HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների 39%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքը 2021 թվականի առաջին ինն ամիսներին զգալի աճել է 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, սակայն դեռևս չի վերադարձել 2019-ի մակարդակին։ Հայաստան են գալիս առավելապես Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկներ։ 

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 609 775 օտարերկրյա զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երբ ՔՈՎԻԴ-19 համավարակի տարածման հետևանքով զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվեց, այս տարի նրանց հոսքը աճել է 88.2%-ով: 

Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 1 459 152 զբոսաշրջիկ: 

Վիճկոմիտեն այս տարվանից հրապարակում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աշխարհագրական բաշխվածությունը։ Տվյալները վկայում են, որ զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը Ռուսաստանից է: 

Մասնավորապես, հունվար-սեպտեմբերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 39%-ը՝ 238 008 զբոսաշրջիկ, Ռուսաստանի քաղաքացիներ են: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է:

Վիճկոմիտեն զբոսաշրջիկների թվի աշխարհագրությունը դասակարգում է ըստ նրանց քաղաքացիության: Այդ է պատճառը, որ այս տարի ժամանած զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են՝ 125 324 հոգի: Այսինքն՝ նրանք բնակվում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն և նշված ժամանակահատվածում Հայաստան են ժամանել զբոսաշրջության նպատակով: Նրանց թիվը այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 44.6%-ով աճել է:

Երրորդ տեղում Իրանն է: Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիների թիվը կտրուկ աճել է՝ 5.1 անգամ և կազմել 68 830:

Այս ընթացքում 19%-ով կրճատվել է Հայաստան ժամանած վրաստանցիների թիվը և կազմել 41 295: 

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ցանկում հնգյակը եզրափակում են ԱՄՆ-ի քաղաքացիները։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին նրանց թիվը կազմել է 24 347, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 6.4 անգամ։ 

Հայաստան այցելած զբոսաշրջիկների առաջին տասնյակում են հայտնվել նաև Ուկրաինայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների քաղաքացիները: Բոլոր երկրների գծով էլ աճ կա: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում: 

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter