HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյան. Սոչիի հանդիպման մասնակիցները քննարկել են բոլոր հարցերը, որոշների պարագայում չկա տարընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը բաց քննարկել են բոլոր հարցերը և որոշների պարագայում չկա տարընթերցում։

«Մենք շատ դրական զրույց ունեցանք։ Մենք քննարկեցինք օրակարգի գրեթե բոլոր հարցերը։ Ուզում եմ նշել, որ շատ հարցերի շուրջ հստակեցվել են դիրքորոշումները և պարզվել է, որ որոշ հարցերի շուրջ տարընթերցումներ չկան, ինչպես թվում էր մինչ այդ հանդիպումը»,- ասել է Փաշինյանը։ 

Այդպիսի հարցերի շարքում նա նշել է տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։ «Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման հարցում մենք գրանցել ենք, որ ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես այդ հաղորդակցությունները կաշխատեն»,- նշել է նա։ Պուտինի և Ալիևի հետ հանդիպումը Հայաստանի վարչապետը բնորոշել է որպես «շատ դրական»։ «Դա հանդիպում չէր նրա համար, որ թաքցվեն խնդիրները։ Դա հանդիպում էր, որտեղ մենք բացահայտ քննարկում էինք բոլոր հարցերը»,- ընդգծել է Փաշինյանը։ 

Նա հայտարարել է, որ սահմանին անհրաժեշտ է ստեղծել անվտանգության մեխանիզմներ՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու համար։ «Սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի թեման նոր չէ։ Մենք քննարկել ենք այդ հարցը և ընդունել եռակողմ հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է ստեղծել սահմանին անվտանգության և կայունության անհրաժեշտ պայմաններ ու մեխանիզմներ»,- ասել է Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Սոչիում այսօր ընթանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով սահմանված կետերի իրագործման ընթացք։ Այն տևել է մոտ երեք ժամ։ Հանդիպման ավարտից հետո Ռուսաստանի նախագահն այն անվանել էր «օգտակար և ճիշտ ժամանակին», ինչպես նաև հույս հայտնել, որ կողմերը կհետևեն պայմանավորվածություններին։

Լուսանկարը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter