HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վ. Պուտին. «Մինչև տարեվերջ կստեղծվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները»

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները կստեղծվեն մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պայմանավորվել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք ես առանցքային եմ համարում։ Դրանցից առաջինը մեխանիզմների ստեղծումն է, մինչև այս տարվա վերջ մենք պայմանավորվել ենք դա անել՝ երկու պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները»,- նշել է Պուտինը՝ ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպումը։ Նա հույս ունի, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է արագ, և որ չկա որևէ խոչընդոտ այդ մեխանիզմների ստեղծման համար։

Պուտինը նշել է, որ գոհ է բանակցությունների արդյունքներից։ «Մենք այսօր շատ կառուցողական ենք աշխատել, դա այսօր ստեղծված իրավիճակի շատ խորը վերլուծություն էր»,- նշել է նա։ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին ու Փաշինյանին Ռուսաստան գալու և իրավիճակը քննարկելու համար։ «Մենք արժանին ենք մատուցել մեր ռուս խաղաղապահների, սահմանապահների, այն մասնագետների աշխատանքին, որոնք զբաղվում են ականազերծմամբ, ապահովում են մարդկանց վերադարձը մշտական բնակության վայրեր»,- ընդգծել է Պուտինը։ 

Պուտինը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել «առաջ շարժվել հումանիտար հարցերում»։ Կողմերը պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային ճանապարհները։ «Կա շատ կարևոր, զգույն պահ, որը կապված է հումանիտար բնույթի խնդիրների հետ, և մենք այստեղ ևս էականորեն առաջ ենք շարժվել»,- նշել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հավելել է, որ քննարկման մեծ մասը նվիրված է եղել տնտեսական կապերի հարցերին։ «Որպես առաջին քայլ մենք խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին»,- նշել է նա և հավելել, որ խոսքը թե' երկաթուղու, թե' ավտոհաղորդակցության մասին է։ «Ես կարծում եմ, որ այստեղ մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետերին, որոնք աշխատում են այդ հարցի շուրջ բավականին երկար ժամանակ»,- ասել է Պուտինը։  

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումն անվանել է օգտակար և տեղին՝ հույս հայտնելով, որ կողմերը կհետևեն պայմանավորվածություններին։ «Ուզում եմ ընդգծել, որ հանդիպումը վերին աստիճանի օգտակար էր, ճիշտ ժամանակին։ Ինձնից ձախ մեր նվերն է հայ և ադրբեջանցի ընկերներին, դա ձիթենու ճյուղ է, որը խորհրդանշում է խաղաղությունն ու բարեկեցությունը։ Ես հույս ունեմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն և պայմաններ կստեղծվեն Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործում հետագա քայլերի համար»։

Պուտինը հավելել է, որ երեք երկրների առաջնորդները հայտարարություն են ստորագրել Սոչիում համատեղ աշխատանքի արդյունքների վերաբերյալ: «Հասարակությունն ու լրատվամիջոցները կարող են ծանոթանալ այդ հայտարարությանը։ Դրանում ավելի մանրամասն շարադրված է այն, թե ինչով ենք զբաղվել և ինչի մասին ենք պայմանավորվել»,- ամփոփել է Ռուսաստանի նախագահը։

Կրեմլում հստակեցրել են, որ Ալիևին և Փաշինյանին տրվող նվերները, որոնց մասին հիշատակել է Պուտինը, ոսկե ձիթենու ճյուղի տեսքով արձանիկներ են: «Ձիթենին խորհրդանշում է խաղաղություն, հաղթանակ, ուրախություն, առատություն, մաքրություն, իմաստություն և անմահություն։ Դա օրհնյալ ծառ է անտիկ, հրեական, քրիստոնեական և իսլամական ավանդույթներով»,- պարզաբանել են Կրեմլում։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter