HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Pegasus-ի ստեղծողները պնդում են՝ իրենք տեխնոլոգիան տվողն են, պատվիրատուն է կիրառում այն

Իսրայելական NSO Group-ը, որը մշակել է սարքավորումների կոտրման և գաղտնալսման Pegasus ծրագրային ապահովումը, հայտնում է, որ կազմակերպությունը միայն տրամադրում է տեխնոլոգիան, իսկ դրա գործարկումն ու տվյալների հավաքումն իրականացվում է պատվիրատուի կողմից։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ընկերությունը։ 

«NSO Group-ը ծրագրային ապահովման մատակարար է։ Մենք չենք օգտագործում տեխնոլոգիան և չունենք մեր հաճախորդների կողմից հավաքված տվյալներին հասանելիություն»,- նշվում է հարցման պատասխանի մեջ, որն ստորագրված է կազմակերպության ներկայացուցիչ Լիրոն Բրուքի անունով։ 

Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք ՀՀ պետական որևէ մարմին հանդիսանում է իսրայելական ընկերության հաճախորդ և եթե այո, ապա, որ մարմինն է դա և երբվանից է օգտվում ընկերության ծառայությունից, Pegasus-ի ստեղծողները հրաժարվել են տրամադրել այդ տեղեկատվությունը։ «Պայմանավորված պայմանագրային և ազգային անվտանգության նկատառումներով՝ NSO-ն չի կարող հաստատել կամ ժխտել մեր ներկա կամ նախկին պետական պատվիրատուների ինքնությունը»,- հայտնել է ընկերությունը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում Pegasus-ի թեման հայտնվեց այն ժամանակ, երբ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Apple ընկերությունից նամակ է ստացել, որտեղ նշվում է, թե հնարավոր է՝ պետության կողմից հովանավորվող հաքերները թիրախավորել են իր հեռախոսը։ Վանեցյանի պնդմամբ՝ իրեն և իր ընտանիքի անդամներին ՀՀ իշխանությունները գաղտնալսել են Pegasus ծրագրով, ինչի վերաբերյալ ինքը ապացույցներ ունի։ Ավելի ուշ, Apple ընկերությունից նման հաղորդագրության ստացման մասին հայտարարել էին նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ 

Ավելի վաղ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ դժվար է պարզել հարձակումը պատվիրողին, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործում է հետևյալ սխեման. պատվիրատուն NSO Group-ին տրամադրում է պոտենցիալ թիրախի վերաբերյալ տվյալները, իսկ ընկերության հաքերները սկսում են նրա սարքավորման կոտրման գործընթացը։ Ընկերության պատասխանից ստացվում է, որ իրականում հակառակն է. իրենք պետական մարմիններին միայն տրամադրում են տեխնոլոգիան, իսկ դրա գործարկումը, սարքավորումների կոտրումը, տվյալներին հասանելիություն ստանալն ու գաղտնալսումն իրականացնում են պատվիրատու պետությունների պետական մարմինները, հավանաբար, այդ երկրների հատուկ ծառայությունները։

Պապյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 10 անձի սարքավորում, որոնք ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության են տիրապետում, գտնվել են կամ գտնվում են Pegasus-ի ներթափանցման տակ։ «Նրանք ոչ բոլորը կապ ունեն հենց քաղաքականության հետ, բայց կարող են տիրապետել պետական գաղտնիքի»,- հավելել էր նա։

Այդուհանդերձ, Արթուր Պապյանը հրաժարվել էր նշել այդ մարդկանց անունները՝ հավելելով, որ իրականում գրեթե անհնար է հասկանալ, թե որ կողմի պատվերով է իրականացվել հարձակումը՝ ներքին, թե արտաքին։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ հարձակումն իրականացրած լինի նաև Ադրբեջանը, որի անունը ի սկզբանե շրջանառվել էր նաև լրագրողական հետաքննության մեջ։

Դեռ այս տարվա հուլիսին լրագրողական 17 կազմակերպությունների իրականացրած հետաքննության արդյունքում, որը գլխավորում էր ֆրանսիական Forbidden Stories-ը, հայտնի դարձավ, որ մի քանի երկրների իշխանություններ զանգվածաբար հետևել են լրագրողների, իրավապաշտպանների և փաստաբանների՝ իսրայելական NSO Group ընկերության Pegasus լրտեսական ծրագրի օգնությամբ։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել վտանգավոր հանցագործներին և ահաբեկիչներին հետևելու համար ու հասանելի է միայն պետական իշխանության մարմիններին։

Pegasus-ը վնասակար ծրագիր է, որը ներթափանցում է iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումներ և հնարավորություն տալիս հասանելիություն ունենալ մեսինջերների հաղորդագրություններին, էլեկտրոնային փոստին, լուսանկարներին, տեղակայման մասին տվյալներին, ինչպես նաև ակտիվացնել ֆոտոխցիկը և միկրոֆոնը, առանց օգտատիրոջ իմացության։ 

Պոտենցիալ թիրախների թվում հայտնվել էր ավելի քան 50 հազար մարդ։ Լրագրողները կարողացել էին առանձնացնել 50 երկրների ավելի քան 1000 մարդու տվյալներ, որոնցից 65-ը ընկերությունների ղեկավարներ էին, 85-ը՝ իրավապաշտպաններ, մոտ 600-ը՝ քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, ներառյալ նախարարներ, դիվանագետներ, զինվորականներ, պետությունների ղեկավարներ և վարչապետներ, ինչպես նաև 189 լրագրող։ Թիրախում հայտնված հայտնի քաղաքական գործիչների թվում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (պատվիրվել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից), Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։

Լուսանկարը՝ Shutterstock/Mundissima-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter