ, իսկ դպրոցների խորհուրդները կվերանան։ Փոխնախարարի խոսքով՝ այս մարմինը չի ծառայել իր նպատակին՝ դպրոցների զարգացման ռազմավարություն մշակելու փոխարեն եղել է տնօրեն ընտրելու կառույց։

Իսկ դպրոցի տնօրեններից պահանջվելու է զբաղվել միայն կրթական բաղադրիչով և կրթության բովանդակությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter