
Տավուշի մարզի 4 բժշկական կենտրոնից միայն մեկն է ապահովված ՄՌՏ և ՀՏ սարքավորումներով
«Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում» չկան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) սարքավորումներ։ Հետազոտվելու համար հիվանդները պետք է գնան Դիլիջանի բժշկական կենտրոն կամ Երևան։
Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է առաջնային ու կարևոր հետազոտություն կորոնավիրուսային հիվանդության ժամանակ թոքաբորբի ախտորոշման հարցում:
2 քաղաքի միջև հեռավորությունը 90 կմ է, 1 ժամ 30-40 րոպե ճանապարհ պետք է անցնել։ Եթե չունես սեփական մեքենա, պետք է տաքսի վարձել, սակայն կորոնավիրուսով վարակված հիվանդին տաքսու վարորդները երբեմն մերժում են տեղափոխել՝ մյուս հաճախորդների առողջությունից ելնելով, իսկ շտապօգնության մեքենայով տեղափոխությունն իրականացվում է ծայրահեղ իրավիճակներում։
Փորձեցինք պարզել, թե նոյեմբերյանցիներից քանիսն են ցանկացել անցնել ՀՏ և ՄՌՏ հետազոտություն, սակայն չեն կարողացել։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված մեր գրառմանը մի քանի հոգի արձագանքեցին, որոնցից մեկն էլ խորհուրդ էր տալիս հարցեր գրելու փոխարեն այդ սարքավորումներից նվիրել հիվանդանոցին։ Գրառմանն արձագանքողներից 2-ը նշեցին, որ 3 տարի առաջ տարբեր հիվանդությունների պատճառով ցանկացել են հետազոտվել, սակայն ստիպված են եղել տեղափոխվել Երևան։
Նոյեմբերյան բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանի խոսքով՝ ՀՏ ապարատ ձեռք բերելը «բավականին թանկ հաճույք է», և այս պահին հիվանդանոցը չի կարողանում այն ձեռք բերել։ Հիվանդանոցում ՀՏ և ՄՌՏ երբեք չի եղել։
Նա նաև նշեց, որ վերջին տարիներին հիվանդանոցը կարողացել են տարբեր սարքավորումներով ապահովել, հիմնականում սարքերը ձեռք են բերել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, սակայն ՀՏ և ՄՌՏ այս պահին ձեռք բերել չեն կարող, թեև դիմել են Կառավարությանն ու մի շարք կազմակերպությունների։ Բեգլարյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունը հիվանդանոցի համար ձեռք է բերել 2021թ. արտադրության երեք տվիչով գերժամանակակից ուլտրաձայնային HITACHI ARIETTA V60 սարքավորում, որը հնարավորություն կտա ստուգելու նաև թոքերը։
Նոյեմբերյանը միակ համայնքը չէ, որտեղ ապրողները չեն կարող անցնել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն։ Մարզի մյուս երկու խոշոր համայնքում՝ Իջևանում և Բերդում ևս սարքավորումները բացակայում են։
Մարզպետարանից, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնում են, որ Տավուշի մարզում գործող 4 հիվանդանոցից միայն Դիլիջանի «Իռ-Վինգ» ախտորոշման կենտրոնում կարելի է անցնել այս հետազոտությունները, կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում մարդկանց ուղեգրում են հենց այս ախտորոշման կենտրոն։ Մարզպետարանից տեղեկացնում են նաև, որ Իջևանի ԲԿ-ում գնումների պլանով նախատեսվում է համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորում ձեռք բերել, հայտարարվել է մրցույթ՝ գնում իրականացնելու նպատակով։
Գլխավոր լուսանկարը՝ Իջևան բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել