HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել. ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Արա Զոհրաբյանի և մյուսների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ այցելելու այսօր Երևանում  տեղի ունեցած ակցիայի բերման և վարչական ձերբակալման ենթարկված մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին։

Ակցիան նախաձեռնել էր «Ազատագրական շարժումը», որը վերջին օրերին երթեր ու հավաքներ է կազմակերպում Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչակազմի հեռացման պահանջով։ Մինչ այդ այս շարժման ներկայացուցիչները, որոնք տարբեր քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների անդամներ են, Նիկոլ Փաշինյանից պահանջում էին նաեւ հրապարակել այն փաստաթուղթը, որը նա պատրաստվում է այսօր՝ նոյեմբերի 26-ին ստորագրել Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման արդյունքում։    

Տեղի են ունեցել առանձնազրույցներ Արա Զոհրաբյանի և մյուս բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

«Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ օրենքից չէր բխում այսօր Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործողությունները՝ առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ: Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը:

Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այսօրվա, այնպես էլ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է այսօր նաև ակցիա իրականացնող այլ անձանց նկատմամբ:

Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter