HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻՊ դիմումով վարույթ չի հարուցվել Արմեն Գրիգորյանի նկատմամբ՝ վարքագծի կանոնագիրք չունենալու պատճառաբանությամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիմքով վարույթ չհարուցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նկատմամբ: Հանձնաժողովը նշել է, թե դեռևս ընդունված չէ վարքագծի կանոնագիրքը, ինչը թույլ կտար որոշել՝ պաշտոնյան խախտում կատարել է, թե՞ ոչ:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «ՌուսԱրմԻնֆո» լրատվական կայքին, որի տեսագրությունը հրապարակվել է Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում 2021թ. հոկտեմբերի 21-ին:

ԱԽ քարտուղարը, անդրադառնալով Արման Թաթոյանին, հարցազրույցում նշել էր, թե նա քաղաքական հայտարարություններ է անում: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ «կրկին անգամ ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել՝ քաղաքական տեքստեր արտահայտելով»:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին խոսելիս Արմեն Գրիգորյանի խոսքի գրեթե բոլոր շեշտադրումները եղել են նրան քաղաքական դաշտում տեղավորելու, ընդդիմադիր ներկայացնելու մասին: Ավելին, Ա. Գրիգորյանը նշել է, որ Արման Թաթոյանին մի քանի ամիս է մնացել ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար՝ ակնարկելով, որ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետը լրանում է:

Արման Թաթոյանը նոյեմբերի 1-ին դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ նշելով, թե Արմեն Գրիգորյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չհարուցելու որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ հարցազրույցի հրապարակման օրվա՝ 2021թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ հանձնաժողովը ընդունած չի եղել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը: Հետևաբար, սահմանված չեն եղել նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները:

Մինչդեռ պաշտոնատար անձանց վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել բացառապես այն դեպքերում, երբ առկա է վարքագծի կանոն: Այդ կանոնը պետք է սահմանի, թե պաշտոնատար անձի կոնկրետ որ արարքը կարող է որակվել որպես վարքագծի կանոնի խախտում:

«Այն բոլոր դեպքերում, երբ նման վարքագծի կանոնները բացակայում են, պաշտոնատար անձը փաստացի զրկվում է իր վարքագիծը կոնկրետ իրավական նորմի պահանջներին համապատասխանեցնելու և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը կանխատեսելու օբյեկտիվ հնարավորությունից»,-նշված է հանձնաժողովի որոշման մեջ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է նաև, որ գործուն քայլեր են ձեռնարկում վարքագծի կանոնագրքի ընդունման ուղղությամբ: Ներկայումս էլ Եվրոպայի Խորհրդի փորձագետների հետ համատեղ իրականացնում են վարքագծի կանոնների մշակման համար անհրաժեշտ աշխատանքներ:

Հենց այդ պատճառով էլ հանձնաժողովը որոշել է ՄԻՊ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա վարույթ չհարուցել:

Նշենք, որ Հանձնաժողովի որոշումը թեև թվագրված է նոյեմբերի 5-ով, սակայն այն ուշ է հրապարակվել կայքէջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter